«Առավոտ»-ի զրուցակիցն է Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը։
-Պարոն Խզմալյան, Նիկոլ Փաշինյանն արցախցիների վերադարձի հարցը իջեցրել ու հավասարեցրել է, այսպես կոչված՝ «ադրբեջանցի փախստականների» հարցին։ Նա վերջերս հայտարարեց, որ Ադրբեջանին առաջարկում է երկուստեք փակել այդ հարցերը։ Ինչպե՞ս եք գնահատում սա եւ ի՞նչ պետք է անել։
-Սա անօրինականություն է, միջազգային իրավունքի խախտում, ՄԱԿ-ի ցեղասպանության կանխարգելման եւ պատժի մասին կոնվենցիայի եւ ՀՀ կողմից վավերացված այլ համաձայնագրերի ոտնահատում։ Սա շատ վտանգավոր նախադեպ է միջազգային իրավունքի համար, որովհետեւ, եթե չհաշվենք հիտլերյան շրջանում 1938 թվականի մյունխենյան համաձայնագրերը, որից հետո սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը, սա առաջին դեպքն է, երբ զոհին ներկայացնող կողմը համաներում է շնորհում դահիճին։ Սա վտանգավոր նախադեպ է ստեղծում աշխարհում ցեղասպանությունների, հայրենազրկման, էթնիկ զտումների եւ զանգվածային սպանությունների համար։ Ես վստահ չեմ, որ միջազգային հանրությունը հիմա դրան կանդրադառնա, բայց ես վստահ եմ, որ հայ ժողովուրդն անպայման անդրադառնալու է դրան՝ ընտրությունների ձեւով, այլ ձեւով։ Կլինեն ուժեր, մարդիկ, կուսակցություններ, կառույցներ, որոնք երբեք չեն հաշտվի նման դավաճանական եւ հակամարդկային, հակաքաղաքակրթական կեցվածքի հետ։ Որպես Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ՝ ես կուսակցության անունից մեր պաշտոնական դիրքորոշումը հայտնել եմ եւ կրկնում եմ՝ մենք երբեք դրան չենք համաձայնի։
-«Առավոտ»-ի հարցերին ի պատասխան, թե ինչո՞ւ է Ադրբեջանի ցեղասպան գործողությունների մասին բարձրաձայնելու փոխարեն՝ արցախցիների վերադարձի հարցը փակում, Փաշինյանն ասաց, որ դրանով արցախցիներին հավերժ պանդուխտի կարգավիճակից է հանում, իսկ հայ ժողովրդին՝ նահատակի կարգավիճակից։ Սա որքանո՞վ է տրամաբանական մեկնաբանություն։
Կարդացեք նաև
-1938 թվականին Հիտլերի հետ պայմանագիր կնքելուց հետո Բրիտանիայի այն ժամանակվա վարչապետը՝ Չեմբերլենը, ասել էր բրիտանացիներին եւ եվրոպացիներին՝ ես բերել եմ ձեզ խաղաղություն եւ հանում եմ ձեզ պատերազմից կախված պատանդի կարգավիճակից։ Մեկ տարի անց սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը։ Փաշինյանը ոչ թե արցախցիներին հանում է պանդուխտի կարգավիճակից, այլ օրինականացնում է թուրքերի եւ ադրբեջանցիների իրականացրած ոճրագործությունները՝ ցեղասպանությունը, հայրենազրկումը, սրբագրում է դրանք, համաներում է շնորհում նրանց։ Պանդուխտի կարգավիճակի պատրաստվում է ողջ հայ ժողովուրդը, ես ոչ մի վայրկյան չեմ կասկածում, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի հաջորդ ծրագիրը լինելու է Հայաստանում, ինչպես եղավ Արցախում, ինչպես եղավ Նախիջեւանում։ Հիմա նույն ծրագիրը փորձելու են իրականացնել ողջ Հայաստանի նկատմամբ։ Եվ դա կփորձեն սկսկել արդեն 2026 թվականի ամռանը, եթե ընտրությունների արդյունքում Փաշինյանը դարձյալ ղեկավարի Հայաստանը, ինչին Թուրքիան եւ Ադրբեջանը՝ Ռուսաստանի հետ միասին, ամեն կերպ փորձում են օժանդակել։
-Հիմա փաստորեն եկել է պահը, որ հայ ժողովո՞ւրդը պետք է ընտրի՝ ուզո՞ւմ է այդ սցենարի իրագործումը, թե՝ ոչ։
-Այո, դա է պատճառը, որ այս կարեւոր հարցից հայ ժողովրդին շեղելու համար Փաշինյանը եւ ՔՊ-ն օրնիբուն հորինում են ամենաանհավանական, ֆանտաստիկ միջոցները՝ պառակտելու, ահաբեկելու եւ շեղելու հայ ժողվորդին այս հարցից։ Դրա մեջ են մտնում մշտական ներքաղաքական եւ քաղաքացիական պատերազմի մակարդակի հասնող ներքին պառակտումները, բախումները, եկեղեցու, Սփյուռքի, Արցախի դեմ արշավը, հների, նորերի մասին խոսակցությունները։ Այսինքն՝ գործի են դրվում բոլոր միջոցները, որոնք ոչ թե միավորում, այլ բաժանում են հայ ժողովրդին։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
20.12.2025


















































