Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ կառավարության բողոքն ամբողջությամբ մերժվեց

Դեկտեմբեր 19,2025 13:30

Ռազմական դրության ժամանակ հավաքների սահմանափակումների հետ կապված օրերս հանրությունը տեղեկացավ վարչական վերաքննիչ դատարանի որոշման եզրափակիչ մասի հետ, սակայն թե նախապատմությունը, թե դատավարական որոշ գործընթացներ մնացին դուրս։ Ներկայացնենք հետաքրքիր մանրամասներ:

ՀՀ վարչական դատարանը 2020 թ. սեպտեմբերի 27-ի թիվ 1586-Ն որոշման հավելվածի III գլխի 8-րդ կետի գործողությունը կասեցնելու վերաբերյալ դիմողներ Արծվիկ Մինասյանի, Վահե Գրիգորյանի, Արթուր Ղազինյանի միջնորդությունը բավարարելու հիմքում դրել է նաև այն հանգամանքը, որ անկախ սույն գործի քննության արդյունքներից, 2020 թ. սեպտեմբերի 27-ի թիվ 1586-Ն որոշման հավելվածի III գլխի 8-րդ կետով սահմանված արգելքի կիրառումը ներկայումս այլևս համարժեք չէ արգելվող իրավունքների և ազատությունների նշանակությանը, պիտանի և անհրաժեշտ չէ թիվ 1586-Ն որոշմամբ սահմանված նպատակներին հասնելու համար:

Արծվիկ Մինասյանը, Վահե Գրիգորյանը, Արթուր Ղազինյանը 2020 թ. նոյեմբերի  23-ին դիմում էին ներկայացրել ՀՀ վարչական դատարան ՀՀ կառավարության դեմ՝ ՀՀ կառավարության 2020 թ. սեպտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» թիվ 1586-Ն որոշման հավելվածի III գլխի 8- րդ, IV գլխի 9.1-ին և 10-րդ կետերն անվավեր ճանաչելու, նշված դրույթներն ընդունելու պահից ուժը կորցրած համարելու պահանջների մասին:
ՀՀ վարչական դատարանի 2020 թ. նոյեմբերի 27-ի որոշմամբ դիմումն ընդունվել էր վարույթ, և որոշվել էր գործը քննել գրավոր ընթացակարգով։

Դիմողները միջնորդել են կասեցնել վիճարկվող դրույթների գործողությունը մինչև գործի քննության ավարտը։

Դատարանն արձանագրել էր, որ Սահմանադրական դատարանի 2020 թ. նոյեմբերի 20-ի թիվ ՍԴԱՈ-209 աշխատակարգային որոշմամբ կասեցվել էր «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» ՀՀ կառավարության 2020 թ. սեպտեմբերի 27-ի թիվ 1586-Ն որոշման հավելվածի 9.1-ին և 9.2-րդ կետերի գործողությունը մինչև գործի դատաքննության ավարտը։

ՀՀ սահմանադրական դատարանի որոշմանը և դիրքորոշմանը համահունչ, դատարանը գտել էր, որ կասեցման մասով դիմողների միջնորդությունը ենթակա է բավարարման։

Դատարանն արձանագրում է հետևյալը.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 10-րդ հոդվածով ամրագրված է արտահայտվելու ազատության իրավունքը, իսկ 11-րդ հոդվածով՝ հավաքների և միավորման ազատության իրավունքը։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) «Կուդրեվիչուսն ու այլք ընդդեմ Լիտվայի» գործով արձանագրել է, որ հավաքների ազատության իրավունքը ժողովրդավարական հասարակությունում հիմնարար իրավունք է և արտահայտվելու ազատության իրավունքին համանման ժողովրդավարական հասարակության հիմքերից է։ Հետևաբար այն ենթակա չէ սահմանափակ մեկնաբանման։ Որպես այդպիսին, այն տարածվում է ինչպես մասնավոր հավաքների վրա, այնպես էլ հանրային վայրերում հավաքների վրա, ինչպես մեկ վայրում հավաքվելու միջոցով, այնպես էլ երթերի վրա, բացի այդ, այն կարող է իրականացվել ինչպես առանձին մասնակիցների, այնպես էլ միջոցառման կազմակերպիչների կողմից (ՄԻԵԴ 15.10.2015 թվականի վճիռը, « 91, գանգատ 37553/05)։

