Լրահոս
Օրվա լրահոսը

Համեմատաբար թանկ են Ծաղկաձորում եւ Ջերմուկում առաջարկվող փաթեթները, բայց հայաստանցիների շրջանում մեծ պահանջարկ կա․ որքան արժե ամանորյա հանգիստը ՀՀ-ում

Դեկտեմբեր 21,2025 17:27

Հայաստանում ամանորյա հանգիստն այս տարի երկու անձի համար կարժենա 250 հազար դրամից մինչեւ 1 մլն դրամ եւ ավելի։ Այս օրերին զբոսաշրջային կենտրոնները տարատեսակ փաթեթներ են առաջարկվում ՀՀ քաղաքացիներին եւ արտերկրի հյուրերին՝ «Ամանորը Սյունիքում», «Ամանորը Ջերմուկում», «Ամանորը Ծաղկաձորում», «Ամանորը Գյումրիում» եւ այլն:

Ամանորյա փաթեթները հիմնականում կազմված են 5 օր, 4 գիշերվա համար և, որպես կանոն, ներառում են ամանորյա գալա երեկո, երեք անգամյա սնունդ, երաժշտություն եւ այլն։ «Ամանորը Գորիսում» փաթեթների արժեքը երկու անձի համար 250-300 հազար դրամի սահմաններում է։ Վերջին տարիներին պահանջված ուղղություն է նաեւ Գյումրին, այստեղ հյուրանոցներում երկու անձի ամանորյա փաթեթի արժեքը  250-400 հազար դրամի սահմաններում է։ Համեմատաբար թանկ են Ծաղկաձորում եւ Ջերմուկում առաջարկվող փաթեթների գները։ Օրինակ՝ Ջերմուկի առողջարանային համալիրներում ամանորյա 5 օրվա փաթեթի արժեքը երկու անձի համար 600-800 հազար դրամ է, դրանում ներառված են նաեւ բուժական ծառայությունները։ Բայց Ջերմուկում որոշ հյուրանոցներ առաջարկում են նաեւ 250-300 հազար դրամանոց փաթեթներ, երկու անձի համար, սակայն դրանցում առողջարանային ծառայություններ ներառված չեն։

Նարեկ Միրզոյան

Թեեւ Ջերմուկում վերջին երկու տարիներին զբոսաշրջային հոսքերի վերականգնման միտում կա, այդուհանդերձ հարց է ծագում՝ որքանո՞վ  են արդարացված այս գները, եթե հաշվի առնենք ՀՀ բնակչության եկամուտները, եւ կա՞ արդյոք պահանջարկ։

«Վիզիթ Ջերմուկ» զբոսաշրջային, տեղեկատվական հարթակի հիմնադիր Նարեկ Միրզոյանը «Առավոտ»-ի հետ զրույցում ասում է, որ այս Ամանորին եւս սպասվում է, որ Ջերմուկի առողջարանները լեփ-լեցուն կլինեն։

Նա նշում է, որ առողջարանային Ջերմուկ քաղաքը Հայաստանում զբոսաշրջային մեծ պահանջարկ վայելող ուղղություններից մեկն է տարվա բոլոր եղանակներին։ Իսկ ձմռան սեզոնին այստեղ ամենամեծ հոսքն ապահովվում է հենց Ամանորին։

Անդրադառնալով գներին՝ Նարեկ Միրզոյանն ասում է․ «Եթե մենք նայում ենք գնային քաղաքականության բացվածքը, թե տվյալ արժեքն ինչ ծառայություններ է ներառում եւ այդ արժեքը քանի անձի համար է նախատեսված, միանշանակ արդարացված գին է ստացվում։ Պայմանական 600-700 հազար դրամանոց փաթեթները երկու անձի համար են նախատեսված, հնգօրյա կացության արժեքն է դա, որի մեջ ներառվում են դեկտեմբերի 31-ի գալա ընթրիքը, հունվարի 1-2-ի տոնական երեկոները, երեք անգամյա սնունդը, մոտ 50 տեսակի բուժական ծառայություններ, լողավազան, մարզասրահ եւ այլն։ Ամանորյա գալա ընթրիքի եւ տոնական երեկոների ժամանակ հրավիրվում են երգիչ-երգչուհիներ, նվագախմբեր, դիջեյ, հանդիսավար, իսկ այդ ամենը ծախս է ենթադրում։ Այդ ամենը հաշվի առնելով՝ պատրաստվում են ամանորյա փաթեթներ՝ սկսած ամենամինիմալ արժեքներից մինչեւ ամենամաքսիմալ արժեքները։ Այս արժեքներն այսօր ամենաարդարացված արժեքներն են Հայաստանում։ Եթե համեմատում ենք, օրինակ, Եգիպտոսի գների հետ, Եգիպտոսի փաթեթներում այդ գնի շրջանակներում Ամանորին բացի ավիատոմսից ու հյուրանոցից այլ բան չի առաջարկվում։ Իսկ մենք նաեւ առողջարանային ծառայություն ենք մատուցում, հետեւաբար, մեր փաթեթներն ավելի լայն են»։

Հայաստանցիներից ոմանք նախընտրում են ամանորյա տոներն անցկացնել արտերկրում, եւ տարիներ շարունակ կան նաեւ դժգոհություններ, որ գները Հայաստանում թանկ են, այդ պատճառով շատեր են նախընտրում Ամանորը անցկացնել, օրինակ, հարեւան Վրաստանում։

Հարցին, թե Հայաստանի բնակչության շրջանում պահանջարկ ունե՞ն Ջերմուկի եւ մյուս զբոսաշրջային վայրերի փաթեթները, Նարեկ Միրզոյանը պատասխանեց, որ ամանորյա տոները Ջերմուկում անցկացնում են հիմնականում հայաստանցիները, այսինքն՝ տեղացիների համար սա պահանջված, նաեւ հասանելի ուղղություն է։ Բայց նաեւ շատ ամրագրումներ են կատարվում արտերկրից, մասնավորապես, Ռուսաստանից։ «Հիմնական ամրագրումները հայերի կողմից են, բայց նաեւ տարբեր երկրներից եւս այցելում են, Հայաստանը հատկապես տոնական օրերին պահանջված ուղղություն է նաեւ արտերկրի զբոսաշրջիկների համար»,- նշեց  նա։

Նարեկ Միրզոյանը տեղեկացրեց, որ այս փուլում Ջերմուկի հյուրանոցներում ամրագրումները մեծ թափով շարունակվում են․ «Ամանորին 10 օր կա դեռ, եւ ես կարծում եմ, որ, ինչպես միշտ, այս Ամանորին եւս Ջերմուկի հյուրանոցներում ազատ համարներ չեն լինի»։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031