Իրանագետ Աննա Դավթյան-Գևորգյանի ֆեյսբուքյան գրառումը
Քանի որ էլի ողջ լրահոսս պարոն Վելայաթին է, մի քիչ ավելի մանրամասն իր մասին
Իրանի Իսլամական Հանրապետությունում քաղաքական համակարգը իրար փոխզսպող մարմիններից ու միավորներից է ստեղծված, երբեմն այնքան խճճված դերերով, որ հարյուրավոր աշխատություններ են գրվում՝ պարզելու միայն, թե իրանում ով ո՛ր հարցով է որոշում կայացնում։
Ողջ այդ բարդության հետ մեկտեղ, սակայն, կա համընդհանուր ընկալում այն մասին, որ թեև արտաքին քաղաքական հարցերի կարմիր գծերը որոշվում են մեծամասամբ Անվտանգության բարձրագույն խորհրդի կողմից, իսկ իրականացվում Արտաքին գործերի նախարարության կողմից, երկրի այլ դերակատարներ կարող են, երբեմն, զուգահեռ արտաքին քաղաքական օրակարգ առաջ տանել։
Այսպես, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, տարբեր ժամանակահատվածներում արտաքին գործերի նախարարության ընդունած քաղաքականությանը հակասող ոչ միայն հայտարարություններ, այլև քայլեր կարող էր/է անել․ այդ մասին է վկայում նաև Մոհամմադ Ջավադ Զարիֆի՝ տարիներ առաջ արտահոսած գաղտնի հարցազրույցը գեներալ Սոլեյմանիի՝ նախարարությունից անջատ գործողությունների մասին։
Կարդացեք նաև
Իրար հետ հաճախ մրցակցող ու զուգահեռ օրակարգեր ունեցող գերատեսչությունների կողքին, Իրանի գերագույն Հոգևոր Առաջնորդ Ալի Խամենեիի աշխատակազմը գաղափարական շարունակականությունն ապահովելու ու գաղափարական այդ հենքից բխող մաքսիմալիստական ծրագրեր նախանշելու գործառույթն ունի։
Այդ գործառույթը Ալի Խամենեին կատարում է ոչ միայն իր ելույթների, հայտարարությունների միջոցով, այլ նաև իր խորհրդականների ու տարբեր կառույցներում իր ներկայացուցիչների միջոցով։
Ալի Աքբար Վելայաթին վերը նշված գործառույթի՝ արտաքին քաղաքական հատվածի պատասխանատուն է, արտաքին հարաբերությունների հարցով նրա խորհրդականը։ Վելայաթիի անձն, իհարկե, ինքնին ինստիտուցիոնալ ու գաղափարական շարունակականության խորհրդանիշ է՝ նա պետական համակարգում աշխատում է 1979 թ․-ից՝ սկսելով որպես առողջապահության փոխնախարար, հետո 16 տարի աշխատելով որպես Իրանի արտաքին գործերի նախարար, իսկ 1997-թ․-ից Ալի Խամենեիի խորհրդական, զուգահեռ ունենալով մի քանի տասնյակ այլ մանր ու մեծ պաշտոններ։
Խորհրդականի իր պաշտոնում Վելայաթին շարունակաբար Իսլամական հեղափոխության գաղափարական հիմքերի ու հատկապես ամենակոշտ հակաարևմտյան դիրքորոշումներ արտահայտողներից մեկն է եղել/մնում, ու իսլամական համերաշխության ու միասնության ամենամոլեռանդ ջատագովը։ Այս դիրքորոշումների շարունակականությանը զուգահեռ Իրանի արտաքին քաղաքական քայլերը փոփոխություններ են կրել՝ կախված նախագահների՝ պահպանողական կամ բարեփոխական լինելուց ու արտաքին գործերի նախարարության որդեգրած գործելակերպից։
Օրինակ, Վելայաթին շարունակում էր պնդել, որ ԱՄՆ-ն աշխարհի չարիքն է ու անվստահելը բանակցությունների համար, ու որ Իրանը ճնշման տակ երբևէ չի բանակցելու նաև այն ժամանակ, երբ տնտեսական սանկցիաների ճնշմանը զուգահեռ Ռուհաննիի կառավարությունը բանակցում էր 5+1 երկրների (ներառյալ՝ ԱՄՆ-ն) հետ Միջուկային պայմանագրի շուրջ։ Կամ, Վելայաթին շարունակում էր ջատագովել Սիրիայի ինքնիշխանությունն ու որևէ երրորդ երկրի միջամտության անընդունելի լինելը, նաև այն ժամանակ, երբ Ռուսաստանն ու Իրանը ռազմավարական վերահսկողության տակ էին առել Սիրիան, իսկ Թուրքիան ձգտում էր իր վերահսկողությունը սահմանել Սիրիայի իշխանության վրա։
Վերջին թարմ օրինակներից է նաև այն իրադրությունը, երբ թուլացած Հեզբոլլահի ու Իրանի՝ Մերձավոր Արևելքում նվազած դերակատարության պայմաններում, Վելայաթին հայտարարում էր, որ Դիմադրության առանցքը միասնական է ու կայուն ու որ Լիբանանի համար Հեզբոլլահի գոյությունն ավելի կարևոր է, քան հացի առկայությունը։ (Ինչին հետևել է Լիբանանի արտգործնախարարության կոշտ արձագանքը)։
Վելայաթիի հայտարարությունն, ուրեմն, ոչ թե Իրանի պաշտոնական դիրքորոշումներն են, այլ Իրանի գաղափարական ամենակոշտ դիրքի ցուցադրությունը։ Ազդեցություն ունենո՞ւմ են արդյոք այս հայտարարությունները ռեալ քաղաքականության վրա․ ուղիղ լծակներ պարոն Վելայաթին չունի քաղաքականության իրագործման համար, իր կարծիքը լսել, հաշվի առնելու դիտանկյունից կարող ենք միայն ենթադրություններ անել ԱԳՆ-ի ու առհասարակ կառավարության հայտարարություններից, գործողություններից․ դրանք Վելայաթիի նախորդ հայտարարություններից հետո հակառակ կարծիքի ցուցիչն են եղել։ Նախորդիվ նաև գրել եմ այն մասին, որ հաճախ իր հայտարարությունները նաև ՌԴ-ի հետ ուղերձների փոխանակման դերն են խաղում։ Բայց անգամ, եթե ենթադրենք, որ Վելայաթին իրավասություն ունի հրաման արձակելու, որ արտգործնախարությունը իր դժգոհությունը հայտնի, ինչի՞ն է հայտնելու այդ դժգոհությունը, որ «ԱՄՆ-ն զո՞րք է ուղարկելու Հայաստանի տարածք»։ Մի պնդում, որ որևէ փաստարկով ու փաստով հնարավոր չի մեկնաբանել․ սոսկ մտավախության վրա հիմնված հայտարարություն։
Հ.Գ․ Մեկ էլ անամոթաբար փչացնեմ նրանց տրամադրությունը, ովքեր ասում են՝ «Ի հակադրություն Իրանի ազերի նախագահ Փեզեշքիանի, Ալի Խամենեին ու իր խորհրդականը դեմ են հակահայկական էս պրոյեկտին»։ Կներեք․․․Ալի Խամենեին էլ է ազերիախոս իրանցի, Ալի Աքբար Վելայաթին էլ, ավելին՝ մի երկու տարի առաջ Վելայաթին մի հարցազրույցում իրանա-ադրբեջանական հարաբերությունների ջերմությունը ընդգծելու համար ասել է՝ «ամեն ազերի իրանցի է, ամեն իրանցի ազերի»։


















































