2026-ի ԱԺ ընտրություններին ընդառաջ ՀՀ իշխանությունները, ըստ էության, բացահայտորեն պատրաստվում են զանգվածային բռնաճնշումների, եւ որպեսզի դրանց վրա ԵՄ-ն աչք փակի, փորձում են ներկայացնել, թե հիբրիդային պատերազմ է ընթանում իրենց դեմ, եւ իրենց օգնություն է հարկավոր, որ Ռուսաստանի գործոնը չեզոքացնեն։ Վերջերս հայտնի դարձավ, որ ԵՄ-ն պատրաստվում է 12 միլիոն եվրո աջակցություն տրամադրել Հայաստանին՝ «օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիայի եւ միջամտության դեմ պայքարելու եւ կիբերանվտանգության համար»։
Ինքնիշխանության մասին բարձրագոչ հայտարարություններ անող իշխանության ներկայացուցիչների` ԵՄ-ին ուղղված այս հայտը, ըստ քաղաքագետ Սուրեն Զոլյանի, ցույց է տալիս, թե ինչ մակարդակի վրա է մեր ինքնիշխանությունը, երբ ինքներս չենք կարողանում այդ հարցերը կարգավորել, ինքներս մեզ պաշտպանել ու դիմում ենք «շեֆերին»՝ ընդգծելով մեր «ստորադաս» վիճակը: «Այս դիմումը նախեւառաջ վիրավորական է մեր պետականության տեսանկյունից»,- ասում է Զոլյանը։
Տրամաբանորեն կարելի էր դիմել ոչ թե ԵՄ-ին, այլ՝ ԵԱՀԿ-ին կամ այլ կազմակերպությունների, որի անդամ է մեր պետությունը, եւ խնդրանքն էլ վերաբերեր դիտորդական առաքելության հարցին։ Բայց ակնհայտ է, որ այսպիսով մտնում է մի դաշտ, որը տանում է առճակատման։ Սա էժանագին հնարք է․ Հայաստանն այսօր ցույց է տալիս, որ միջազգային ոլորտում միակ բանը, որ կարող է ներկայացնել, այն է՝ դառնալ հակառուսական գործընթացի բաղադրիչ մաս, որն առանձնապես չի ընդունվում, քանի որ Հայաստանի կշիռն այն չէ, որ ի վիճակի լինի վնաս հասցնել ՌԴ-ին, մինչդեռ հակառակը հաստատ կարող է լինել, որովհետեւ Ռուսաստանն ինչքան էլ որդեգրել է փղի եւ շնիկի պատմությունը, որ թող ինչքան ուզում է շնիկը հաչա, միեւնույն է՝ մի օր դա իր հետեւանքն ունենալու է»,- ասաց քաղաքագետը՝ ընդգծելով, որ այն տնտեսական կապերը, որ առկա են Հայաստանի եւ ՌԴ-ի միջեւ, կարող են խզվել եւ տհաճ հետեւանքներ ունենալ մեր տնտեսության վրա։ Նա շեշտեց նաեւ՝ քանի դեռ ՌԴ-ն 102-րդ ռազմաբազայով եւ սահմանապահ ծառայողներով ներկայացված է Հայաստանում, իր կարծիքով, որեւէ հիբրիդային պատերազմի անհրաժեշտություն Ռուսաստանը չի տեսնի։
Զոլյանին այս գործընթացը հիմնավոր կասկածի տեղիք է տալիս, որ իշխանության դեմ ցանկացած քննադատի այսուհետ կարող են ներկայացնել օտար պետության գործակալ եւ հիբրիդային պատերազմի անվան տակ չեզոքացնել նրանց, հալածանքների ենթարկել, ինչպես ականատես ենք լինում, դիցուք` Վեհափառի պարագայում: Հակառակ դեպքում, եթե իշխանությունների խնդիրն իսկապես հիբրիդային պատերազմի դեմ պայքարն է, ապա կարող էր միայնակ էլ օրենսդրական դաշտում որոշ փոփոխություններով պայքարել դրա դեմ․ «Ես մի առաջարկ ունեմ, շատ են խոսում արտասահմանյան գործակալների մասին, եթե դրանք իսկապես կան, թող ընդունվի օրենք նրանց մասին` ինչպես Վրաստանն է ընդունել, եւ հայտարարագրեն, թե որտեղից են գումարները։ Թե չէ՝ հիմա հայտարարվում է, թե կաթողիկոսը Ռուսաստանի ավագ լեյտենանտից ֆինանսավորում է ստանում։ Այդպիսի անհեթեթ բաներ։ Եթե իսկապես հիբրիդային պատերազմ է գնում, թող ընդունեն, ինչպես արեց Վրաստանը, եւ տեսանք ԵՄ-ի արձագանքը, հիմնական առճակատումը հենց դրանից հետո եղավ»։ Խոսելով ԵՄ-ի պատրաստակամության մասին, որ 12 միլիոն եվրո աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիայի եւ միջամտության դեմ պայքարի ու կիբերանվտանգության համար, քաղաքագետը նկատեց․ «Փաստորեն, ՀՀ-ն է պաշտոնապես դիմում՝ դառնալու օտարերկրյա ագենտ, խոստովանելով, թե ինչ դերակատարում պետք է կատարի»։
Կարդացեք նաև
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:


















































