«168 ժամի» հարցերին պատասխանում է «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանը:
– ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը հայտարարել է, որ ռուսական կողմը պատրաստ է խորհրդակցել Երևանի հետ «Թրամփի ուղի» նախաձեռնության պարամետրերի և ՌԴ-ի հնարավոր մասնակցության շուրջ, և, որ դրա համար կան բավարար հիմքեր։ Այսինքն, ՌԴ-ն պատրա՞ստ է նաև ԱՄՆ-ի հետ համագործակցել այս համատեքստում: Մյուս կողմից, չպետք է մոռանալ, որ «Հարավկովկասյան երկաթուղիները», որը «Ռուսական երկաթուղիներ»-ի դուստր ձեռնարկություն է, ունի Հայաստանի երկաթուղային ցանցի կառավարման կոնցեսիա։
Հիշեցնենք նաև 44-օրյա պատերազմի արդյունքում կամ համատեքստում Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան եռակողմ հայտարարությունները, որոնց մասին վերջերս հաճախ է հիշում ռուսական կողմը և դրանք համարում ուժի մեջ: Այս ամենը հաշվի առնելով՝ ի՞նչ զարգացումներ սպասել, ՌԴ-ն փորձում է բաց չթողնե՞լ «ձեռքից» տարածաշրջանը:
– ՌԴ ԱԳՆ-ի դիվանագիտական լեզվով ակնարկներն ու ձևակերպումները ոչ թե ԱՄՆ-ի հետ համագործակցության պատրաստակամության, այլ ավելի շատ՝ ռեգիոնում խաղից դուրս չմնալու փորձերի մասին են, հատկապես այս իրավիճակում, երբ խոսքը վերաբերում է «Թրամփի ուղի» նախաձեռնությանը, ինչն ակնհայտորեն ուղղված է նաև Ռուսաստանի ազդեցության սահմանափակմանը Հարավային Կովկասում։ Ռուսաստանի համար այստեղ սկզբունքային է ոչ այնքան նախաձեռնության տնտեսական բաղադրիչը, որքան դրա քաղաքական և վերահսկողական ռեժիմը:
Կարդացեք նաև
Մոսկվան շատ լավ հասկանում է՝ եթե գործընթացն ամբողջությամբ ձևավորվի հայ-ամերիկյան կամ ավելի լայն՝ արևմտյան հովանու ներքո, դա կարող է հանգեցնել ոչ միայն ԱՄՆ-ի, այլև ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի ինստիտուցիոնալ ամրապնդմանը տարածաշրջանում, ինչը Ռուսաստանի համար արդեն իսկ ընկալվում է՝ որպես իր ազդեցության գոտու թուլացում, նեղացում։
Այդ պատճառով Մոսկվան ակնարկում է, որ առանց իր ներգրավվածության, հատկապես՝ ենթակառուցվածքային և տեխնիկական մակարդակում, նախագիծը դժվար իրագործելի է, քանի որ «Հարավկովկասյան երկաթուղին» գտնվում է ռուսական վերահսկողության տակ, իսկ երկաթուղային հաղորդակցությունների ցանկացած լուրջ փոփոխություն կամ ընդլայնում օբյեկտիվորեն բախվում է այդ հանգամանքին։
Սա նշանակում է, որ Ռուսաստանը փորձում է նախաձեռնությունը ոչ թե ուղիղ կերպով մերժել, այլ «մտնել ներս» և ազդել դրա ձևաչափերի վրա՝ վերահսկողության, անվտանգության և կառավարման հարցերում, պահպանելով իր ներկայությունը և լծակները Կովկասում։
Մարիամ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ՝ «168 ժամ» շաբաթաթերթի այս համարում


















































