«Վատ լուր ունեմ ձեզ համար, պարոն Հակոբյան․ էն օրը վարչապետի աշխատակազմից գնացել են բան առնելու՝ ասել են՝ եթե կանխիկով կտաք փողը՝ ուրիշ գին է, քարտով՝ կվճարեք ուրիշ գին»,- կառավարության նիստում ՊԵԿ նախագահին դիմեց Նիկոլ Փաշինյանը։ ՊԵԿ նախագահը ներկայացնում էր անկանխիկ առեւտրի դրական սալդոն։
«Էս կանխիկի հարցը պիտի լուծենք։ Ժողովուրդ, ինչների՞ս է պետք կանխիկ փողը, մի հատ կարա՞ք բացատրեք։ Ի՞նչ են անում մարդիկ կանխիկով՝ կաշառք են տալիս, ստվերային առեւտուր են անում․․․ Ի՞նչ պոզիտիվ բան կա, որ չեն կարող անել անկանխիկով․ ծննդին նվեր փո՞ղ տալ, հնարավոր է՝ տեղում հավելվածով փոխանցում ես»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա տարակուսեց՝ ի՞նչ է նշանակում Երեւանի կենտրոնում, վարչապետի աշխատակազմից առեւտուր են անում, ասում են՝ «Դե, գիտեք, ընկեր ջան, սենց է մեզ մոտ»: «Փակեք էդ խանութը։ Ձեւը գտեք՝ փակեք։ Փակեք էդ խանութը, էդ խանութում առեւտուր պետք է չլինի։ Իմ վրա եմ վերցնում անձնական պատասխանատվությունն ու ամեն օր կողքով անցնելու եմ։ Մինչեւ անձնական թույլտվությունս չլինի՝ էդ խանութը պիտի չբացվի։ Կզեկուցեք անձամբ։ Քանի սենց խանութի տեղ իմացա՝ պատասխանատվությունը վերցնում եմ ինձ վրա»,- ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց խիստ հսկողություն սահմանել նաեւ բջջային հեռախոսների Հայաստան մուտքի վրա․ հայտարարեց՝ յուրաքանչյուր քաղաքացի, տարեկան երկու հեռախոսից ավել Հայաստան մտցնելու իրավունք չպետք է ունենա։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լուսանկարը՝ արխիվային


















































