Հայ իրականության մեջ որևէ հայի համար ամենավարկաբեկիչ փաստը Քաղաքացիական պայմանագիր կրոնա-քաղաքական աղանդի որևէ կարգավիճակով անդամ լինելն է։ Դեռևս իրավապահ մարմինների ակամա պաշտպանության տակ գտնվող այդ կառույցը շարունակում է վարկաբեկել մարդկանց՝ բոլոր թույլատրելի սահմանները հատելով։ Եթե ուշադիր լինենք, ապա կտեսնենք, որ իրականում այդ վարկաբեկումներին շան տեղ դնող էլ չկա, պարզապես խաթարում են մարդկանց անդորրը։
Արհեստավարժ վարկաբեկողներն ու զրպարտիչները աղանդավորներին ու մեր թշնամիներին հրճվանք պատճառելով ու հայի սիրտը վնասելով դեկտեմբերի 18-ին գլխիկոր հեռացան Մայր Աթոռից։ Բայց ինչի՞ց էր այդ հակաեկեղեցական մասսան Հայաստանի տարբեր մարզերից այդ օրը այդպես ոգևորված Հայոց Սուրբ քաղաք ուղևորվել։
Ինչպես հայտնի է, 2025 թվականի նոյեմբերի 16-ին Վաղարշապատի խոշորացված համայնքում ավագանու արտահերթ ընտրություններ էին տեղի ունեցել, որի արդյունքում Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացուցչին հաջողվել էր հավաքել առավելագույն ձայներ։ Թերևս, դրանից նույնպես լիցքավորված՝ ՔՊ ղեկավարը հայտարարեց ու իր հետևորդներից ոմանք էլ երկրորդեցին, թե իբր դրանով վաղարշապատցին իրենց մանդատ է տվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դեմ իրականացվող իրենց արշավը տեղափոխել Հայոց Սուրբ քաղաք Էջմիածին։ Բազմաթիվ հիմնավորումներով մարդիկ փորձեցին հասկացնել նրանց, որ դա այդպես չէ, որ վաղարշապատցին իրենց նման մանդատ չի տվել, սակայն սթափեցնող կոչերը նույնպես արհամարհելով արդեն դեկտեմբերի 18-ի երեկոյան նրանք իրենց հակաեկեղեցական լեգեոնով, ուժայինների ուղեկցությամբ ներխուժեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։
Թերևս հույս ունեին, որ ուժային կառույցները իրենց հետ 150 մետրանոց կանաչ գորգ պետք է բերեին ու փռեին դեպի Վեհարան տանող ճանապարհով մեկ և Էջ Միածինն ի Հօրէ հոգեզմայլ երգի ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պանծալի դրոշի ներքո նրանք պետք է գնային ու ազգընտիր Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ Շինարար կաթողիկոսին «Հանգստի կոչեին»։
Կարդացեք նաև
Տեղի ունեցավ հակառակը, ժողովրդի սուլոցների ու ամոթանքների ներքո նրանք կարողացան միայն փոքր-ինչ մոտենալ Վեհարանին և ինչ-որ գրություն փոխանցել քարտուղարությանը։ Որից հետո նրանք ոչ թե գնացին, այլ ուժայինները պարզապես նրանց փախցրեցին այնտեղից։ Հայաստանում և Հայաստանից դուրս գտնվող հակաեկեղեցական ակտիվիստները բոլորը մեկտեղվել էին և ի՞նչ ողորմելի հույս էին փայփայում իրենց մեջ։ «Հանգստի կոչել» Վեհափառ Հայրապետին։ Որևէ ածականով չեմ ուզում դիմել այդ 10 սրբազաններին, նրանք շարունակում են մնալ որպես Հայ Եկեղեցու հոգևորականներ և դեռևս հնարավորություն ունեն մեկ անգամ ևս անդրադառնալու այն մեթոդներին, որոնցով նրանք փորձում են «բարեփոխել» Եկեղեցին։
Սիրելի սրբազան հայրեր, անդրադարձեք խնդրում եմ, թե ո՞ւմ հետ եք դուք ուզում բարեփոխել մեր Սուրբ Եկեղեցին և ինչպե՞ս եք ուզում բարեփոխել։ Ձեզ, սրբազան հայրեր, այժմ ուղղորդում է ատելությունը, փորձեք ազատվել այդ ատելությունից և դարձի եկեք, քանի դեռ չեն այրվել վերադարձի վերջին կամուրջները։
Հույսի աղբյուրը Աստված է, իսկ Աստված երբեք իր Որդու դեմ պայքարողին հաղթանակի հույս չի ներշնչի։ Ուրեմն խորհեք և ներհայեցողությամբ անդրադարձեք սրբազան հայրեր, ձեզ ո՞վ այդպիսի հույս ներշնչեց ու հրաժարվեք նրա բոլոր խաբեություններից ու նրա բոլոր թվացյալ զորություններից։ Աստված օգնական բոլորիդ։
Գենադի ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ


















































