Լրահոս
Օրվա լրահոսը

Նորից հիշել են գրանտակերների` 10 տարվա վաղեմություն ունեցող անփառունակ գործը․ «Հրապարակ»

Դեկտեմբեր 20,2025 11:05

Գլխավոր դատախազությունը դատարան է ուղարկել մասշտաբային հափշտակության վերաբերյալ մի գործ, որը 10 տարվա վաղեմություն ունի, քննվել ու «դատաքննվել» է 2016-2017 թվականներից սկսած եւ դատական հեռանկար չունի: Հանցագործը ոմն Հ. Գ.-ն է, որը, ըստ քննիչների, 2009-2014 թվականների ընթացքում Եվրոպական Միությունից 972 միլիոն դրամ է հափշտակել: Այդ ընթացքում Հ. Գ․-ն զբաղեցրել է ֆինանսների նախարարության` Եվրոպական Միության հետ աշխատանքների համակարգման բաժնի ղեկավարի պաշտոնը: Նրա գործունեությունը հիմնականում միջազգային ասպարեզում է եղել: Մեր տեղեկություններով, խոսքը «Հայաստանի բրոքերների ասոցիացիա» ՀԿ նախագահ Հրայր Գյոնջյանի մասին է: Ըստ դատախազության, նա 972 մլն դրամը հափշտակել է՝ հաղթող ճանաչվելով «ԵՄ պատվիրակության կողմից հայտարարված մրցույթներում տարբեր հասարակական կազմակերպությունների միջոցով կեղծ դրամաշնորհային ծրագրեր ներկայացնելով»: Նրան օգնել են ԵՄ հայաստանյան գրասենյակի աշխատակից Մոնիկա Պապյանը, ԵԱՀԿ գրասենյակների աշխատակիցները, այլ անձինք:

Բացահայտումը նոր չէ: Այս վարույթով դատախազությունն ընդամենը հաստատել է դեռեւս 2016 թվականին Գյոնջյանին առաջադրված մեղադրանքը: Քանի որ Գյոնջյանը դեռ այն թվերից հետախուզման մեջ է, դատարանին միջնորդել են նրա նկատմամբ հեռակա դատաքննություն իրականացնել: Հիշեցնենք․ սա հայտնի գրանտակերների գործն է, որի շուրջ ժամանակին մեծ աղմուկ էր բարձրացել: Իրավապահ մարմիններին դիմել էր հենց գրանտատուն՝ Եվրոպական Միության գրասենյակը, որը ստուգումներ էր իրականացրել եւ հայտնաբերել, որ հատկացված դրամաշնորհը նպատակային չի օգտագործվել, եւ խոշոր գումար է յուրացվել: Այն ժամանակ, բացի Գյոնջյանից եւ Չիլինգարյանից, այլ մեղադրյալներ էլ կային: Մի խումբ անձանց կողմից փաստաթղթերի կեղծիք կատարելու համար մեղադրանք էր առաջադրվել 8 անձի՝ Տիգրան Սուքիասյանին, Գեւորգ Ղազարյանին, Ռուբինա Տեր-Մարտիրոսյանին, Արմեն Բարեղամյանին, Անահիտ Ավագյանին, Սերգեյ Բալասանյանին, Դինա Մանուկյանին, Կարեն Ստեփանյանին։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031