Լրահոս
Օրվա լրահոսը

Գրիպի H3N2 ենթատեսակի, ռինովիրուսի եւ բոկավիրուսի «գրոհ» Հայաստանում

Դեկտեմբեր 16,2025 13:51 Share

«Շարունակվում է դիտվել ակտիվություն. սուր շնչառական վարակներով պայմանավորված՝ 50-րդ շաբաթվա ընթացքում գրանցվել է 15151 դիմելիություն, ինչը նախորդ շաբաթվա համեմատ բարձր է 1,2 անգամ: Գրանցված դեպքերի 80 %-ը կազմում են զրոյից 18 տարեկան երեխաները: Առավել բարձր հիվանդացության ցուցանիշ է գրանցվել Արմավիրի, Շիրակի, Արարատի մարզերում եւ Երեւան քաղաքում»,-«Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում նշեց ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վիճակագրության և վերլուծության բաժնի պետ Աիդա Հովհաննիսյանը՝ ներկայացնելով սուր շնչառական վարակներով պայմանավորված հանրապետությունում առկա իրավիճակը:

Աիդա Հովհաննիսյան

Նրա խոսքով. «Այս պահին շրջանառվում են գրիպի H3N2 ենթատեսակը, ռինովիրուսի եւ բոկավիրուսի հարուցիչները: Սեզոնին բնորոշ հարուցիչներն են շրջանառվում, բայց այս պահին գերակշռում է գրիպի Ա տեսակի H3N2 ենթատեսակը: Սուր շնչառական վարակների դեպքում հիմնականում ախտանշանները նույնն են՝ ընդհանուր թուլություն, հարբուխային վիճակ, քթահոսություն, հազ, փռշտոց, ջերմության բարձրացում, իսկ գրիպի դեպքում մի փոքր ախտանշաններն առանձնանում են, հիվանդության սկիզբն ավելի սուր է լինում, հետո կարող են միանալ նոր հարբուխային երեւույթներ, ջերմությունն է ավելի բարձր լինում, որը հաճախ անկառավարելի է »:

Աիդա Հովհաննիսյանը նաեւ հավելեց, որ գրիպի դեպքում մեծանում է թոքաբորբի ռիսկը. «Առաջնային պահպանման կազմակերպություններ 50-րդ շաբաթվա ընթացքում դիմել է 937 բուժառու, ինչը նախորդ շաբաթվա համեմատ բարձր է 1,3 անգամ»:

Սվետլանա Գրիգորյան

ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի իմունականխարգելման և կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Սվետլանա Գրիգորյանը նշեց, որ դեռեւս սեպտեմբերի 8-ից ամբողջ հանրապետությունն ապահոված էր տվյալ սեզոնի համար նախատեսված քառավալենտ սեզոնային գրիպի դեմ պատվաստանյութով: «Բոլոր ամբուլատոր, պոլիկլինիկական բժշկական կազմակերպություններն ապահոված են այս սեզոնին շրջանառվող գրիպի հարուցիչի կանխարգելման միջոցով: Ինչպես նշվեց, ներկայումս Հայաստանում շրջանառվում է գրիպի H3N2 ենթատեսակը, իսկ պատվաստանյութի բաղադրության մեջ հենց ներառված է նաեւ այս ենթատեսակը, եւ հետեւաբար պատվաստվելով կանխարգելում ենք առնվազն այս ենթատեսակը »,-ասաց տիկին Գրիգորյանը:

Մանրամասն՝ տեսանյութում 

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031