Այսօր դաժան սպանություն է տեղի ունեցել Գյումրու Կարեն Դեմիրճյան փողոցի առանձնատներից մեկում։ Ոստիկանությունը փրկարարների հետ համատեղ սպանված են գտել ամուսինների՝ 63-ամյա բժշկուհի Նազելի Ավդալյանին և նրա ամուսնուն՝ 64-ամյա Սայադ Ադամյանին։
Ինչպես հայտնում է ոստիկանությունը, սպանության մեջ կասկածվում է նրանց 37-ամյա որդին, որը ձերբակալված է։ Վերջինս հոգեկան առողջական խնդիրներ ունի։
Կարդացեք նաև
Ըստ որոշ տվյալների, նա տարիներ առաջ փորձել է սպանել հորը, սակայն մորը հաջողվել է կանխել սպանությունը, ձեռքից վերցնել դանակը, տղային այդ ժամանակ էլ տեղափոխել էին հոգեբուժարաններից մեկը՝ հարկադիր բուժման։
Aravot.am-ին հասած տեղեկություններով, ամուսինները եղել են ննջասենյակում՝ նրանցից մեկին գտել են անկողնու մեջ, մյուսին՝ գետին ընկած վիճակում։ Իսկ տղան եղել է տան երկրորդ հարկում․ բարձր երաժշտություն է լսել։
Մեզ հասած տեղեկություններով, առավոտյան տեսնելով, որ բժշկուհին չի ներկայացել աշխատանքի, Գյումրու Էնրիկո Մատտեի անվան պոլիկլինիկայից զանգահարել են նրա բջջային հեռախոսահամարին, տեսնելով, որ չի պատասխանում, զանգահարել են նաև ամուսնուն, նա ևս չի պատասխանել։ Պոլիկլինիկայից զանգահարել են 911 ծառայություն, փրկարարները, դուռը բացելով, ամուսիններին հայտնաբերել են սպանված։
Գյումրի բժշկական կենտրոնի թերապևտիկ բաժանմունքի վարիչ Լիլիթ Սարգսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ սպանված կինը Էնրիկո Մատեի անվան պոլիկլինիկայի ընտանեկան բժիշկներից էր, որը տարիներ շարունակ հերթապահում էր նաև Գյումրի բժշկական կենտրոնի թերապևտիկ բաժանմունքում։
«Շնորհալի, համեստ, պարկեշտ, սիրելի բժշկուհիներից էր։
Նա խիստ հավասարակշռված անձնավորություն էր։ Միշտ բոլորս զարմանում էինք, որ նման խնդիր ունենալով հանդերձ՝ միշտ իրեն հավասարակշիռ էր պահում, օրինակելի վարքագծով։ Հազար ափսոս։ Տեղյակ էինք, որ որդու հետ կապված խնդիր կար, նախկինում էլ խնդիր եղել էր։ Որդին բուժումը տանն էր շարունակում, ու բոլորս վստահություն ունեինք, որ ամեն ինչ անցյալում է, բայց փաստորեն այդպես չէր», – ասաց Լիլիթ Սարգսյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ























































