-Ծանո՞թ եք գործի նյութերին,- այսօր Հակակոռուպցիոն դատարանում մեղադրող դատախազին այս հարցն ուղղեց ՔՊ-ից հեռացված ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը:
Այսօր Աղազարյանի ենթադրյալ կաշառք ստանալու գործով առաջին դատական նիստն էր:
Հանրային մեղադրողը հրաժարվեց պատասխանել հարցերին՝ ասելով, որ չկա նման ընթացակարգ, որ ինքը մեղադրյալի հարցերին պետք է պատասխանի այս փուլում:
Հարցին պատասխանեց նիստը նախագահող դատավոր Սարգիս Պետրոսյանը. «Եթե ծանոթ չլինի, ո՞նց կարող է հաստատել մեղադրական եզրակացությունը»:
Կարդացեք նաև
-Կներեք, եթե ավելորդ հարց էր,- արձագանքեց պատգամավորը:
Հետո նա այլ հարցեր սկսեց ուղղել մեղադրողին, բայց նիստը նախագահողն ասաց՝ այս փուլում հարց ու պատասխանի փուլ չէ, դատարանը թույլ չի տալու, որ հանրային մեղադրողը պատասխանի:
Աղազարյանն էլ արձանագրեց, որ այս գործով կարմիր գծի նման պարզ երեւում է հանձնարարական կատարելու գործընթաց, ապա բացարկ հայտնեց դատախազին՝ պնդելով, որ գործում առկա են հանգամանքներ, որոնք կարող են ողջամիտ կասկած հարուցել հանրային մեղադրողի անկողմնակալության վերաբերյալ:
-Եթե Արամ Մկրտչյանից կաշառք եմ վերցրել, բա ինչո՞ւ Արամ Մկրտչյանի նկատմամբ ենթադրյալ կաշառք տալու համար քրեական հետապնդում չի հարուցվել: Բա ումի՞ց եմ ենթադրյալ կաշառքը վերցրել: Կարո՞ղ եմ մտածել, որ գործարք է եղել, որի արդյունքում էլ այսօր Արամը վայելում է ազատությունը:
-Դուք էլ եք ազատության մեջ,- արձագանքեց նիստը նախագահողը:
Փաստաբան Աննա Ծառուկյանը ասաց՝ միանում է իր պաշտպանյալի բացարկի միջնորդությանը՝ պնդելով, որ գործում քաղաքական հետապնդման տարրեր կան. «Այս գործը դատարան չպետք է հասներ»:
Մեղադրող դատախազն էլ հետաքրքրվեց՝ որտեղի՞ց համոզվածություն, որ Արամ Մկրտչյանը չունի մեղադրյալի կարգավիճակ. «Ի՞նչ տեղեկություններ ունեք այս գործից անջատված մասից, որ նման հայտարարություններ եք անում»:
Դատարանը որոշեց մերժել Աղազարյանի բացարկի միջնորդությունը՝ անհիմն լինելու պատճառով:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Լուսանկարը՝ «Ֆակտորի»















































