Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու չի ավարտվում «Հին Երևանի» կառուցապատումը. «Հետք»

Դեկտեմբեր 16,2025 11:12

«Հետք». «Հին Երևան» նախագծում ընդգրկված 21 շենքերից մինչ օրս կառուցվել է 3-ը: Այսինքն` կառուցապատման իրենց լոտերն ավարտել են երկու տեղական ընկերությունները` «Սերգե-Ագոպիգ Դեր-Սահագուլյան» և «Սթարլայն» ՍՊԸ-ները: Մեկը` Արամի փողոցից, երկուսը` Բուզանդի: Սակայն ավարտական ակտ դեռևս որևէ կառույց չունի` չնայած այդ շենքերում արդեն գործող բիզնեսներ կան:

«Հին Երևան» նախագծի հեղինակ Լևոն Վարդանյանը կառուցապատման ձգձգման գլխավոր պատճառ է համարում տարածքների իրացումը. տարբեր սեփականատերեր աստղաբաշխական գումարներ են ուզում իրենց տարածքների օտարման համար, ինչի պատճառով էլ մինչ օրս «Հին Երևան»-ը չի կառուցվել:

«Ամեն մի հայ մտածում է` այս առիթն օգտագործի և դառնա միլիոնատեր: Գույքեր կան, որ քմ-ը 6000-7000 դոլար են ուզում»,-ասում է Լևոն Վարդանյանը և օրինակ բերում Պուշկին փողոցում արդեն իսկ կառուցված և պատրաստի համալիրում քառակուսի մետրի արժեքը` առավելագույնը 4000-5000 դոլար:

Ըստ ճարտարապետի, այն 3 կտորները, որոնք իրականացված են, ժամանակին տեղացի ներդրողներն արագ կողմնորոշվել և ձեռք են բերել գույքերը` շուկայական արժեքից մի փոքր ավել առաջարկելով սեփականատերերին, այդ պատճառով իրացման խնդիրներ չեն ծագել: Սակայն հենց այդ շենքերը սկսեցին կառուցվել, շրջակա բնակիչների «ախորժակը», ինչպես բնութագրում է ճարտարապետը, բացվել է, և մեծ գումարներ են ուզում ստանալ կառուցապատողից:

Լևոն Վարդանյանն ասում է, որ այս հատվածում բազմաբնակարան բնակելի շենքեր չեն կառուցվելու, սրանք առավելագույնը վերգետնյա 4 հարկից բաղկացած հասարակական տարածքներ են, ուստի մատների վրա կարելի է ներդրողներ գտնել: Այս նախագծի իրականացումն ինքնին թանկարժեք է, քանի որ հուշարձան շենքեր են, որոնք պետք է վերակառուցվեն կամ վերստեղծվեն: Ֆինանսապես ծանր ծրագիր է: Մինչդեռ բազմաբնակարան շենքերի կառուցապատողները շահում են, քանի որ արագ կառուցում ու վաճառում են իրենց բնակարանները:

Երևանի քաղաքապետարանը մեզ հայտնել է, որ նախագծի ազդեցության գոտում ընդգրկված են եղել ինչպես 3-րդ անձանց, այնպես էլ համայնքին պատկանող գույքեր։ Օրինակ՝ տարածքում գտնվող Արամի 9 շենքը նույնպես պատկանել է 3-րդ անձանց և օտարման գործընթացի արդյունքում ներկայումս պատկանում է «Հին Երևան» համալիրի կառուցապատող «Օլդ Սիթի» ՓԲԸ-ին։ Այս շենքի օտարման գործընթացին «Հետքը» ժամանակին անդրադարձել է:

Քաղաքապետարանը հայտնել է, որ տարածքում դեռևս իրացված չէ 31 գույք, որոնց վերաբերյալ կան դատական հայցեր:

Լևոն Վարդանյանը թերահավատ է, որ ծրագիրն իր կենդանության օրոք կավարտվի: «Ինչ հանգուցալուծում է տեսնում» հարցին պատասխանում է. «Համենայնդեպս, ես սրա ավարտը չեմ տեսնելու, դա 100 %։ Աղջիկս կշարունակի»: Նա է տարածքի ու հուշարձանների ուսումնասիրությունները կատարել, ամբողջությամբ տեղյակ է նախագծին:

Այնուամենայնիվ, ճարտարապետը վստահ է, որ «Հին Երևանը» մի օր կավարտվի, «որովհետև տեղում կանգնած հուշարձան շենքեր կան»:

«Տեղում 7 հուշարձան կա, եթե գլխավոր պողոտա սարքեին, գոյություն ունեցող 7 հուշարձանները պետք է քանդվեին, այդ մասին ոչ ոք չէր խոսում»,- ասում է Լևոն Վարդանյանը:

Այս փուլում փորձում են Արամ-Բուզանդ փողոցների կառուցված հատվածի հարեւանությամբ գտնվող տարածքների սեփականատերերի հետ բանակցել և անցնել այդ կտորների կառուցապատմանը, որպեսզի ավարտեն գոնե մինչև Տերյանի խաչմերուկ հասնող լոտերի շինարարությունը։

Սակայն Բուզանդի 22 հասցում` բակային հատվածում գործող «13:20» բար-սրճարանի տարածքի սեփականատերը ոչ մի կերպ չի համաձայնում առաջարկվող փոխհատուցմանը և 7 մլն դոլար է ուզում իր տարածքի համար: «[Կառուցապատողը] Ինչ է սարքելու, որ այդքան տա»,- ասում է Լևոն Վարդանյանը և զարմանում, թե ինչպես է քաղաքապետարանը թույլ տվել այդ վթարային հատվածում սրճարանային բիզնես ծավալել:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031