Լրահոս
Օրվա լրահոսը

Հեյդար Ալիև. «Հայերը կհասնեն բաքու»

Դեկտեմբեր 16,2025 14:33

Քաղաքագետ Ստեփան Հասան-Ջալալյան

ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՎ. «ՀԱՅԵՐԸ ԿՀԱՍՆԵՆ ԲԱՔՈւ»

1989-1997թթ. Իրանի նախագահ Ալի Ակբար Հաշեմի Ռաֆսանջանիի որդին՝ Մոհսեն Հաշեմի Ռաֆսանջանին, հրապարակել է իր հոր հուշագրությունները, որոնցից հայտնի են դառնում չափազանց ուշագրավ տեղեկություններ Ադրբեջան-Արցախ առաջին պատերազմի վերաբերյալ:

Այսպես, 1993թ. հոկտեմբերի 23-ին Իրանի նախագահ Ալի Ակբար Հաշեմի Ռաֆսանջանին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևի հետ: Այդ զրույցի վերաբերյալ Ռաֆսանջանին գրել է. «Նրանք (ադրբեջանցիները Ս. Հ-.Ջ.) բացահայտ ասում են, որ մեր տրամադրության տակ կդնեն ամբողջ Ադրբեջանը և պատրաստ են Իսլամական Հանրապետության ստեղծմանը Ադրբեջանում: [Նրանք ասում են], որ առանց Իրանի օգնության իրենք չենք կարող պաշտպանել [իրենց երկիրը], և կա հավանականություն, որ հայերը կհասնեն Բաքու»։

Հեռախոսազրույցից չորս օր անց՝ հոկտեմբերի 27-ին, Իրանի նախագահը պաշտոնական այցով գտնվել է Ադրբեջանում և բանակցություններ վարել Ադրբեջանի նախագահի հետ: Այդ բանակցությունների մասին իր հուշերում նախագահ Ռաֆսանջանին, ի մասնավորի, գրել է. «Նրանք (ադրբեջանցիները Ս. Հ.-Ջ.) առաջարկում էին, որ մենք պատերազմին մասնակցենք՝ օգնելով Ադրբեջանին: Նրանք հստակ ասում էին, որ մենք ամբողջ Ադրբեջանը կթողնենք ձեր տրամադրության տակ և պատրաստ ենք Ադրբեջանում Իսլամական Հանրապետության ստեղծմանը: Կրկնում էին, որ առանց Իրանի օգնության իրենք չեն կարող պաշտպանվել, և կա հավանականություն, որ եթե հայերը շարունակեն առաջ շարժվել՝ կհասնեն Բաքու»:

Մեջբերումներից պարզվում է, որ նշված ժամանակահատվածում Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի և կամավորական ջոկատների գրագետ և արհեստավարժ իրականացրած ռազմական գործողությունների արդյունքում Ադրբեջանի ղեկավարությունը հայտնվել է սարսափահար վիճակում՝ հավանական համարելով, որ նման կերպ պատերազմ վարելու պարագայում հայերը կհասնեն Բաքու:

Մեջբերումների լույսի ներքո երիցս սխալ ու կարճատես են նրանք, ովքեր, խոսելով Ադրբեջան-Արցախ առաջին պատերազմի մասին, հայտարարել ու հայտարարում են, թե «ձեզ թվում է՝ հայկական զորքերը պիտի մտնեին Բաքո՞ւ»:

Վերը հիշատակված փաստերը վկայում են, որ Ադրբեջան-Արցախ առաջին պատերազմի ժամանակ Հայաստանի քաղաքական ղեկավարության կոպիտ սխալներից մեկը Բաքու չմտնելն է եղել: Բաքու մտնելուց անմիջապես հետո անհրաժեշտ էր ձեռնարկել գործուն քայլեր՝ օժանդակելով Ադրբեջանի տարածքում բնիկ ժողովուրդների պետականության ստեղծմանը՝ այդպիսով տրոհելով ու հարավկովկասյան տարածաշրջանի քաղաքական քարտեզից մեկընդմիշտ վերացնելով Օսմանյան Թուրքիայի վարչակազմի կողմից 1918թ. մայիսին ստեղծված «Ադրբեջան» անունով արհեստածին, կեղծ կազմավորումը:

Վկայակոչված փաստերը նկատի առնելով՝ հարկ է միաժամանակ նշել, որ ապագայում հաղթողի կարգավիճակով Բաքու մտնելու առիթ ներկայանալու պարագայում իրավունք չունենք կրկնելու անցյալի կոպիտ սխալները: Պետք է սրբագրել դրանք՝ գալիք սերունդների համար երաշխավորելով խաղաղ ու ստեղծարար ապագա:

ՍՏԵՓԱՆ ՀԱՍԱՆՋԱԼԱԼՅԱՆ
քաղաքագետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031