Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը գործնականում առաջարկում է հրաժարվել մի բանից, որի մասին ինքը ծպտուն չի էլ հանում. «Փաստ»

Դեկտեմբեր 16,2025 09:00

«Արևմտյան Ադրբեջանի» հարցը կամ ավելի ճիշտ՝ նախագիծը Ալիևի կամ Ադրբեջանի կողմից մշակված պետական ծրագիր է: Այն իրականացվում է պետականորեն, ադրբեջանական պետական միջոցների ու ռեսուրսների ներգրավմամբ, հանգամանորեն ստրուկտուրիզացված դրսևորումներով («արևմտյան ադրբեջանցիների» խորհուրդ, համանուն հեռուստաընկերություն, Ադրբեջանի խորհրդարանի ներգրավում և այլն):

Իսկ ֆիզիկական բնաջնջման և ուժի սպառնալիքի պայմաններում բռնագաղթած արցախցիների՝ հազարամյակներով հայկական Արցախ վերադարձի անկապտելի իրավունքը Հայաստանի, իմա՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանությունը ոչ մի հարթակում, ոչ մի տարբերակով չի բարձրացնում, չի պաշտպանում, հետամուտ չի լինում: Ավելին, Փաշինյանի իշխանությունը ամենակոպիտ ու անընդունելի, ամենից հակաժողովրդավարական ու ռեպրեսիվ մեթոդներով ուղղակիորեն հալածում է այն գործիչներին, այն ազգային կառույցները, որոնք բարձրացնում են այդ հարցը:

Չմոռանանք, որ Հայ առաքելական եկեղեցու դեմ Փաշինյանի արշավանքն ու այլանդակ «բառապաշարով» ատելության քարոզը սկսվեցին այն բանից հետո, երբ Ամենայն հայոց կաթողիկոսը Բեռնում (Շվեյցարիա) ունեցած ելույթում ընդգծեց Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության, հուշարձանների պահպանության և Արցախի հայության՝ վերադարձի իրավունքի մասին: Ի դեպ, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը և Շվեյցարիայի բողոքական եկեղեցին «Կրոնական ազատություն. հայկական հոգևոր, մշակութային և պատմական ժառանգության պահպանումը Արցախում/Լեռնային Ղարաբաղում» խորագրով միջազգային համաժողովն էլ կազմակերպել էին Գարեգին Երկրորդի առաջարկով:

Սա է Փաշինյանի իշխանության կողմից Հայ առաքելական եկեղեցու վրա հարձակվելու պատճառներից մեկը: Բայց չշեղվենք:

Պարզապես ընդգծենք նաև ակնհայտ տարբերությունը. այսպես կոչված՝ «Արևմտյան Ադրբեջանի» հարցը ադրբեջանական իշխանությունները բարձրացնում են պետականորեն, պետական ամենաբարձր մակարդակով: Իսկ Արցախի հայության վերադարձի իրավունքի հարցը եթե միջազգային հարթակներում հնչում էլ է, ապա բացառապես հասարակական, ոչ իշխանական ընդդիմադիր շրջանակների (օրինակ՝ ՀՅԴ Հայ դատի կառույցներ), օտարերկրացի գործիչների (օրինակ՝ ԱՄՆ սենատորներ) ջանքերով: Զգացեք տարբերությունը, ինչպես ասվում է: Փաշինյանը գործնականում առաջարկում է հրաժարվել մի բանից, որի մասին ինքը ծպտուն չի էլ հանում:

Իսկ «Արևմտյան Ադրբեջան» հասկացություն, մեծ հաշվով, արդի քաղաքական հարթության վրա չկա: Չկա ո՛չ պատմագիտական կամ պատմական, ո՛չ էլ քաղաքական ու քաղաքագիտական առումներով: Եթե կա էլ, ապա դա հաստատ այն չէ, ինչ նկատի ունեն Ալիևն ու ադրբեջանական հակահայ վարչախումբը: Արևմտյան Ադրբեջանը Իրանի Իսլամական Հանրապետության օսթաներից (նահանգ կամ մարզ) մեկն է, որը գտնվում է ԻԻՀ հյուսիս-արևմուտքում, և այն, բնականաբար, ոչ մի կապ չունի ժամանակակից Հայաստանի, առավել ևս՝ Ալիևի նկատի ունեցած ու մոգոնած «Արևմտյան Ադրբեջանի» հետ:

Այնպես որ, երբ Ալիևը հայտարարություններ է անում իր քաղաքացիների՝ «Արևմտյան Ադրբեջան» «վերադառնալու» վերաբերյալ, դա ուղղակիորեն շանտաժ է՝ Հայաստանի Հանրապետությունը ադրբեջանցիներով հեղեղելու կամ գրավելու նպատակով: Իսկ Նիկոլ Փաշինյանը գործնականում տեղի է տալիս այդ ճնշումներին և ուղիղ հակադարձելու փոխարեն սկսում է խոսել… բռնագաղթեցված արցախցիների վերադարձի իրավունքի հարցը առմիշտ փակելու մասին:

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031