«Այստեղ որևէ միջամտության հարց չի կարող լինել ՀՀ ներքին գործերին, քանի որ սա փորձի փոխանակման շրջանակներում է տեղի ունենում»,-փաստմանը՝ ընդդիմադիր գործիչները համարում են, որ ԵՄ-ն այդ քայլով ուղիղ միջամտելու է պետության ներքին գործերին և հարցին՝ ի՞նչ ռիսկեր է իշխանությունը տեսնում, որ դիմել է ԵՄ-ին աջակցության խնդրանքով, լրագրողների հետ ճեպազրույցում այսպես պատասխանեց ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Եվրահանձնաժողովի ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը տեղեկացրել էր, որ ԵՄ-ն պատրաստվում է 12 միլիոն եվրոյի աջակցություն տրամադրել Հայաստանին երկրում 2026 թվականի ամռանը կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ հնարավոր հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու, ինչպես նաև կիբեռանվտանգությունն ամրապնդելու հարցով:
Սարգիս Խանդանյանն ասաց, որ երկրի ներքին գործերի մեջ խառնվելու ցցուն շատ օրինակներ են տեսնում։ Հարցին՝ «հիբրիդային հարձակումներ» ասածը իշխանությունը դիտարկում է միայն ՌԴ-ի՞ն, ՔՊ-ական պատգամավորը պատասխանեց․ «Հիբրիդային հարձակումները ոչ միայն դրսից են լինում, այլև ներսից են ենթարկում ՀՀ ժողովրդավարությունը սպառնալիքի»։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ Դուք կիսո՞ւմ եք ԵՄ պաշտոնյաների այն կարծիքը, որ ուղիղ ՌԴ-ից են գալիս այդ վտանգները, իշխանությունը համաձա՞յն է նրանց հետո, Սարգիս Խանդանյանը պատասխանեց․ «Չեմ պնդում, որ միայն ՌԴ-ից են գալիս այդ սպառնալիքները։ Ռուսական պետական ալիքների հայտնի դեմքերի մտքերն ու արտահայտությունները ՀՀ-ի, ՀՀ-ի ժողովրդավարության նկատմամբ, այո, կարող ենք արձանագրել, որ դա ևս ՀՀ-ի ժողովրդավարության դեմ ձեռնարկվող որևէ քայլ է։ Միանշանակ ու միակողմանի պետք չէ հարցը դիտարկել։ Այդ խնդիրները տարբեր կողմից են այդ թվում՝ երկրի ներսից»։
Կարդացեք նաև
Լրագրողների հարցին՝ «դրսից մա՞րդ եք բերում»՝ ԵՄ-ից օգնություն խնդրելով, Սարգիս Խանդանյանն արձագանքեց․ «Դրսից մարդ չենք բերում, ՀՀ-ն համագործակցում է ԵՄ-ի հետ ի թիվս այլ թեմաների, նաև ՀՀ ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման ուղղությամբ, այդ թվում՝ նմանատիպ սպառնալիքների դեմ պայքարելու համար եվրոպական գործիքակազմից օգտվելու համար»։
Հարցին՝ ՀՀ-ն իր ֆինանսական ներուժով չի՞ կարող պայքարել, ՔՊ-ական պատգամավորն ասաց՝ խոսքը միայն ֆինանսական ռեսուրսների մասին չէ, այլ մեթոդաբանության և գործիքների։ Հստակեցմանը՝ գործիքակազմը ո՞րն է, պատգամավորը պատասխանեց․ «Այդ գործիքակազմի մասնագետ չեմ, բայց ապատեղեկատվության դեմ ինչպե՞ս են պայքարում։ Օրինակ՝ պայքարում են պետական մարմինների տարբեր կառույցների ռազմավարական հաղորդակցությունն ավելի լավացնելով, լրատվամիջոցներին աջակցելով, որ լրատվամիջոցներն ավելի դիմակայուն լինեն»։
Հարցին՝ դիմակայունություն նշանակում է պրոարևմտյան քաղաքականությո՞ւն վարել, Սարգիս Խանդանյանը պատասխանեց․ «Դիմակայունություն նշանակում է, որ ժողովրդավարությունը սպառնալիքներից չի ընկճվում»։
Հարցին՝ ե՞րբ է ԵՄ-ն հատկացնելու 12 միլիոն եվրոյի աջակցությունը, Սարգիս Խանդանյանը պատասխանեց․ «Չեմ կարծում, որ մեկ բանկային փոխանցմամբ գումար են փոխանցելու, գուցե դասընթացներ լինեն, լրատվամիջոցների, ՀԿ-ների ներգրավվածություն լինի։ Դրանք որոշակի ծախսերի համար նախատեսված միջոցներ են, որ ԵՄ-ն ցանկանում է հատկացնել»։
Այն, որ Իրանից մտահոգություն են հայտնում TRIPP-ի հետ կապված՝ մասնավորապես՝ մտահոգություններ կան, որ նախագիծը կարող է իրականացվել «Զանգեզուրի միջանցքի» տրամաբանության մեջ և որ վտանգ կա, որ ՆԱՏՕ-ի միջամտություն կարող է լինել և հարցին՝ ի՞նչն է Իրանի դիրքորոշման կոշտացման պատճառը, Սարգիս Խանդանյանը պատասխանեց․ «TRIPP-ը շարունակում է մնալ ենթակառուցվածքային և որոշ առումով բիզնես նախագիծ։ Հայ-ամերիկյան երկկողմ նախագիծ է․ անվտանգության որևէ բաղադրիչ չկա, դրա նպատակն է ՀՀ-ում ենթակառուցվածքների զարգացումն ու տարածաշրջանային ապաշրջափակումը։ Իրանի մեր գործընկերների հետ տարբեր մակարդակներում հաղորդակցություն իրականացվում է։ Եթե լինում է որևէ անհանգստություն, ՀՀ-ն օպերատիվ արձագանքում է։ ՀՀ-ում չի կարող լինել ՆԱՏՕ-ի ներկայություն, ՀՀ-ն որևէ հավակնություն չունի ՆԱՏՕ-ին անդամակցելու։ Կխոսենք Իրանի՝ մեր գործընկերների հետ, կհասկանանք։ Իրանի հետ լավ քաղաքական երկխոսություն ունենք, և մեր հարաբերությունները որևէ նախագծով չեն կարող ստվերվել»։
Ճեպազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ «Քաղաքացիական պայմանագրի» ֆեյսբուքյան էջից


















































