Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատարավարությունն այսօր չշարունակվեց պաշտպաններից մի քանիսի ու երկու մեղադրյալների՝ Իգոր Սարգսյանի և Կարո Ուկումշյանի բացակայության պատճառով։
Դատավորն ասաց, որ թեև ՆԳՆ ոստիկանության Մաշտոցի բաժնին հանձնարարվել էր ապահովել մեղադրյալների ներկայությունը, սակայն նրանք չեն արել։ Դատավորն ասաց՝ փորձել են պարզել պատճառը և ստացել են պատասխան՝ կապված է աշխատանքային ծանրաբեռնվածության հետ։
Նշենք նաև, որ դատական նիստից ուշացել էին նաև հանրային մեղադրողներից երկուսը։ Նիստը սկսվելուն պես՝ 20 րոպեով հետաձգվեց։
Կարդացեք նաև
Բագրատ Սրբազանը այս թեմայի շուրջ ելույթ ունեցավ՝ ասելով․ «Ուզում եմ իմ ամբողջ հուսախաբությունը և հիասթափությունը հայտնել, ինձ թվում է՝ մեր իրավապահ համակարգի ներկայացուցիչները պատշաճ կերպով չեն կարող կազմակերպել բոլորի ներկայությունը այս դատական նիստերին։
Եվ ձեր ուշադրությանն եմ ուզում հրավիրել, հայտարարության տեսքով եմ ասում, ինչո՞ւ չեն կարողանում, որովհետև իրենց ծառայությունը ստիպված կապված է լինում այլ դեպքերի և միջադեպերի հետ, ոչ թե մեղադրում եմ, այլ գնահատական եմ տալիս։
Վստահաբար մարդկանց հանում են իրենց ծառայությունից, և իրենք չեն կարողանում իրենց առաջին պարտականությունը, առաջնահերթությունը կատարել։ Վկան այսօր Իգոր Սարգսյանի և Կարո Ուկումշյանի բացակայությունն է։
Ես չեմ կարծում, որ այսպիսի կարևոր դատական նիստին իրենք կարող են բացակա լինել իրենց կամքով։ Ուրեմն խաթարված է համակարգը, որ իրենք չեն կարողանում մարդկանց ներկայությունն ապահովել, ինչո՞ւ է խաթարված, որովհետև իրենք կատարում են այլ պարտականություններ՝ իմ գնահատմամբ, հուսամ, չեմ սխալվում այս հարցում։
Իրենք ինչ պարտականություն են կատարում, հավանաբար իրենց զորահավաքագրել են՝ գնալու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին էդ խայտառակ միջադեպի մասնակցելու, միգուցե կապ պահպանելու և այլն, բայց դրանից տուժում է մեր դատական ընթացքը։
Ես խնդրում եմ ձեզ, որպեսզի այսուհետ այդ միջադեպերն այստեղ չկրկնվեն»։
Բագրատ Սրբազանը նշեց, որ սպասում է այս դատավարության տրամաբանական ավարտին, ապացույցներ-չապացույցների ներկայացմանը, և ամեն օր սպասում է այն մարդկանց դեմքերը տեսնելուն, ովքեր իրենց աչքերին նայելով՝ պիտի կարողանան ասել, որ այս ֆարսն իրականության մեջ այսպիսին էր։
Սա, ըստ նրա, վիրավորանք, է անթույլատրելի է։
«Եվ սա գալիս է այսպես կոչված բարձրագույն ղեկավարության իր թելադրած կամքը կատարելուց։ Մարդիկ ծառայության մեջ են, հանում, տանում են ուրիշ տեղ , հետևաբար ծառայություն չկա, հետևաբար մարդիկ չկան և հետևաբար գործընթացը չկա։
Ո՞վ է ինձ պատասխան տալիս, ինչո՞ւ եմ գալիս, երեք ժամ էստեղ նստում, հետո գնում, էդքան հե՞շտ է, կամ այս մարդկանց ո՞վ է պատասխան տալու, Կանադայի դեսպանատան ներկայացուցիչներն են այստեղ, մեր ժողովրդի ներկայացուցիչներն են։
Այս մարդիկ ամեն շաբաթ պարտավո՞ր են 15 րոպեով գան, թողնեն, գնան։
Չի կարող էսպես լինել, հարգարժան դատարան, սա ձեր գործառույթն է, պիտի միջոցներ ձեռնարկեք»,- ասաց Բագրատ Սրբազանը։
Նա, առիթը օգտագործելով, կոչ արեց ժողովրդին՝ գնալ Սուրբ Էջմիածին ու իրենց զորակցությունը հայտնել։ Այնտեղ կատարվողը, նրա գնահատմամբ՝ խայտառակություն ու ամոթ է։
Դատարանն ասաց՝ անընդունելի է, որ ոստիկանության աշխատակիցները, ծանուցված լինելով ու հանձնարարություն ստանալով ապահովել մեղադրյալների ներկայությունը, չեն կատարել իրենց պարտականությունը։ Դատարանը ՆԳՆ ոստիկանության վարչության պետի տեղակալին է գրություն հղելու՝ նման խոչընդոտներ չստեղծելու համար։
Միջնորդեցին կարգապահական վարույթ հարուցել ոստիկանների նկատմամբ։
Դատարանն ասաց՝ միջնորդելու են դատարանին գրավոր պատասխանելու։
«Մարդիկ ծանրաբեռնված են այլ բաներով, խնդիրը հրահանգ տվողների հետ է կապված, նրանք վստահաբար գտնվում են Սուրբ Էջմիածնում, դրա համար իրենց գործառույթը չեն կարող կատարել»,-շարունակեց Բագրատ Սրբազանը։
«Հայաստան» խմբակցության ազատազրկված պատգամավոր Արթուր Սարգսյանն էլ ելույթ ունեցավ՝ ասելով․ «Այս հինգ ամսվա անարդարությունն ու անօրինականությունը որ կա, որ մենք անցնում ենք, բայց այստեղ քրեական գործ չկա, այս օրը, որ տիրադավները գնացել են մեր Մայր Աթոռ, Բագրատ Սրբազանը և 18 արդարները պայքարում էին՝ այս օրը կանխելու համար։
Քանի որ Բագրատ Սրբազանը մեծ հեղինակություն էր եկեղեցում և մեծ հարգանք էր վայելում ժողովրդի մոտ և ձեռք էր բերել ժողովրդավարություն, մենք կալանքի մեջ ենք, որ կարողանանք լինել Մայր Աթոռում, կոչ են անում մեր ժողովրդին՝ իրենց զորակցություն հայտնել Մայր Աթոռին»։
Հաջորդ դատական նիստը նշանակվեց հունվարի 8-ին, ժամը՝ 15․00-ին, թե ինչու այդքան ուշ, դատավորը պարզաբանեց՝ գնալու է արձակուրդ ։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ


















































