Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուք արդար չեք, դուք արդար մարդ չեք». նախկին ԳԽ պատգամավորը դիմել է ՍԴ երեք դատավորներին

Դեկտեմբեր 22,2025 12:00

«Առավոտի» նախորդ համարում տեղեկացրել էինք, որ Սահմանադրական դատարան է դիմել 1990-1995 թվականներին Գերագույն խորհրդի պատգամավոր, գործարար Մեխակ Գաբրիելյանը: Նա վիճարկել էր ՀՀ քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածում առկա բացթողումները, գտնելով, որ «քանի որ դրանով կարգավորված չէ դատական ակտով նշանակված տուգանքի վճարման վերաբերյալ իրավակարգավորումը սնանկ ճանաչված անձի դեպքում, այդ պատճառով էլ հակասություն է առաջանում Սահմանադրությամբ երաշխավորված՝ մարդու իրավունքների, ազատությունների եւ արժանապատվությունն ապահովող հոդվածների հետ»։ Նա խնդրել էր ՀՀ քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածը ճանաչել թերի՝ նշյալ խնդիրը չկարգավորված եւ վերացնել ՀՀ Սահմանադրության 23, 24, 61, 63 եւ 84 հոդվածներին հակասող այդ թերությունը;

Սակայն ՍԴ-ն իր ՍԴԴԿՈ–68 որոշմամբ մերժել էր նրա գործի քննությունը;

Մեխակ Գարրիելյանն արձագանքել է «Առավոտի» հրապարակմանը, ուղարկել երեք դատավորներին ուղղված իր հասցեական բողոքները։ Նրանք են ՍԴ դատավորներ Ս.Սաֆարյանը, Է.Շաթիրյանն ու Ե.Խունդկարյանը։

Երեքի բովանդակությունը նույնն էր. «Պարոն դատավոր/տիկին դատավոր, երբ ուղղել էր խոսքը Ս.Սաֆարյանին-Ռ.Մ./

Ես այդպես էլ դատական համակարգից, այդ թվում եւ Սահմանադրական դատարանից, չստացա պատասխան, թե սնանկ մարդը ինչպես է վճարելու դատարանի կողմից նշանակված տուգանքը։

Դուք արդար չեք, դուք արդար մարդ չեք։

Աստված ասում է. «Սիրեցէ՛ք արդարութիւնը, երկրի՛ դատաւորներ». Իմաստութիւն Սողոմոնի 1.1:

Պարոն դատավոր, չնայած անաստված եք, բայց վախեցեք Աստծու պատժից՝ Աստծու դատաստանից, որը սովորաբար չի ուշանում։

Բայց Դուք փրկվելու ժամանակ ունեք, եթե այսուհետեւ չմեղանչեք եւ արդարությամբ գործեք։

Ես զգուշացրի եւ Աստծու առաջ մաքուր եմ»։

Հիշեցնեմ, որ Մ.Գաբրիելյանն իր դիմումում նշել էր, որ Վճռաբեկ դատարանը, մերժելով գործը վարույթ ընդունելը, փաստացի խուսափել է ներկայացված հարցի վերաբերյալ դիրքորոշում հայտնելուց. «Դրանով իսկ նշյալ իրավիճակների դեպքում նպաստելով Սահմանադրության մի շարք հոդվածներով մարդու իրավունքների պաշտպանությունն ապահովող պահանջների չկիրառմանը»

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
20.12.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031