Լրահոս
Օրվա լրահոսը

Կրոնը չի կարելի քաղաքականացել՝ ո՛չ պետության կողմից, ո՛չ էլ՝ Եկեղեցու. Սերովբե եպիսկոպոս Իսախանյան

Դեկտեմբեր 16,2025 12:44

Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Սերովբե եպիսկոպոս Իսախանյանի ֆեյսբուքյան գրառումը

ՊԵՏՈՒԹՅՈՒՆ եւ ԵԿԵՂԵՑԻ

Նախորդ գրության մեջ նշեցինք, որ Հայաստանն աշխարհի շատ ու շատ երկրների նման աշխարհիկ պետություն է, որում Պետություն-Եկեղեցի հարաբերությունները հիմնված են նրանց տարանջատման սկզբունքի վրա։ Թեեւ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցուն, նկատի ունենալով նրա յուրահատուկ դերը հայ ժողովորդի կյանքում, շնորհված են որոշ արտոնություններ, այնուհանդերձ պահպանված են հավասարակշռությունները եւ չեն խախտվում մնացած կրոնական հարանվանությունների իրավունքները։

Վերհիշենք աշխարհիկ պետության հիմնական սկզբունքները․

• Պետությունը կամ պետական մարմինները չեն միջամտում Եկեղեցու ներքին կառավարմանը։ Եկեղեցին ինքնավար է։
• Պետությունը չունի պաշտոնական կրոն։ Բոլոր կրոնական հարանվանությունները (նաեւ այսպես կոչված՝ անկրոնությունը) իրավականորեն հավասար են։ Յուրաքանչյուր մարդ ազատ է ընտրել, փոխել կամ չունենալ որեւէ կրոն։ Կրոնական խտրականությունը արգելված է օրենքով։
• Պետական դպրոցներում կրթությունը կրոնական չէ։ Կրոնի դասավանդությունը (ոչ բոլոր երկրներում) կարող է մաս կազմել ուսումնական ծրագրի։
• Պետական օրենքները գերակա են կրոնական կանոններից։
• Կրոնական նորմերը պարտադիր են միայն հավատացյալների համար եւ չեն կարող հակասել օրենքին։
• Եկեղեցին որեւէ կերպ չի մասնակցում պետական իշխանության իրականացմանը։

Թեեւ Պետությունը եւ Եկեղեցին տարանջատված են, այնուհանդերձ մի շարք բնագավառներում նրանք կարող են համագործակցել։

Օրինակ՝
• կրթություն եւ մշակույթ, ներառյալ հայեցի դաստիարակությունն ու հայապահպանությունը սփյուռքյան գաղթօջախներում,
• պատմամշակութային ժառանգության պահպանում,
• ընտանիք եւ բարոյականություն,
• բարեգործության եւ սոցիալական ծրագրեր,
• զինված ուժեր (հոգեւոր սպասավորություն), եւ այլ նմանատիպ ոլորտներ։

Իրավական պետության մեջ պետության կամ կառավարության ղեկավարը՝ լինի նախագահ, վարչապետ կամ այլ պաշտոնյա, չի կարող որեւէ պատճառաբանությամբ միջամտել Եկեղեցու (կամ այլ կրոնական կազմակերպության) ներքին գործերին, նույնիսկ եթե ինքն անձնապես նույն Եկեղեցու կամ դավանանքի հետեւորդ լինի։ Պետական պաշտոնյան գործում է ոչ թե որպես հավատացյալ, այլ որպես պետության ներկայացուցիչ եւ նրա քայլը դիտվում է պետական միջամտություն։ Իր անձնական հավատքը եւ դրանից բխող «բարոյական պարտավորությունը» չեն կարող դառնալ պետական լիազորություն։

