Այս պահի դրությամբ ՀՀ քաղաքացիություն է ստացել Արցախից բռնի տեղահանված 26233 հազար անձ․ 16919 չափահաս, 8314 անչափահասներ են։ Մշակման փուլում գտնվում է 6696 անձի տվյալ։ Այս մասին ԱԺ արտահերթ նիստում ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը՝ պատասխանելով իշխանական խմբակցությունը ներկայացնող պատգամավոր Բաբկեն Թունյանի այն դիտարկմանը, որ խոսակցություններ կան՝ ՀՀ-ն մերժում է արցախցիներին քաղաքացիություն եւ ՀՀ անձնագիր տրամադրել։
Ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանն էլ նկատեց՝ Բաբկեն Թունյանի բարձրաձայնած հարցը կա, նաեւ վերաբերմունքի մասով որոշակի խնդրահարույց դեպքեր են եղել․ ինքն առայժմ չի բարձրաձայնում, թե ո՞ր անձնագրային բաժինների մասին է խոսքը, քանի որ զգուշացումներ են եղել, հուսով են՝ հարցը կկարգավորվի։
Գառնիկ Դանիելյանի հիմնական մտահոգությունը վերաբերվում էր նրան, որ տասնյակ հազարավոր բռնագաղթածներ բնակարան չեն ստացել, տարբեր պատճառներով չեն օգտվել կառավարության բնակապահովման ծրագրից․ «Տրված գումարը չի բավարարում, որպեսզի մարդիկ կարողանան լուծել իրենց բնակարանային խնդիրները»։
Ընդդիմադիր պատգամավորը հավելեց՝ 26 հազար մարդ է ստացել քաղաքացիություն, նրանցից 3600-ից ավելի ընտանիք է ստացել հավաստագիր կամ գնել բնակարաններ․ 90 հազար բռնագաղթածները ինչո՞ւ չեն վերցնում հավաստագրերը․ «Վերջերս մենք ռեպորտաժ տեսանք, որ մեր արցախցի հայրենակիցը մեքենայի մեջ է քնում։ Խնդիրը պետք է հասկանանք ի՞նչն է, որ ռեալ լուծումները տանք»։
Կարդացեք նաև
Դավիթ Խաչատրյանը պարզաբանեց՝ գլխավոր պատճառը քաղաքացիություն չստանալու հետ է կապված․«Մենք ունենք բազմաթիվ դեպքեր, որ չեն դիմել քաղաքացիության համար, բայց դժգոհում են, որ գումարը չի բավարարում։ Նախ պետք է ստանալ քաղաքացիություն, հետո անցնել այն ճանապարհը, որ 1600 մեր հայրենակիցների ընտանիքներ անցել են եւ իրականացրել իրենց իրավունքը»։
Նա մանրամասնեց՝ 250 բնակավայր կա, որտեղ արցախցիների ընտանիքի մեկ անդամի աջակցության չափը կազմում է 5 մլն դրամ․ իր կարծիքով, պետք է օգտվել դրանից։
Այս հարցերը խորհրդարանում քննարկման առարկա դարձան ՀՀ-ի՝ նոր վարկային համաձայնագրի համատեքստում։ ԱԺ արտահերթ նիստում փոխնախարարը ներկայացնում էր ՀՀ-ի եւ Ասիական զարգացման բանկի միջեւ վարկային համաձայնագիրը՝ հզորացման, զարգացման, բնակարանային բարեփոխումների համար։ Փոխնախարարի ներկայացմամբ՝ դա արվում է Արցախից բռնի տեղահանվածների բնակապահովման հարցերը կարգավորելու համար։ ՀՀ-ն 250 միլիոն ԱՄՆ դոլար վարկ է վերցնում, 4, 84 տոկոսով, 27 տարի ժամկետով, որոնցից առաջին տասը տարին արտոնյալ ժամկետ է սահմանվում։ 2035 թվականից վարկի մարումները կատարվելու են հավասարաչափ։
Փոխնախարարը նաեւ տեղեկացրեց, որ 3810 ընտանիք հավաստագիր է ստացել, նրանցից 1631-ը տուն կամ բնակարան է ձեռք բերել։ 2024-2025 թվականին բյուջեից 65 միլիարդ դրամ է ծախսվել արցախցիների բնակապահովման եւ սոցիալական այլ վճարների ծախսերին։ 2025-2026 թվականների բյուջեով այդ գումարը 105 միլիարդից ավել կլինի։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































