«Ասում եք՝ 8 միլիարդ վերցրել եք, զենք եք առել, բայց ասֆալտ եք արել: Բայց գոնե ասֆալտ ենք արել, դպրոց ենք սարքել»,- խորհրդարանում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Գրիգորյանը հակադարձեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանին։ Նա նաեւ հավելեց, որ այդ գումարները գեներացնում են ոչ թե վարկային պայմանագրերով, այլ ՀՀ բյուջեն չթալանելով, այդ գումարները ՔՊ-ի պատգամավորների եւ նախարարների դղյակ չեն դառնում, Նիկոլ Փաշինյանը դոլարային միլիարդատեր չի դառնում։
Արթուր Խաչատրյանը «սիրելի երեխաների» համար հստակեցրեց եւ հիշեցրեց, որ իր հարցին ի պատասխան է Նիկոլ Փաշինյանն ասել, որ 8 միլիարդ վարկ են վերցրել եւ զենք են առել․ «Եթե ութը միլիարդը զենքի գնացած լիներ, հիմա լուսնի վրա լազերային թնդանոթներ դրած կլինեինք»։ Դահլիճից՝ Ադրբեջանի ձեռք բերած զենքի մասին ռեպլիկին էլ հակադարձեց․ «Ես չգիտեմ՝ Ադրբեջանն ինչ է արել, դուք եք իրանց հետ ջերմ հարաբերությունների մեջ՝ զանգեք հարցրեք»։
ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը ելույթ ունեցավ․ «Մի մասն արվում է վարկային միջոցներով, մի մասն արվում է հարկերից ստացված միջոցներով․ ի՞նչն է խնդիրը։ Անկեղծ, ձեր հարցադրումները չեմ հասկանում»։
Հայկ Կոնջորյանն էլ հայտարարեց․ «Պարոն Խաչատրյան, դուք հիմա խաչակրաց արշավանք եք իրականացնում տրամաբանության դեմ»։ Շարունակեց՝ զենք էլ են գնել, ասֆալտ էլ են արել, դպրոց էլ են սարքել, այլ կապիտալ ծախսեր էլ են արել եւ այդ ամենը ներդրում է խաղաղության մեջ։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































