Լրահոս
Օրվա լրահոսը

Մալիշկայում և Բարձրավանում հիմնադրվել է երեխաների համար նախատեսված երկու նոր կենտրոն

Դեկտեմբեր 20,2025 10:40

ՅՈՒՆԻՍԵՖ-ը, Ճապոնիայի կառավարության՝ Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) ֆինանսական աջակցությամբ և տեղական գործընկերների հետ սերտ համագործակցությամբ, Մալիշկայում (Վայոց Ձորի մարզ) և Բարձրավանում (Սյունիքի մարզ) հիմնադրել է երեխաների համար նախատեսված երկու նոր կենտրոն։ Վերանորոգված կենտրոններն անվտանգ և ներառական միջավայր կապահովեն 5-ից 15 տարեկան երեխաների համար, այդ թվում՝ փախստական ընտանիքներից։

Մալիշկան, որտեղ ապրում է ավելի քան 350 երեխա, այդ թվում՝ 48 փախստական, և Բարձրավանը, որտեղ ապրում է 19 երեխա, որոնցից 12-ը փախստականներ են, այժմ ունեն սոցիալական շփմանը և էմոցիոնալ բարեկեցությանը նպաստող հնարավորություններ։

Երկու կենտրոնների վերանորոգման և կահավորման որոշումը կայացվել է տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ՝ երեխաների կարիքների համապարփակ գնահատման արդյունքում։ Վերջինս ցույց է տվել երեխաների համար անվտանգ և համակարգված միջավայրի հրատապ անհրաժեշտությունը: Ընդ որում համայնքները պարտավորվել են իրենց բյուջեներում ներառել կենտրոնների գործունեության շարունակականությունը՝ հոգալով կոմունալ ծառայությունների ծախսերը և աշխատավարձերը։

«ՅՈՒՆԻՍԵՖ-ում մենք ասում ենք, որ յուրաքանչյուր երեխայի համար պետք է հասանելի լինեն անվտանգ, ջերմ և աջակցող կենտրոններ իրենց իսկ համայնքներում», – նշել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի տեղակալ Սիլվիա Մեստրոնին։ «Այսպիսի կենտրոնները երեխաներին հնարավորություն են տալիս միասին խաղալ, կարդալ, ինքնարտահայտվել և մասնակցել համատեղ միջոցառումների, որոնք զարգացնում են անձնական դիմակայունություն, ինքնավստահություն, ստեղծագործական միտք, սոցիալական շփումներ և պատկանելության զգացում»։

«Այս կենտրոնները հատկապես կարևոր են այն համայնքներում, որոնք ընդունել են փախստական երեխաների և դեռահասների, ովքեր վերապրել են կորուստ, տեղահանում և հոգեսոցիալական սթրես», – նշել է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության մշտական ներկայացուցիչ պրն Ջունջի Վակույին։ «Մալիշկայի կենտրոնի պես երեխայակենտրոն վայրերը կենսական դեր են խաղում ներառական և անվտանգ միջավայրերի ձևավորման գործում, որտեղ փախստական և հյուրընկալող համայնքների երեխաները կարող են միասին ինտեգրվել, մեծանալ և օգտվել հոգեսոցիալական ու այլ աջակցող ծառայություններից»։

«Երեխաների համար նախատեսված նոր կենտրոնների ստեղծումը վկայում է, որ երբ համայնքը, գործընկերներն ու քաղաքացիական հասարակությունը միավորում են ջանքերը, համայնքում հնարավոր են դառնում երկարատև և դրական փոփոխություններ: Մալիշկայի և Բարձրավանի կենտրոնները ստեղծվել են հենց նման ձևաչափով՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի, համայնքների և «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի միջև ձևավորված ամուր գործընկերության արդյունքում ։ Մեր երախտագիտությունն ենք հայտնում Եղեգնաձորի և Գորիսի համայնքապետարաններին՝ ողջ գործընթացում ցուցաբերած ակտիվ ներգրավվածության և աջակցության համար: Հավատացած ենք, որ այս կենտրոնները դրական և երկարատև ազդեցություն կունենան երեխաների զարգացման և համայնքների հզորացման գործում», – նշել է «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի Հայաստանյան գրասենյակի տնօրեն Վարդուհի Դադունցը:

ՅՈՒՆԻՍԵՖ-ը նպաստում է Հայաստանի ողջ տարածքում բազմաոլորտային ծառայությունների կայուն ցանցի ձևավորմանը, որորնք միտված են աջակցելու երեխաների բարեկեցությանը։ Ճապոնիայի աջակցությամբ ՅՈՒՆԻՍԵՖ-ը նախատեսում է 2026 թվականին բացել ևս մեկ նմանատիպ կենտրոն։

ՅՈՒՆԻՍԵՖ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031