Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղահանված արցախցիների իրավունքների պաշտպանության նպատակով ՀՔԱՎ-ը մինչ օրս 185 դիմում է ուղարկվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան

Դեկտեմբեր 17,2025 16:22

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ, 2023-2024թթ.-ին Լեռնային Ղարաբաղի տեղահանված անձանց տրամադրել է շուրջ 2000 իրավական խորհրդատվություն։ Տեղահանված արցախցիների իրավունքների պաշտպանության նպատակով ՀՔԱՎ-ի կողմից մինչ օրս 185 դիմում է ուղարկվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Իրավունքների պաշտպանության և պետական աջակցության ծրագրերի հասանելիություն ապահովելու համար շուրջ 500 գրություն ուղարկվել է Հայաստանի պետական մարմիններին։

Այս տվյալները ներկայացվեցին ս․ թ․ դեկտեմբերի 16-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբելայի Վանաձորի գրասենյակի և Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ կազմակերպած հանդիպում-քննարկման ժամանակ, որը նվիրված էր Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց վիճակի և իրականացված գործողությունների ամփոփ ներկայացմանը։

Քննարկմանը հրավիրված էին ՀՀ պետական կառույցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Հանդիպման ընթացքում խոսքով հանդես եկան ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի տնօրեն Նաիրա Սուլթանյանը, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբանական բաժնի համակարգող Անի Չատինյանը և կազմակերպության իրավաբան Ալբերտ Նալբանդյանը։

Արթուր Սաքունցն իր խոսքում ընդգծեց, որ 2023թ․-ի տեղահանումից անմիջապես հետո ՀՔԱՎ-ը սկսել է իրավական աջակցություն տրամադրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին։ Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի (ԺԶՀ) աջակցության շնորհիվ այդ աշխատանքը դարձել է ավելի համակարգված, և կազմակերպությունը կարողացել է ՀՀ բոլոր մարզերում ունենալ կոնտատկային անձինք ու իրավաբաններ՝ կյանքի դժվարին կացության մեջ հայտնված տեղահանված արցախցիներին աջակցելով և նրանց համար հասանելի դարձնելով կառավարության կողմից պետական աջակցության տարբեր ծրագրերը։

«Այս ծրագրերի հասանելիության ապահովումը, ինչպես նաև արցախցիների համար իրավական աջակցությունը տարատեսակ փաստաթղթերի վերականգնման գործում հրատապ նշանակություն ուներ», – նշեց Արթուր Սաքունցը։

Նրա խոսքով, ԺԶՀ-ի հետ համագործակցության շնորհիվ ՀՔԱՎ-ը հնարավոր է դարձրել իրավական աջակցության հասանելիությունը Հայաստանի բոլոր մարզերում։

ԺԶՀ-ի տնօրեն Նաիրա Սուլթանյանը նախ շնորհակալություն հայտնեց ՀՔԱՎ-ի թիմին՝ նվիրված և պրոֆեսիոնալ աշխատանքի համար։ Սուլթանյանը շեշտեց, որ արցախցիներին իրավական աջակցություն տրամադրելուց զատ, այսօր առավել կարևոր է քայլեր ձեռնարկել՝ Հայաստանում ապահովելու արցախցիների հիմնարար իրավունքների պաշտպանությունը և իրացումը։

Քննարկմանը խոսնակները նաև անդրադարձան արդեն իրականացված քայլերին՝ քաղաքացիական ակտերի վկայականների վերականգնման և իրավական ուղեկցման շրջանակում, հայտնելով, որ առկա համակարգային խնդիրները ժամանակի ընթացքում կլավարկվեն, և մարդիկ ստիպված չեն լինի իրենց խնդիրները լուծել բացառապես դատական գործընթացների միջոցով։ Միևնույն ժամանակ, կարևորվեցին արդարության, խաղաղության և ազատ արտահայտվելու իրավունքը, ինչպես նաև համակարգային խնդիրների բացահայտման, դրանց լուծման և շարունակական աջակցության անհրաժեշտությունը:

Քննարկման արդյունքում վեր հանվեցին նոր խնդիրներ և մարտահրավերներ, որոնց առնչությամբ առաջիկայում կներկայացվեն առաջարկություններ։

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը շարունակում է տեղահանվածներին իրավական աջակցության տրամադրումը և հավաքագրում է տեղահանվածների իրավունքների խախտումների դեպքերը՝ դրանք ՄԻԵԴ ներկայացնելու նպատակով։

ՀՔԱ Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031