Լրահոս
Օրվա լրահոսը

Երբեք չի լինի առողջապահություն, որից բոլորը գոհ լինեն, սակայն, այլ հարց է, թե այդ բոլորից քանի տոկոսը գոհ կլինի. Գենադի Օնիշչենկո

Դեկտեմբեր 17,2025 15:43

«Ընդհանուր առմամբ Ռուսաստանի Դաշնությունում էպիդեմիոլոգիական վիճակը սրված չէ: Մեզ մոտ եւս ամեն ինչ սկսվել է կլասիկ սխեմայով»,- Sputnik Արմենիայի միացմամբ՝ «ԵԱՏՄ երկրների կենսանվտանգությունը» թեմայով Մոսկվա-Մինսկ-Աստանա-Բիշքեկ-Երևան տեսակամուրջի ժամանակ նշեց Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Գենադի Օնիշչենկոն՝ անդրադառնալով ԵՏՄ երկրներում եւ աշխարհում «Հոնկոնգյան գրիպի» տարածմանը, պարտադիր առողջապահական ապահովագրությանը եւ այլ հարցերի:

Նա փաստեց, որ «Հոնկոնգյան գրիպի» առումով ռիսկի խմբում են դպրոցականները, ուսուցիչները, սպասարկման ոլորտի աշխատակիցները: «Այժմ մեր եւ մեր գործընկեր երկրներում երեխաները կգնան դպրոցական արձակուրդների, իսկ երբ վերադարձած լինեն արձակուրդից, գրիպն արդեն նահանջած կլինի…Երբ գրիպը ներխուժում է որեւէ տարածք դա տեւում է 7-9 շաբաթ, բայց միայն 2 շաբաթ է վերելքը, որից հետո պրոցեսը մարում է»:

Գենադի Օնիշչենկոն լրագրողներին էլ անդրադարձավ. «Դուք լրագրողներդ նույնպես ռիսկի խմբում եք, որովհետեւ ուր պատահի խոթում եք ձեր քիթը, շփվում շատ մարդկանց հետ, իսկ գրիպը մարդու օրգանիզմ է շնչառական օրգանի միջոցով, օդակաթիլային ճանապարհով»:

Ակադեմիկոսը հավելեց, որ ողջ աշխարհում է գրիպը գլուխ բարձրացրել, բայց համավարակի մասին խոսք լինել չի կարող, որովհետեւ բացակայում է ագրեսիվ շտամը, բացի դրանից՝ դեռ ոչ մի երկիր չի ահազանգել Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը նման շտամի մասին, չնայած երբեմն ինչ-ինչ ֆեյք հաղորդագրություններ են տարածվում:

Երեւանից Վարդան Ալոյանը Օնիշչենկոյից կարծիք հարցրեց ՝ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրման վերաբերյալ, որը Հայաստանում կրքեր է բորբոքել: Գենադի Օնիշչենկոյի ձեւակերպմամբ, ներդրման գործընթացը սկզբում բարդ է լինելու եւ անգամ ցավագին, որովհետեւ նրա խոսքով, առողջության պարտադիր ապահովագրությունը փորձ է գնահատելու կոնկրետ բժշկական մանիպուլյացիան, կոնկրետ հիվանդության բուժումը:

Ակադեմիկոսը նշեց, որ բարդ է լինելու հատկապես բժիշկների համար, քանի որ անհնար է լինելու «դիմակայել» ապահովագրությամբ սպասարկվող հիվանդների հսկայական հոսքին. «Դժվար թե վաղն արթնանաք, ու ամեն ինչ իդեալական լինի, բայց հիմա կայացվել է քաղաքական որոշում, իսկ թե ինչպես կաշխատի համակարգը, ապագան ցույց կտա: Նաեւ երբեք չի լինի այնպիսի առողջապահություն, որից բոլոր մարդիկ գոհ լինեն: Սակայն, այլ հարց է, թե այդ բոլորից քանի տոկոսը գոհ կլինի»: Նա նաեւ ԱՄՆ-ի օրինակը բերեց, որտեղ պատերազմի վետերանների համար վճարում է պետությունը, իսկ մնացածի դեպքում առողջապահությունը բիզնես է:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031