Բացի այդ, «Ազատություն և ժողովրդավարություն կուսակցությունն (ՃZDER) ընդդեմ Թուրքիայի» գործով ՄԻԵԴ-ն ընդգծել է, որ չնայած ինքնավար դերին և կիրառման հատուկ ոլորտին, Կոնվենցիայի 11-րդ հոդվածը պետք է դիտարկվի Կոնվենցիայի 10-րդ հոդվածի լույսի ներքո։ Կարծիքների և դրանք ազատ արտահայտելու պաշտպանությունը Կոնվենցիայի 11-րդ հոդվածում ամրագրված հավաքների և միավորումների ազատությունների նպատակներից մեկն է։

Ինչպես դատարանը բազմիցս նշել է, ժողովրդավարությունն անհնար է առանց բազմակարծության։ Համաձայն 10-րդ հոդվածի 2-րդ կետի՝ Կոնվենցիայի 10-րդ հոդվածը կիրառելի է ոչ միայն այն «տեղեկատվության» կամ «գաղափարների» նկատմամբ, որոնք ընդունվում են բարեհաճությամբ կամ համարվում են անվտանգ ու չեզոք, այլ նաև նրանց, որոնք վիրավորում են, ցնցում կամ անհանգստություն պատճառում պետությանը կամ հասարակության ցանկացած մասին (ՄԻԵԴ 08.12.1999 թվականի վճիռը, « 37, գանգատ 23885/94)»:

Վարչական դատարանը /դատավոր՝ Մհեր Պետրոսյան/ արձանագրել էր, որ հավաքների կազմակերպման և անցկացման իրավունքը, որն արգելվել է քննարկվող՝ 27.09.2020 թվականի թիվ 1586-Ն որոշման հավելվածի III գլխի 8-րդ կետով, օրգանական կապի մեջ է ազատ արտահայտվելու իրավունքի հետ, և «գործողությունը չկասեցնելու դեպքում 27.09.2020 թվականի թիվ 1586-Ն որոշման հավելվածի IV գլխի 9.1-ին կետի գործողության կասեցումը կդառնա ինքնանպատակ»։

Երկու հատորանոց գործով բերվել էր վերաքննիչ բողոք: Վարչական վերաքննիչ դատարանի /Արման Թովմասյան,  Կարեն Մաթևոսյան, որի մահվան հետ կապված նա փոխարինվել էր Սոսյանով,   Արթուր Պողոսյան կազմով/ որոշմամբ՝ Արծվիկ Մինասյանի, Վահե Գրիգորյանի, Արթուր Ղազինյանի դիմումը բավարարվել է մասնակի:

Ոչ իրավաչափ է ճանաչվել ՀՀ կառավարության 27.09.2020 թվականի «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» թիվ 1586-Ն որոշման հավելվածի III գլխի 8-րդ, IV գլխի 9.1-րդ կետերը:

Ըստ դիմումի Արծվիկ Մինասյանի, Վահե Գրիգորյանի, Արթուր Ղազինյանի ընդդեմ ՀՀ կառավարության՝ ՀՀ կառավարության 27.09.2020 թվականի «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» թիվ 1586-Ն որոշման հավելվածի III գլխի 10-րդ կետն անվավեր ճանաչելու պահանջի մասին, գործի վարույթը կարճվել է:

Ի դեպ, այս գործով դատավոր Գ.Սոսյանն ընդունել էր ինքնաբացարկ. «Մասնակցել եմ սույն գործի քննությանը ՀՀ վարչական դատարանում, ինչը բացառում է վերաքննության կարգով գործի քննությանն իմ մասնակցությունը, գտնում եմ, որ պարտավոր եմ հայտնել ինքնաբացարկ»։

Այս տարվա դեկտեմբերի 10-ին /դատավորներ՝ նախագահող Հայկ Խաչատրյան, դատավորներ Արթուր Պողոսյան, Արկադիկ Մկրտչյան, Կարեն Ավետիսյան, Կարեն Գևորգյան/ որոշվեց Հայաստանի կառավարության վերաքննիչ բողոքն ամբողջությամբ մերժել` թիվ ՎԴ/9623/05/20 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի 2022 թ. մայիսի 10-ի կայացրած որոշումը՝ դիմումը մասնակի բավարարելու բողոքարկված մասով, թողնելով անփոփոխ:

Վերաքննիչ դատարանը գտավ, որ ՀՀ կառավարությունը չի ներկայացրել որևէ ծանրակշիռ փաստարկ կամ ապացույց առ այն, թե պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց` ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանը և պետական անվտանգության ապահովմանն առնչվող գործողությունները (այդ թվում` ելույթները, հրապարակումները) քննադատող կամ հերքող հրապարակումների արգելումն ինչ լեգիտիմ նպատակ է հետապնդել այն դեպքում, երբ ՀՀ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» թիվ 1586-Ն որոշման հավելվածի 9-րդ կետով ի սկզբանե սահմանված է եղել մարտական գործողությունների, դրանց ուղղությունների, մարտական տեխնիկայի, զինված ուժերի և այլ զորքերի, մարտական գործողություններով պայմանավորված քաղաքացիական անձանց (խմբերի) շարժի, մարտական գործողությունների արդյունքում պատճառված կորուստների և վնասների վերաբերյալ հրապարակումների, տեղեկատվական նյութերի, հարցազրույցների, հաղորդումների և դրանց հետ անմիջականորեն առնչվող այլ տեղեկությունների հրապարակային տարածումը, փոխանցումը, ներառյալ ինտերնետային կայքերում և սոցիալական ցանցերում դրանց հրապարակումների ձևով՝ բացառապես պետական մարմինների կողմից տրամադրված պաշտոնական տեղեկատվության հղումով հրապարակման հնարավորություն՝ ամբողջությամբ արտացոլելով պաշտոնական տեղեկատվությունը (առանց խմբագրման)։

Դատարանն արձանագրե էր. «Խոսքի կամ տեղեկատվության ազատության սահմանափակումներ չեն կարող դրվել ազգային անվտանգության նկատառումներից ելնելով, քանի դեռ կառավարությունը չի ապացուցել, որ սահմանափակումները սահմանված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում՝ ազգային անվտանգության օրինական շահերը պաշտպանելու համար:

Սահմանափակման վավերությունը ցույց տալու բեռը կրում է կառավարությունը:
Մասնավորապես, ազգային անվտանգության նկատառումներով արդարացված սահմանափակումն օրինական չէ, եթե դրա իրական նպատակը կամ շոշափելի ազդեցությունն ազգային անվտանգության հետ կապ չունեցող շահերը պաշտպանելն է, ներառյալ, օրինակ, կառավարությունը անհարմար վիճակից կամ օրինախախտման բացահայտումից պաշտպանելը, կամ հանրային հաստատությունների գործունեության մասին տեղեկատվությունը թաքցնելը կամ որոշակի գաղափարախոսություն արմատավորելը (…)» («Ազգային անվտանգության, արտահայտվելու ազատության և տեղեկատվության մատչելիության մասին» Յոհաննեսբուրգի սկզբունքներ, Արթիքլ 19, Լոնդոն ISBN 1 870798 89 9.11.1996 թ., սկզբունքներ 1 (d), 2 (b)»:

Վերաքննիչ դատարանը ընդգծել էր, որ վերաքննությունը սահմանափակվում է վերաքննիչ բողոքով ներկայացված հիմքերով և հիմնավորումներով, և այդ շրջանակից դուրս գտնվող հնարավոր հարցերը կամ հիմնախնդիրները քննության ենթակա չեն։

Ավելին, նման խիստ սահմանափակում նախատեսելու պայմաններում Վերաքննիչ դատարանը նկատում է, որ չի ներկայացվել որևէ ծանրակշիռ հիմնավորում ո՛չ նշված նորմի սահմանման նպատակի վերաբերյալ, ո՛չ ընտրված միջոցի անհրաժեշտության վերաբերյալ, մինչդեռ իրավունքների և ազատությունների սահմանափակումները պետք է ամրագրվեն՝ հիմք ընդունելով կոնկրետ պահանջներ և պետք է բավարար ու անհրաժեշտ լինեն կոնկրետ նպատակներին հասնելու համար:

Վերաքննիչ դատարանի վերջնական եզրահանգումը հետևյալն էր. որ քննարկվող դեպքում բացակայում է թիվ ՎԴ/9623/05/20 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի 2022 թ. մայիսի 10-ի որոշումը՝ բողոքարկված մասով, բեկանելու իրավական հիմքը։

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
18.12.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031