Եկեղեցին, ինչպես նշեցինք, ունի ինքնուրույնություն, որը տարածվում է ներքին կառավարման, հոգեւոր սպասավորների, նաեւ բարձրաստիճան հոգեւորականների ու Եկեղեցու առաջնորդի ընտրության, ինչպես նաեւ նրանց անվստահություն հայտնելու կամ սպասավորությունը դադարեցնելու, ուսմունքի եւ դավանաբանական հարցերի վրա։ Եկեղեցու ինքնուրույնությունը պաշտպանված է սահմանադրությամբ եւ մարդու իրավունքների միջազգային նորմերով։ Պետական միջամտությունը խախտում է ոչ միայն Եկեղեցու, այլեւ հավատացյալների իրավունքները։

Սա չի նշանակում, որ Եկեղեցին կամ եկեղեցականներն ազատ են խախտելու օրենքը կամ գործելու օրենքից դուրս։ Պետությունը կարող է եւ պարտավոր է միջամտել, երբ հարցը դուրս է գալիս կրոնական ազատության սահմաններից եւ տեղափոխվում իրավական դաշտ։ Օրինակ՝ Եթե Եկեղեցու կամ այլ կրոնական կազմակերպության ներսում տեղի ունենա մարդու հիմնարար իրավունքների խախտում կամ քրեական հանցագործություն։ Նման դեպքերում Եկեղեցին չի կարող շահարկել խղճի կամ կրոնական ազատության սահմանադրական դրույթը, որովհետեւ այսպիսի դեպքերում Պետությունը ոչ թէ միջամտում է Եկեղեցու ներքին գործերին, այլ քննում է հնարավոր իրավախախտումները։ Բայց նման դեպքերում էլ միջամտությունը պետք է կատարվի իրավապահ մարմինների միջոցով եւ ոչ թե քաղաքական պաշտոն ունեցող որեւէ անձի կողմից։

Երբ Պետության ղեկավարը կամ բարձր պաշտոնյան սկսում է խառնվել եկեղեցու ներքին գործերին՝ «Ես էլ եմ հավատացյալ» կամ «Ես էլ եմ նույն եկեղեցուց» եւ կամ «Եկեղեցին պետք է այսպես վարվի» տրամաբանությամբ, ապա դա հստակորեն նշանակում է՝ աշխարհիկ պետության սկզբունքի խախտում, իշխանության չարաշահում։ Իսկ սա նշանակում է՝ պետության ղեկավարը չի կարող «ուղղորդել» եկեղեցուն, անգամ «բարոյական» կամ «ազգային շահի» հիմնավորմամբ։ Կրոնը չի կարելի քաղաքականացել՝ ո՛չ Պետության կողմից, ո՛չ էլ՝ Եկեղեցու։

Ոչ միայն պետությունն ունի սահմանափակումներ եւ պարտավորություններ Եկեղեցու հանդեպ, այլ նաեւ Եկեղեցին ու եկեղեցականները ունեն հստակ պարտավորություններ պետության ու հասարակության նկատմամբ։

Ինչպես վերը նշեցինք, սահմանադրությունն ու միջազգային օրենքները թույլ չեն տալիս Եկեղեցուն միջամտել պետական իշխանության գործերին կամ իրականացնել պետական իշխանություն։ Նաեւ եկեղեցականն անհատապես իրավունք չունի միջամտել պետական գործառույթներին։ Հոգեւոր իշխանությունը որեւէ կերպ իրավասու չէ փոխարինել քաղաքացիական իշխանությանը կամ մասնակցել պետական կառավարման գործընթացներին, խառնվել արտաքին կամ ներքին քաղաքականության իրականացմանը, պահանջել, որ պետական օրենքները համապատասխանեն կրոնական կանոններին։ Եկեղեցականը, ինչպես ցանկացած քաղաքացի, իրավունք չունի ոտնահարել պետական օրենքները, բռնության, ատելության կամ անհանդուրժողականության կոչեր անել կամ արդարացնել մարդու արժանապատվության խախտման ցանկացած դրսեւորում։

