Լրահոս
Օրվա լրահոսը

Այս խաղում տուժողը երկուսն են՝ Հայաստանի Հանրապետությունն ու Հայ Առաքելական Եկեղեցին. Դավիթ Սանասարյան

Դեկտեմբեր 19,2025 12:52

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանի ֆեյսբուքյան գրառումը

Այս օրերին իշխանություն-Եկեղեցի հակամարտությունը դարձել է գլխավոր օրակարգ։
Ուղիղ ասեմ՝ սա առանց այն էլ պառակտվող հասարակությանը էլի ավելի պառակտելու ճանապարհն է։
Վատն այն է, որ թեման քաղաքականացվում է տարբեր կողմերից․ իշխանությունը փորձում է այն օգտագործել՝ օրակարգ փոխելու և իր քայլերը «պետական» ներկայացնելու համար, իսկ նախկին իշխանությունները և այլ խմբեր՝ կաթողիկոսին պաշտպանելու պատրվակով սեփական հաշվարկները առաջ տանելու։ Արդյունքում ներքաղաքական պայքարի դաշտ են դարձնում նաև Եկեղեցին։

Այս խաղում տուժողը երկուսն են՝ Հայաստանի Հանրապետությունն ու Հայ Առաքելական Եկեղեցին։
Այո, Եկեղեցում կան խնդիրներ, և դրանք պետք է լուծվեն Եկեղեցու ներքին կարգով՝ եկեղեցականների պատասխանատվությամբ։ Բայց երբ թեման տեղափոխվում է քաղաքական հաշվեհարդարի դաշտ, դա չի տանում հանգուցալուծման, տանում է սրման։

Կոչ եմ անում՝ հանդարտվել։ Պառակտելով հասարակությունը մենք հեշտացնում ենք թշնամու գործը՝ հենց այն պահին, երբ մեր առաջնային խնդիրները պետք է լինեն անվտանգությունն ու ինքնիշխանությունը։

Ես չեմ մասնակցել և չեմ մասնակցելու ներքին թշնամանքի գեներացմանը և նույնը կոչ եմ անում բոլորիդ։ Իմ դիրքորոշումը հստակ է՝
Հայաստանը պետք է լինի ուժեղ պետություն՝ օրենքներով, ինստիտուտներով և ազգային համերաշխությամբ։

Ով պառակտում է հասարակությանը՝ ակամա կամ գիտակցաբար թուլացնում է պետությունը։
Մենք առհասարակ իրավունք չունենք մեր ներսը դարձնել կռվի դաշտ, առավել ևս այն պահին, երբ արտաքին ճնշումը չի նվազում։

Աստված պահապան Հայաստանին ու հայ ժողովրդին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031