Լրահոս
Օրվա լրահոսը

«Թե՛ ԵՄ/ԵԱՀԿ-ն, թե՛ Ռուսաստանն ու ԱՊՀ-ն մշտապես աջակցել են Հայաստանում գործող իշխանությունների «էլեկտորալ» վերարտադրմանը»

Դեկտեմբեր 20,2025 13:00

«Առավոտի» զրուցակիցն է ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, Արցախի նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյանը։

Իրանից հնչում են կոշտ հայտարարություններ, որ Իրանը կտրականապես դեմ է Կովկասում ցանկացած օտար ուժի ներկայությանը, որ TRIPP-ը նույն «Զանգեզուրի միջանցքն է», ինչպիսի՞ զարգացումներ եք դիտարկում, սա չի՞ վտանգում ՀՀԻրան հարաբերությունները։

– Իրականում Իրանի համար Հայաստանի հետ ունեցած հարաբերությունների դրական երանգավորումն այսօր այդ երկրի սահմանների հյուսիսային հատվածի գոնե մասնակի անվտանգությունն ապահովող միակ դեռևս կանգուն մնացած գործոնն է: Թուրքիան, Նախիջևանը, Ադրբեջանը Իրանի դեմ թշնամական հարվածային պլացդարմ ձևավորելու ճանապարհին են: Պաշտոնական Թեհրանը 2020-ին Արցախի դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում սեփական անվտանգությունը հավուր պատշաճի ապահովելու պահը բաց թողեց, չցանկացավ աջակցել հայկական ինքնապաշտպանությանը, թեև այդ պահին միակ պետությունն էր, որ անմիջական սահման ուներ Արցախի հետ ու կարող էր միջամտել՝ կանխել մերձարաքսյան տարածքների կորուստն ու, այդպիսով, սեփական անվտանգության առաջնային կարիքները հոգալ: Այժմ պաշտոնական Թեհրանի համար անվտանգության խնդրի լուծումը հյուսիսային ուղղության վրա դժվար կլինի գտնել՝ առավել ևս Հայաստանի հետ հարաբերությունները կասկածի տակ դնելով, առավել ևս, որ Թրամփի ուղին նաև Ռուսաստանի գործնական հակազդեցության թիրախ չէ:

ԵՄն պատրաստվում է 12 միլիոն եվրոյի աջակցություն տրամադրել Հայաստանին` երկրում 2026 թվականի ամռանը կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ հնարավոր հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու, ինչպես նաև կիբեռանվտանգությունն ամրապնդելու հարցով: Ըստ ձեզ՝ սա ի՞ նչ օգնություն է ընդդիմադիր գործիչները համարում են, որ այսպիսով ԵՄն միջամտում է ՀՀ ներքին գործերին։

– Թե ԵՄ/ԵԱՀԿ-ն, թե Ռուսաստանն ու ԱՊՀ դիտորդական առաքելություններն իրենց փաստացի պահվածքով մշտապես աջակցել են Հայաստանում գործող իշխանությունների «էլեկտորալ» վերարտադրմանը, ընտրությունների կեղծումը քողարկել են իրենց հետընտրական «անաչառ ու շիտակ գնահատականներով»: Ընտրական գործընթացներին մասնակցելու անձնական փորձից ելնելով եմ սա ասում: Օտարների շահագրգիռ ներգրավվածությունն ու կողմնապահությունը պայմանավորված են իրենց՝ Հայաստանում ու տարածաշրջանում ունեցած կենսական շահերով: Արտաքին որևէ միջամտություն հնարավոր կլինի կանխել միայն այն ժամանակ, երբ դրա անընդունելի, մերժելի ու պատժելի լինելու վերաբերյալ Հայաստանի քաղաքական ուժերը կունենան միասնական դիրքորոշում՝ նաև օրենքի ուժով խստիվ պահպանվող կոնսենսուս:

Բաքվում պահվող հայ ռազմագերիների դատավարությունները մոտենում են ավարտին, ի՞նչ եք կարծում՝ հնարավո՞ր է որոշ ռազմագերիների ազատ արձակում, քանի որ միջազգային կառույցներում կարծես կա այն տեսակետը, որ հնարավոր է որոշ լավ լուրեր լինեն այս առիթով։

– Գուցե հայ պատանդներից ոմանք համաներմամբ ազատ կարձակվեն, թեև լավատեսության համար շատ հիմքեր չեմ տեսնում: Կարծում եմ, որ նրանց զգալի մասը կմնա զնդանում այնքան ժամանակ, քանի դեռ իշխանությունն Ադրբեջանում կենտրոնացած կլինի ալիևյան ընտանիքի ձեռքին: Քրդական առաջնորդ Աբդուլահ Օջալանի ճակատագիրը նման իրավիճակների համար լավ մշակված քաղաքական մարտավարության օրինակ է ու նախագահ Էրդողանը, թերևս, չի զլանա իր ադրբեջանցի գործընկերոջ հետ փորձի փոխանակմանը միտված գործնական զրույցներ անցկացնել:

Ինչպե՞ս կմեկնաբանեք ՀՀում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսի այն գրառումը, որ «օգոստոսյան հանդիպումը Սպիտակ տանը իսկապես ցուցադրական էր՝ առանց պատշաճ նախապատրաստության։ Հայաստանը փշրեցին, վրայով բուլդոզերով անցնելով»։

– Գտնում եմ, որ դեսպան Էվանսի տեսակետը կիսողները Հայաստանում, և ոչ միայն Հայաստանում՝ շատ են: Հավանաբար ամերիկյան գործող վարչակազմը տեղյակ է այդ մասին ու կձգտի մեղմել կատարվածի հետևանքները: Բայց նաև անհրաժեշտ է նկատի ունենալ, որ պարոն Էվանսի խոսքն անցյալից եկող ձայն է, որն իրականությունը փոխելու ներուժ չունի: Իսկ մենք, անկախ ամեն ինչից, պետք է ոտքի վրա մնալու, իրականության հետ բաց ճակատով առերեսվելու, մարտահրավերներին դիմակայելու մեր ողջ, դեռևս պահպանված ներուժը գործի դնենք՝ գլխներիս եկածը վերապրելու ու մեր ապագայի ճամփան հարթելու համար:

Նիկոլ Փաշինյանը հայտարարում է՝ նրանք, ովքեր ասում են, որ Ղարաբաղի հարցը լուծված չէ, նոր պատերազմ են ուզում, կամ ասում է, որ ԼՂ հայրենակիցների վերադարձի թեման բարձրացնելը վտանգավոր է, ի՞նչ եք կարծում՝ Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությոնները հետագայում ի՞նչ վտանգներ կարող են առաջացնել՝ նաև իրավական գործընթացներում։

-Վարչապետ Փաշինյանն իր տեսակետները հայտնելու նույնքան իրավունք ունի, որքան և բոլոր այն մարդիկ, որոնք իր մոտեցումները մերժում են: Կարևոր է, որ վարչապետն իր տեսակետները չմատուցի մեղադրանքի կամ քաղաքական շանտաժի լեզվով: Կարևոր է, որ իր ընդդիմախոսներն ունակ լինեն կապակցված ու կենսունակ լուրջ քաղաքական պլատֆորմ մշակել: Հայեցակարգային դեռահասության այս փուլն անհրաժեշտ է օր առաջ հաղթահարել, հասունանալ: Ոչ մի արտաքին դերակատար դրանում շահագրգռված չի լինելու: Հաջողենք էլ, ձախողենք էլ՝ ինքներս ենք դրա պատասխանատուն լինելու:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
19.12.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031