«Ասում եք՝ համահարթեցում եւ այն, բայց չեք ասում, որ երրորդ երեխայի մեկ միլիոն դրամը դարձնում եք 500 հազար դրամ։ Ամեն ինչից խոսեցիք, բայց այս ծրագրի հակասոցիալական բաղադրիչը չասացիք»,- ԱԺ արտահերթ նիստում ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը։
Քննարկվում էր պետական նպաստների եւ պետական կենսաթոշակների մասին օրենքներում փոփոխություններ կատարելու հարցը։ Նախագծով առաջարկվում է գործող միանվագ նպաստների համահարթեցում կատարել․ բոլոր երեխաների համար վճարել ընտանիքին նպաստ նույն չափով։ Այժմ առաջին, երկրորդ երեխայի դեպքում 300․000 դրամ է վճարվում, 3-րդ և 4-րդի դեպքում մեկ միլիոն, հինգերորդ երեխայից հետո մեկուկես միլիոն դրամ։ Առաջարկվում է միանվագ վճարը դարձնել 500․000 դրամ։
Փոխնախարարը մանրամասնեց՝ երրորդ երեխայի ծնունդի համար նախատեսված մեկ միլիոն դրամի ծրագիրը ժամանակավոր էր, որն ավարտվում է 2025-ի դեկտեմբերին։ Ըստ փոխնախարարի, այդ ծրագիրը դրական արդյունքներ է տվել, եղել են ընտանիքներ, որ օգտվել են․ «Մեր նոր առաջարկով ստանալու է կես միլիոն եւ 6 տարի շարունակ՝ ամսական 50 հազար դրամ, որը կազմում է 4 միլիոն 100 հազար դրամ»։
Թադեւոս Ավետիսյանը հակադարձեց՝ մինչ այժմ էլ ծնողը ստացել է 50 հազար դրամը։
Կարդացեք նաև
«Հայաստան» խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Արմենուհի Կյուրեղյանը այս համահարթեցումը վտանգ է համարում ժողովրդագրական առումով․ ընտանիքներին մղում ենք 1-2 երեխա ունենալուն։ Փոխնախարարն ասաց՝ ժողովրդագրության համատեքստում վտանգ կա անգամ առաջին երեխայի մասով․ «Այսօր շատ ավելի մեծ խնդիր ունենք առաջին եւ երկրորդ երեխաների հետ կապված հարցերին լուծումներ տալու»։ Ըստ նրա, 1990-ականներին Հայաստանից հեռացածների սերունդը իր բացասական ազդեցությունն է թողել․ այսօր նրանք պետք է երեխաներ ունենային։
Թադեւոս Ավետիսյանը համաձայն է՝ 1990-ականների սերնդի հեռանալը Հայաստանի ժողովրդագրության վրա ազդում է, բայց 1990-ականներն ի՞նչ կապ ունեն, որ 2025-ին Հայաստանում մահացության ցուցանիշն է բարձրացել, ամուսնալուծությունների թիվն է աճում։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































