Լրահոս
Օրվա լրահոսը

Դադարեցրե՛ք կրակի հետ խաղալը: Եկեղեցին քաղաքական մանկապարտեզ չէ, ոչ էլ ձեր խաղավայրը. հայտարարություն

Դեկտեմբեր 19,2025 15:07

Այն, ինչ տեղի ունեցավ դեկտեմբերի 18-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, ոչ թե «եկեղեցական մտահոգություն» էր, այլ կանոնական հեղաշրջման ձախողված փորձ և բացահայտ հարձակում հայոց պետականության հոգևոր հիմքերի վրա։ Տիրադավ և ուխտադրուժ եպիսկոպոսների խումբը, վերածվելով քաղաքական գործիքի, փորձեց փողոցային տրամաբանությունը ներարկել դարավոր Սուրբ Աթոռ, իսկ նամակ հանձնելուց հետո «առաքելությունն ավարտված» համարելը զավեշտալի է ու մերկացնող։

Մենք սա որակում ենք որպես հոգևոր դավաճանություն։ Սուրբ Էջմիածինը թատերաբեմ չէ սցենարներ խաղալու, ամբոխներ հրահրելու կամ «փողոցային ճնշմամբ» կաթողիկոսական գահը սասանելու համար։ Սա պառակտման գիտակցված սերմացանություն է, որն իրականացվում է ազգային միասնության հաշվին։

Խիստ դատապարտելի է, որ այս եկեղեցաքանդ արշավը սնվում է ուղիղ պետական մակարդակով։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի «չուղղորդված», բայց հրապարակային աջակցությունն ապստամբ եպիսկոպոսներին ոչ այլ ինչ է, քան ցինիկ միջամտություն Եկեղեցու ներքին կյանքին, հատկապես պետական ռեսուրսները այս սատանայական գործին ծառայեցնելով և ոտնակոխելով մեր սահմանադրության կողմից եկեղեցու ինքնուրույնությունն ու անկախությունը երաշխավորող բոլոր դրույթները։

Դեկտեմբերի 18-ին Մայր Աթոռի տարածքում ոստիկանական պատնեշների և «Վեհափառ» վանկարկող հավատավորների ներկայությունը փաստեց մեկ բան՝ ժողովուրդը թույլ չտվեց սրբապղծությունը։ Սրբավայրերը քաղաքական հաշվեհարդարի դաշտ դարձնելու ցանկացած փորձ դատապարտված է ձախողման։

ՄԵՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՈՒՂԵՐՁԸ

Դավաճան եպիսկոպոսներին. դուք կրում եք անձնական և պատմական պատասխանատվություն հավատավոր ժողովրդին իրար հակադրելու և Մայր Աթոռի հեղինակությունը վաճառքի հանելու համար։ Այս առիթով մենք խիստ պահանջ ունենք Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսից՝ կիրառել տիրադավների նկատմամբ կանոնական ամենախիստ պատիժները՝ ընդհուպ մինչև կարգալույծ հռչակելը։

Գործող իշխանությունից. դադարեցրե՛ք խաղալ կրակի հետ։ Եկեղեցին քաղաքական մանկապարտեզ չէ, ոչ էլ ձեր խաղավայրը։ Հարգե՛ք Եկեղեցու սրբությունը, քանի դեռ պառակտումն անդառնալի չի դարձել։

Ոստիկանությանը և ԱԱԾ-ին. պետական համազգեստը չպետք է ծառայի որպես վահան՝ մեկ անձի քաղաքական շահերը սպասարկելու համար։ Պահանջում ենք պահպանել բացարձակ չեզոքություն և չսպասարկել նեռի դիվային ծրագրերը:

Հայ հավատավոր ժողովրդին. եղե՛ք արթուն և սթափ։ Մայր Աթոռը մեր հոգևոր ամրոցն է՝ պարգևված մեր Տիրոջ և Փրկչի Հիսուս Քրիստոսի կողմից, ոչ թե մեկ մոլագարի «մասնավոր նախագիծը»։ Թույլ մի՛ տվեք, որ ձեր հավատքը դառնա մանրադրամ։

Հատկանշական է, որ երեկվա ամբողջ դավը հյուսվեց և իրագործվեց հինգշաբթի երեկոյան ժամը 17-ին՝ նույն օրը և ժամին, երբ վերնատան մեջ Հուդան դավաճանեց մեր Տիրոջն ու Փրկչին՝ վերջին խորհրդավոր ընթրիքի ընթացքում:

Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031