Մարդիկ ինչի՞ համար են տալու 130 հազար դրամ․ այս հարցն այսօր ԱԺ արտահերթ նիստում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին դիմեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը։
Երկրորդ ընթերցմամբ քննարկվում էր «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի նախագիծը։ Ընդդիմության ներկայացրած առաջարկները չեն ընդունվել, ինչպես բացատրեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ 2026-ի բյուջեն հաշվարկված է, օրենքի հաշվարկներն էլ այդ հիմքով են արվել։ Եթե ընդդիմության առաջարկներն ընդունվեին, մոտ 5 միլիարդ դրամ լրացուցիչ գումար էր պետք։
Իսկ ընդդիմության առաջարկները վերաբերվում էին 63 եւ 64 տարեկան անձանց, նաեւ որոշակի սոցիալական խմբերին համակարգում ներգրավելուն՝ պետության կողմից։ Անահիտ Ավանեսյանը մանրամասնեց, միեւնույն է, նախատեսվում է առաջիկա երեք տարիների ընթացքում համակարգն ամբողջական ներդնել, ինչի արդյունքում ընդդիմադիրների նշած թիրախային խմբերը կներառվեն։ Նաեւ, նախարարությունն առաջիկայում հանդես կգա փոփոխությունների եւ լրացումների նախաձեռնությամբ, որում կանդրադառնան բաց թողնված առավել հրատապ լուծումներ պահանջող խմբերի հարցերին։
«15 օր հետո այս համակարգը կյանքի է կոչվելու, այսօր դեռ չունենք միլիարդները տնօրինող հանձնախումբը։ Ավելին, օրենքով նախատեսված չէ, որ ԱԺ-ն, իբրեւ վերահսկողություն իրականացնող մարմին, 2026 թվականին լսի որեւէ զեկույց կամ հաշվետվություն այդ միլիարդների օգտագործման մասին»,- ասաց Արմենուհի Կյուրեղյանը։ Ընդդիմադիր պատգամավորը նաեւ ահազանգում է՝ պետական ապահովագրական այս համակարգն ուղղակի քանդում է մասնավոր ապահովագրական ընկերությունների գործունեությունը։ Բժիշկների եւ բուժքույրերի՝ նման ծանրաբեռնվածության պայմաններում աշխատավարձի բարձրացման մասին նախագծում խոսք չկա։
Կարդացեք նաև
Հիշեցնենք, համակարգը կներդրվի 2026-ի հունվարի 1-ից։ 2026 թվականի հունվարի 1-ից կակտիվանա 201 հազար դրամից ավել ստացող քաղաքացիների ապահովագրական փաթեթը։ Վճարումը կկատարվի մինչեւ հունվարի 20-ը։ Հունվար ամսին ապահովագրավճարի հաշվարկը գործատուները կանեն դեկտեմբերին։ 1 միլիոն 400 հազար հոգի կընդգրկվի համակարգում՝ պետության կողմից։ Անահիտ Ավանեսյանի մատուցմամբ՝ 65-ից բարձր տարիքի քաղաքացիներն առաջին անգամն են պետության կողմից նման փաթեթ ստանում։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանն էլ նկատեց՝ այն, ինչ առաջարկվում է, բնականաբար կարեւոր է՝ առողջության առաջնային ապահովագրություն, ապահովագրության առաջին փորձ եւ այլն, բայց բազմաթիվ հարցեր կան, որոնց պատասխանները քննարկումների ժամանակ չհնչեցին։ Օրինակ, այսօրվա գործող առողջապահական համակարգը պատրա՞ստ է այդ փոփոխություններին։
Ըստ նրա, համաչափ զարգացման հարց կա, մասնագետներն ասում են՝ համակենտրոնացման մեծ խթան է լինելու եւ մարզային առողջապահական հիմնարկները, որոնք այսօր որոշակի ծանրաբեռնվածություն ունեն, այս համակարգի արդյունքում էապես ծանրաբեռնվածության թուլացում են ունենալու՝ ի հաշիվ Երեւանի եւ այլ խոշոր քաղաքների առողջապահական հիմնարկների։ Մյուս հարցը՝ փաթեթի սոցիալական բաղադրիչն է վերաբերվում․ օրինակ, քաղծառայողները եւ սոցիալական փաթեթից օգտվողները, որոնք ունեն 72 հազար դրամ եւ կարողանում են այն այլ նպատակների համար էլ օգտագործել, դա մնալո՞ւ է, թե՝ ոչ։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանն էլ նկատեց՝ 1 միլիոն 400 հազար մարդ օգտվելու է ապահովագրական այս ծածկույթից, որոնցից 700 հազարը 1-18 տարեկաններն են, 400 հազարը 65 եւ ավել տարիքի թոշակառուներն են, 400 հազարից 110 հազարն էլ հաշմանդամության տարբեր խումբ ունեցողները, 1000-ը անապահովության 28-ից բարձր բալ ունեցողները, 10 հազարից մի քիչ ավել մարդ էլ ֆունկցիոնալության տարբեր խանգարումներ ունեցողներն են, որոնք արդեն օգտվում են սոցիալական տարբեր ծրագրերից։
Նա խնդրեց 1 միլիոն 400 հազարի մեջ ի վերջո տարանջատել՝ ո՞ւմ համար են նոր բան անում։ Նաեւ նկատեց՝ օրենքում պարբերական հիվանդություն ունեցողների համար ընդամենն ութ շտապօգնության անվճար կանչի իրավունք կա, հստակեցում չկա նեղ մասնագետների ծառայությունների մասով, 70 տարեկանից բարձր անձանց պրոթեզավորման եւ կոտրվածքների խնդիրը ներառված չեն, հստակեցում չկա զինծառայողների եւ նրանց ընտանիքների՝ այժմ անվճար գործող բուժօգնության մասով։
Անահիտ Ավանեսյանը հեգնեց ընդդիմադիր գործընկերներին՝ ասելով, որ իրենց խմբակցության ղեկավարը եւ որոշ նախկին պաշտոնյաներ, եթե արագ համաձայնության գան ապօրինի ունեցվածքի գործերով՝ չսպասելով դատական ակտերին, ապա իրենց մատնանշած խմբերին առավել արագ հնարավոր կլինի համակարգում ընդգրկել։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































