«Եկել եմ Արմավիրից Վեհափառի պաշտպանության համար։ Սուրբ եկեղեցուն մեղադրում են, բայց սուրբ եկեղեցին պիտի պաշտպանվի»,- Մայր Աթոռի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Արմավիրի մարզից մի քաղաքացի։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Մայր Աթոռի բակում երկու հակընդդեմ ցույց է անցկացվում՝ մեկը 10 եպիսկոպոսների հորդորով Կաթողիկոսին հանգստի կոչելու, մյուս հատվածն ի պաշտպանություն կաթողիկոսի է հավաքվել։
Քաղաքացին լրագրողների հետ զրույցում ասաց, որ անհանգիստ է ու շատ մտահոգված․ «Վեհարանը մեր կարիքն ունի։ Ժողովուրդը պիտի գա, կանգնի եկեղեցու կողքին»։
Կարդացեք նաև
Լրագրողները հիշեցրին, որ 10 եպիսկոպոսներ միացել են Կաթողիկոսի հրաժարականի պահանջի գործընթացին։ Այս առիթով քաղաքացին ասաց․ «Իրականում դա է ամենավատը, որ այդ տիրադավ եպիսկոպոսները մինչև հիմա կարգալույծ չեն արվել»։
Ըստ նրա՝ երևում են ճնշման գործիքները և վստահեցրեց` ժողովուրդը չպետք է հանգիստ պահի իրեն, այլ պետք է մտահոգվի ու կանգնի իր հավատքի կողքին»։
Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ սա ամենասխալ բանն է, որ անում են, բայց միևնույն ժամանակ վստահեցրեց, որ նրանք չեն հաջողելու․ «Այդ «տասը» ոչ մի դեպքում եպիսկոպոս չեն։ Իրենք հետևորդ չունեն, սուտ է։ Չհավատաք»։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ ի՞նչ է կարծում այս նախաձեռնությունը ևս, ինչպես 2018-ին, կտապալվի՞, քաղաքացին պատասխանեց․ «Անպայման։ Ես նույն տեղում կանգնած եմ։ 2018-ին էլ նույն տեղում կանգնած եմ եղել։ Տապալվելու է»։
Նշենք, որ քաղաքացիներից շատերը, որոնք տեսախցիկների առաջ իրենց կարծիքն էին արտահայտում, հիմնականում պաշտպանում էին Վեհափառին։ Կային տեղեկություններ, որ շատ քաղաքացիներ բերվել են տարբեր համայնքներից՝ համայնքային իշխանությունների կոչերով։ Ըստ ականատեսների՝ Մայր Աթոռի բակում էին նաև Արագածոտնի մարզպետարանի աշխատակիցներ, օրինակ՝ Կրթության վարչության պետը։
Քաղաքացիներից մի կին էլ, որը ցանկացավ խոսել լրագրողների հետ, վստահեցրեց՝ մեր Կաթողիկոսի հետ ենք։ Հարցին՝ ինչո՞ւ են թիրախավորում հենց կաթողիկոսին, նա պատասխանեց․ «Մարդն այսպիսին է։ Գիշերը քնում, առավոտն արթնանում, միայն սրտիկներ է անում, ու վերջ, ինքն է որոշում։ Մեր ժողովուրդն էլ համախմբված չէ, որ որոշի՝ մենք ենք տերը մեր երկրի, ոչ թե պատահական մարդիկ, որոնց խաբված ձայն տվեցինք»։
Հարցին՝ կկարողանա՞ն հավատավորները պաշտպանել հայ առաքելական եկեղեցուն, քաղաքացին պատասխանեց․ «Ժողովրդի մեջ էլ վախ կա, եթե մի բառի համար տանում են, սովորական մարդն էլ կարող է ռեպլիկ անել, տանեն։ Հավատքը մեզ պետք է տանի դեպի հաղթանակ»։
Ուղիղ միացումը Մայր Աթոռի բակից ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ




















































