Լրահոս
Օրվա լրահոսը

Դուք պատկերացնո՞ւմ եք՝ ընդդիմությունը դիմեր այս կամ այն աշխարհաքաղաքական կենտրոնին, ասեր հիբրիդային պատերազմի համար մեզ գրանտներ տվեք. Շարմազանովը՝ Կալլասի հայտարարության մասին

Դեկտեմբեր 16,2025 23:25

-Իշխանությունների նման քայլը հերթական անգամ խոսում է այն մասին, որ իշխանությունները ո՛չ ինքնիշխանության հետ կապ ունեն, ո՛չ ժողովրդավարության, ո՛չ անկախության, ո՛չ էլ պետական շահի հետ կապ ունեն: Դա կարելի է ներկայացնել որպես դասական հինգերորդ շարասյուն,- Aravot.am-ին ասաց ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասի հայտարարությանը, թե 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Ռուսաստանը ակտիվացրել է իր ապատեղեկատվական արշավը եւ իրենք կքննարկեն, թե ինչպես կարող են օգնել Հայաստանին այս հարցում։ «Հայաստանը մեզանից օգնություն է խնդրել արտաքին միջամտությունը կանխելու համար», – նշել է Կալլասը։

-Դուք պատկերացնո՞ւմ եք՝ ընդդիմությունը դիմեր այս կամ այն աշխարհաքաղաքական կենտրոնին, ասեր հիբրիդային պատերազմի համար մեզ գրանտներ տվեք, որ պայքարենք այս իշխանությունների հիբրիդային պատերազմի դեմ: Նիկոլականները ինչ անուն մեզ կկպցնեին՝ էլ «շպիոն», էլ կոշիկ լիզել: Մի բան ակնհայտ է, որ ԵՄ որոշ պաշտոնյաներ նպատակ ունեն սրան՝ այս իշխանություններին օգտագործել հակառուսական քարոզչության համար: Ինքը եվրոպացիներին հետաքրքիր է միայն այդ համատեքստում: Այնպես չէ, որ եվրոպացիների աչքերն ուռել է Նիկոլ Փաշինյանի համար: Ինչքան ինքը հակառուսական հայտարարություններ ու հակաիրանական գործողություններ անի, փորձի անել այն բաները, ինչ Վրաստանի իշխանությունները չարեցին, այնքան իրեն օգտագործելու են,- հավելեց Շարմազանովը:

Նրա խոսքով՝ ողբալու բան է, որ մի ինքնիշխան պետության իշխանություն դիմում է այս կամ այն աշխարհաքաղաքական կենտրոնների՝ ընդդիմության դեմ հիբրիդային պատերազմ անելու կամ կանխելու համար. «Բա կոշիկ լիզելն էլ ո՞նց է լինում, իրենց բառապաշարով եմ ասում էլի: Խայտառակություն է սա, պետականության բացակայության, մեր երկրում անկախ իշխանության եւ ինքնիշխանության բացակայության մասին է խոսում: Խոսում է այն մասին, որ Հայաստանը արտաքին կառավարման տակ է»:

Էդուարդ Շարմազանովը նկատեց, որ եթե իրենց իշխանության օրոք ինքը՝ որպես ԱԺ փոխնախագահ, աներ այն հայտարարությունները, որոնք Փաշինյանն է արել՝ «բոլորիդ լցնելու ենք ԿԳԲ-ի պադվալները կամ ընտրությունների ժամանակ Փաշինյանի պես ասեի՝ սրանց բոլորին բռնեմ, շինելու եմ, մեր տուն չէի հասնի: ԵԽԽՎ-ում այնքան բանաձեւ կանեին, կգամեին անարգանքի սյունին ինձ ժողովրդավարական բաստիոնի պաշտպանները, բայց հիմա ծպտուն չեն հանում, որովհետեւ իրենց շահերն է պաշտպանում»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031