«Չեմ ընդունում մեղադրանքը, կիրառել են բացակայելու արգելք», – լրագրողների հետ զրույցում Վարդան Ղուկասյանի գործով դատական նիստի ընթացքում դատարանի բակում ասաց Վարդան Ղուկասյանի փեսան, Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար Ավետիս Առաքելյանը` անդրադառնալով իր դեմ հարուցված քրեական գործին։
Հարցին՝ մտավախություն չունե՞ք, որ Ձեզ կտանեն կալանքի, նա պատասխանեց․ «Ամեն ինչ կարող է լինել։ Մենք ոչ մի բան չենք բացառում, բայց հակազդում ու պայքարում ենք։ Մեր պայքարից հետ չենք կանգնի։ Հիմա կառավարման ճգնաժամ չկա, բայց դա ուղիղ կառավարման ճգնաժամի է տանում։ Եթե այդպիսի քայլի գնա իշխանությունը, ապա դա ուղիղ կառավարման ճգնաժամի կտանի Գյումրին»։
Լրագրողները փաստեցին՝ իշխանությունը Գյումրիում՝ Յոթ Վերքում ոստիկանական ուժեր էր կենտրոնացրել, Ավետիս Առաքելյանն արձագանքեց․ «Մեր հայ առաքելական եկեղեցու հանդեպ հետապնդումները պետք է դադարեցվեն, դա լավ տեղ չի տանում։ Ես այդ օրը Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում էի, մասնակցում էի սուրբ պատարագի»։
Լրագրողներն ասացին, որ ՔՊ խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը հեգնել է, թե տարին ավարտվում է, և Գյումրին նորից կանգնած է տոնածառի խնդրի առաջ, Ավետիս Առաքելյանն այս առիթով ասաց․ «Ես նման մարդու չեմ ճանաչում»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































