«Հյուսիսային տերեւաթափի» գործով դատական նիստում այսօր մեղադրյալների հարցաքննություն էր նախատեսված: 5 մեղադրյալներից Կարեն Սիմոնյանը հրաժարվեց ցուցմունք տալուց, հարցաքննվեց մեղադրյալներից Էդգար Ծատինյանը:
Ծատինյանը պատմեց, որ մեղադրյալներից Աշոտին ու Վազգեն Ոսկանյանին է ճանաչում, 44 օրյա պատերազմում են ծանոթացել ու դրանից հետո ընկերական լավ հարաբերությունների մեջ են:
Նրա խոսքով՝ 44 օրյա պատերազմից հետո իրենք որոշել են օդով աշխատող շարժիչ ստեղծել. «Մտքի հեղինակը Աշոտն էր: Նա մեզ բացատրել է, որ դա լավ բիզնես իդեա է, շատ ներդրողների կարող է հետաքրքրել: Փորձում էինք ֆինանսավորում գտնել, որ օդով աշխատող շարժիչը լինի»:
Կարդացեք նաև
Ծատինյանի խոսքով՝ օդով աշխատող շարժիչը դնելու էին թռչող սարքի վրա: Ինչու էին համալիրում փորձարկում իրենց շարժիչը հարցին, Ծատինյանը պատմեց, որ բաց տարածք էր, էդտեղ են հարմար գտել:
Հիշեցնենք՝ ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ «Նախաքննության ընթացքում կատարված ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ Ա.Մ-ն, Ս.Մ-ի, Է.Ծ-ի, Վ.Ո-ի, Կ.Ս-ի և քննությամբ դեռևս ինքնությունները չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում գործիքներ, միջոցներ ձեռք բերելու, դրանք հարմարեցնելու և դիտավորությամբ այլ պայման ստեղծելու եղանակով 2023 թվականի ընթացքում նախապատրաստել են կատարել պայթյուն և այլ հանրավտանգ արարք, ինչպես նաև զավթել և պահել ՀՀ պետական նշանակության և այլ շինություններ՝ զուգորդված քաղաքացիական անձին կյանքից զրկելու, ենթադրյալ խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու և այլ ծանր հետևանք առաջացնելու վտանգով, որի նպատակն է եղել հանրային իշխանության մարմինների գործունեությունը կազմալուծելը:
-Աբսուրդ է,- անդրադառնալով մեղադրանքին՝ ասաց Ծատինյանը,- ուրիշ բառ չեմ գտնում, ինչ-որ տեղ վիրավորական էլ է:
Խուզարկությամբ Ծատինյանի տնից առգրավել են զինվորական տարբեր իրեր՝ ուսապարկ, երեք հատ ռադիոհաղորդիչ՝ լիցքավորման սարքերով: Ծատինյանին հարց ուղղվեց՝ ինչի համար էին այդ իրերն իր տանը:
-Ռադիոկապերը չէին աշխատում, հին ժամանակներից մնացած իրեր էին, կար էլի, ինչի թափեինք, այդ տրամաբանությամբ կար,- պատասխանեց Ծատինյանը:
Հղում տալով գաղտնալսված խոսակցության այն դրվագին, երբ գործով մեղադրյալ Վազգենը նշում էր՝ «երկու ժամից կլինեմ այդտեղ, թղթերը կվերցնեմ, համ էլ մինի պոչը», Ծատինյանին այսօր հարց ուղղվեց էդ ինչ մինի պոչ էր: Ի պատասխան՝ Ծատինյանն ասաց, որ պատերազմից իր հետ բերել էր ասկոլկաներ, նույնիսկ մտադրություն ունեին որպես պատերազմից հուշ դրանցով սեղան սարքել ու մինի պոչն էլ էր պատերազմից բերված: Ասաց՝ ոչ մի վնաս տվող բան չի եղել, Վազգենին էլ հետարքրքել է, իրենք այնքան մոտ ընկերներ էին, որ կարող էին տարբեր իրերով փոխանակվել: Ծատինյանի խոսքով՝ ընկերական խոսակցություն է եղել: Այսօր հարցաքննվեց միայն Էդգար Ծատինյանը: Հաջորդ դատական նիստը նշանակվեց 2026 թվականի հունվարի 14-ին ժամը 14:30-ին:
Մանրամասները՝ տեսանյութում
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































