Կառավարության երեկվա նիստում ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը ներկայացնում էր սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման, դրանց մոտ 12,5 մլրդ դրամ հատկացնելու հարցը։ Իսկ ՀՀ վարչապետը նախարարների համար հատ-հատ կարդում էր, թե քանի ջրագիծ, քանի կիլոմետր գազի խողովակ, քանի բակ է ասֆալտապատվելու, քանի շենք ու տանիք է կառուցվելու կառավարության 162 սուբվենցիոն ծրագրերով, աշխատանքի որ մասն է արված եւ որն է դեռ մնում։
Գործադիրի նիստում շոշափված այս հարցերի շուրջ զրուցեցինք Ուրցաձորի նախկին համայնքապետ Ռաֆիկ Անդրեասյանի հետ, որը 96 թվականից ղեկավարել է համայնքը, հայտնի է բեղուն ծրագրերով, իր հարազատ Արարատի մարզի քայլող հանրագիտարանն է: Նա ասաց, որ դեմ է ինչ-որ կառուցված բան քանդելուն, բայց հարցն այն է, թե արդյոք տվյալ տունը մտնո՞ւմ է գյուղի հատակագծի մեջ, թե՞ ոչ: «Ես ընդհանրապես դեմ եմ որեւէ տուն քանդելուն, անկախ նրանից, թե ումն է, կլինի օլիգարխի, թե գյուղացու, ով ուզում է լինի: Եթե կա շինություն, որը չի խոչընդոտում անցուդարձին, ընդհանուր օգտագործման շահերին, ուրեմն դրան ձեռք տալ պետք չէ: Բայց եթե կա գլխավոր հատակագիծ, եւ այդ հատակագծից դուրս է, թող քանդեն: Թե չէ, պատկերացնո՞ւմ եք՝ ամեն սարի գլխին մի տուն սարքեին»,- ասում է Ռաֆիկ Անդրեասյանը: Եթե մարդը ոչ մի օրենք չի խախտել, համայնքն իրեն հատկացրել է հողը, ու նա սիրում է իր այդ մենավոր տունը, քանդելը սխալ է: «Հողը պետք է ամրապնդել»:
Ռաֆիկ Անդրեասյանը մի քիչ սրտնեղեց, որ լրագրողներս չենք անդրադարձել իր դատական գործին, կալանքին, այլ հիշում ենք նրան այն ժամանակ, երբ մեզ է պետք: Հիշեցնենք․ նրան մեղադրում են պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ, հունիսին կալանավորեցին, ապա փոխեցին խափանման միջոցը: Բայց երբ առաջարկեցինք «գուգլել» ու տեսնել, թե ինչքան հրապարակումներ կան իր գործով, շարունակեց զրույցը:
– Ի՞նչ կարծիքի եք կառավարության սուբվենցիոն ծրագրերի մասին, այսքան ջրագիծ է սարքվում, մանկապարտեզ, դպրոց, ասֆալտ, գազիֆիկացվում են գյուղերը: Օրինակ, այսօր 12,5 մլրդ հատկացրին այդ ծրագրերին:
– Ես ի սկզբանե նման ծրագրերի դեմ եմ եղել: Դա քաղաքական շահարկման լծակներ են՝ համայնքի ղեկավարներին իրենց ձեռքում պահելու համար: Մի օրինակ ասեմ՝ երբ որ Թեւանյան Ռազմիկն Արարատի մարզպետն էր, ես Շաղափ գյուղում եւ Ուրցաձորում ծրագրեր եմ մշակել՝ համայնքի մշակույթի տան վերակառուցման, գազիֆիկացման եւ ասֆալտապատման: Բայց մարզպետ կոչեցյալը մերժեց այդ ծրագիրը՝ ասելով, որ դրանք չեն համապատասխանում սոցիալ-տնտեսական հարցերին: Կգա ժամանակը, որ այդ մարզպետին կարելի է դատել նրա համար, որ նա սուբվենցիոն ծրագրով փող չտվեց համայնքին: Հիմա ես ինֆորմացիային, կառավարության նիստերին էլ չեմ հետեւում, գիտեմ, որ այս Երկիր մոլորակի համար ռեկորդային ստեր են հնչում:
Կարդացեք նաև
Սյուզան Սիմոնյան
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:


















































