Դեկտեմբերի 16-ին Կառավարության նախաձեռնությամբ գումարված ԱԺ արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել են մի շարք օրենսդրական նախաձեռնություններ:
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Եսաի Մկրտչյանը ներկայացրել է ««Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությունը, որը նպատակ ունի հստակեցնել ԱԱԾ գործառույթների շրջանակը եւ բարձրացնել կադրային քաղաքականության արդյունավետությունը:
Հիմնական կարգավորումները՝ այստեղ:
Եսաի Մկրտչյանի տեղեկացմամբ առաջին ընթերցումից հետո պատգամավորները առաջակներ չեն ներկայացրել: Կառավարության առաջարկով ««Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը լրացվել է նոր հոդվածով, որի նպատակն է օրենքում հստակ ամրագրել ԱԱԾ խորհրդանիշների՝ դրոշի եւ զինանշանի վերաբերյալ իրավական հիմքերը:
Կարդացեք նաև
«Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի նախագիծն ու կից օրենսդրական փաթեթն էլ ներկայացրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Նրա խոսքով առաջինից երկրորդ ընթերցում Կառավարության եւ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հռիփսիմե Հունանյանի առաջարկների հիման վրա փաթեթը լրամշակվել է:
Նախաձեռնությամբ առաջարկվող հիմնական կարգավորումները` այստեղ
Երկրորդ ընթերցմամբ նաեւ քննարկվել է «ՀՀ հողային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Գնահատման գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: Այն ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը:
Կառավարությունն առաջարկում է պետական եւ համայնքի սեփականություն հանդիսացող հողերի օտարումներն իրականացնել էլեկտրոնային աճուրդի միջոցով, ինչպես նաեւ որպես մեկնարկային գին համարել հողերի ոչ թե կադաստրային, այլ՝ գնահատված շուկայական արժեքը:
Փոխնախարարը տեղեկացրել է, որ առաջին ընթերցումից հետո նախաձեռնության վերաբերյալ ներկայացվել են հիմնականում տեխնիկական բնույթի առաջարկներ: Մեկ բովանդակային փոփոխություն է կատարվել կապված աճուրդների կազմակերպման հետ:
Հիմնական կարգավորումները՝ այստեղ:
Հաջորդիվ քննարկված օրենքի նախագծով նախատեսվում է պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 24 ամսվա փոխարեն սահմանել 18 ամիս: Օրենքի գործողությունը տարածվելու է 2026 թվականի հունվարի 1-ից հետո պարտադիր զինվորական ծառայության զորակոչվող քաղաքացիների վրա: Այս մասին ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ քննարկման ներկայացնելով ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Սուրեն Պապիկյանը հայտնել է, որ Զինված ուժերի համալրումը սկսվելու է 2026 թվականի հունվարի 7-ից, իսկ ծառայության ժամկետի կրճատումը չի տարածվելու 2026 թվականի հունվարի 1-ի դրությամբ պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողների վրա:
Առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո նախագիծը փոփոխության չի ենթարկվել:
Ընդունվելուց հետո օրենքն ուժի մեջ կմտնի հունվարի 1-ից:
Նախագիծն ընդունվել է երկրորդ ընթերցմամբ:
«Պետական պարտքի մասին» եւ կից օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը եւ «ՀՀ բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություն նախատեսող օրինագիծը քննարկման է ներկայացրել ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանի ներկայացմամբ էլ քննարկվել է Հարկային օրենսգրքում առաջարկվող լրացումը:
ՀՀ ազգային ժողով


















