Եկեղեցին, ինչպես բազմիս նշվել է, վերկուսակցական հաստատություն է եւ ոչ մեկ իրավասություն ունի խառնվել նեղկուսակցական զարգացումներին։ Ըստ այդմ՝ հոգեւորականը իրավունք չունի՝ քարոզել որեւէ քաղաքական կուսակցության օգտին կամ Եկեղեցին օգտագործել որպես քաղաքական հարթակ։ Հոգեւորականն իրավասու չէ՝ առանց հրաժարվելու հոգեւոր աստիճանից ու սպասավորությունից, մասնակցել քաղաքական ընտրապայքարներին եւ ընտրություններին։ Քաղաքականություն մտնելը անցնում է հոգեւորականի կոչումից հրաժարվելու ճանապարհով։

Պետություն-Եկեղեցի հավասարակշռված հարաբերություններ հաստատելու բանաձեւն իրականում շատ պարզ է․ պետությունը չի կառավարում Եկեղեցին եւ չի խառնվում նրա ներքին կյանքին, իսկ Եկեղեցին չի միջամտում Պետության քաղաքական գործառույթներին։ Իսկ ամենակարեւորը՝ Երկուսն էլ գործում են օրենքի շրջանակում։

Իմ համեստ կարծիքով, Հայաստանի Հանրապետությունում վերջին շրջանում, մանավանդ Արցախյան պատերազմի ծանր պարտությունից եւ Արցախի վերջնական հայաթափումից հետո, Պետություն-Եկեղեցի փոխհարաբերությունների վնասակար լարվածությունն արդյունք է Պետություն-Եկեղեցի տարանջատվածության երկուստեք խախտումների։

Պետական ամենաբարձր պաշտոնյաները, ի պատասխան որոշ եկեղեցականների քաղաքական բնույթի հայտարարությունների եւ քաղաքական հայտ ներկայացնելու դրսեւորումների, սկսեցին հանրային հայտարարություններով, հաճախ նաեւ ոչ պատշաճ բառապաշար օգտագործելով, թիրախավորել այս կամ այն հոգեւորականին եւ նաեւ Ամենայն Հայոց Կաթողիկոսին, ով 44-օրյա պատերազմի դաժան պարտությունից հետո հորդորել էր ՀՀ վարչապետին հրաժարական ներկայացնել։ Կարելի է ընդունել կամ մերժել Կաթողիոկսի հորդորը, այն համարել հայրական հորդոր կամ քաղաքական պահանջ, բայց դա կարելի էր եւ կարելի է անել պատշաճ բառամթերքի ընտրությամբ։

Հանուն ճշմարտության պետք է մատնանշել, որ նաեւ մենք՝ եկեղեցականներս, երբեմն մեզ թույլ տվեցինք մեր կարգին ու կոչմանը ոչ հարիր բառապաշարի օգտագործում եւ քաղաքական տարաբնույթ հայտարարություններ, ուղղակի կամ անուղղակի ներգրավվածություն քաղաքական զարգացումների մեջ, որոնք դուրս եկան մեր իրավասությունների սահմաններից։ Մեզանից ոմանք սկսեցին արժեքային ու քաղաքական բնութագրումներ տալ պետական իշխանության գործողություններին, որոնք կարող էին ընկալվել եւ ընկալվեցին որպես քաղաքական դիրքավորում, որն էլ խաթարեց Եկեղեցու քաղաքական եւ կուսակցական չեզոքությունը։

Վերոշարադրյալի արդյունքում այժմ առաջացել է մի վտանգավոր փոխադարձ հակազդեցություն, որը մեզ բերել հասցրել է անելանելի թվացող մի փակուղու դեմ հանդիման։ Այնուհանդերձ բարի կամքի դրսեւորման պարագայում, միշտ կարելի է գտնել երկուստեք ընդունելի լուծումներ։ Ժողովուրդն ասում է՝ «Հույսը վերջինն է մեռնում», իսկ Աստվածաշունչը վկայում է՝ «Հույսը երբեք չի ամաչեցնում»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031