«Օրրանի» 160 շահառու երեխաների «Տաշիր Արենան» հրավիրել էր ամանորյա հրաշալի կրկեսային շոուին։ Բարեգործական ցուցադրությունը նախաձեռնել էր «Տաշիր» ընկերության հիմնադիր Սամվել Կարապետյանի դուստրը՝ Տաթեւիկ Կարապետյանը ։Գունագեղ բեմադրությունը, երաժշտությունը և ջերմ մթնոլորտը երեխաների համար իսկական հեքիաթային տրամադրություն էին ստեղծել։

Աննկարագրելի էին Արցախում մեծացած ութամյա Յանի հույզերը․ նրա մանկության վաղեմի երազանքն էր գոնե մեկ անգամ հաղորդակցվել կրկեսի կախարդական աշխարհին և անձամբ զգալ դրա հմայքը։ Նա, շունչը պահած, աչքերը լայն բացած, հետևում էր ակրոբատների ճկուն շարժումներին, որոնք ուղեկցվում էին լուսային և ձայնային աննկարագրելի էֆեկտներով։ Յանը խոստովանեց, որ իրականացավ իր երազանքներից առաջինը՝ մասնակցել կրկեսային ծրագրին, իսկ երկրորդը մնում է նրա ու շատերի ամենամեծ ցանկությունը՝ վերադարձը Արցախ։ Տաշիր Արենայի կազմակերպած շոու ծրագրին միացել էր նաև «Տաշիր պիցցա» ընկերությունը, որը շուրջ տասը տարի իր աջակցությունն է ցուցաբերում «Օրրանի» երեխաներին․ տարիների ընթացքում բարեկամ կազմակերպության ցուցաբերած ուշադրությունը միշտ գնահատելի է եղել օրրանցիների կողմից:
««Տաշիր Գրուպ»-ի նախաձեռնությունները ապացուցում են, որ բիզնեսն ու հասարակությունը կարող են ձևավորել փոխվստահության վրա հիմնված հարաբերություն, իսկ իրականացվող անշահախնդիր քայլերը՝ ամրապնդել հավատը բարության, կարեկցանքի և սոցիալական պատասխանատվության արժեքների նկատմամբ»,-նշում է «Օրրան» բարեգործական կազմակերպության հիմնադիր Արմինե Հովհաննիսյանը։



















































