Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ Ալեն Մարգարյանի հեքիաթի հիման վրա ստեղծվեց նոր սառցե շոու, որի պրեմիերան տեղի ունեցավ Երևանում:
«Նոր հրաշքի նախօրեին» սառցե ներկայացումը նախատեսված էր նոր սերնդի համար. այն շուտով կներկայացվի նաև այլ երկրներում։ Հայ մշակույթի մեջ առաջին անգամ հայ հեղինակի ամանորյա պատմությունը վերածվեց սառույցի վրա գունեղ շոուի։ Ալենի ստեղծած՝ բարության և ներելու հզոր ուժի մասին հեքիաթը ջերմացրեց հանդիսատեսի սրտերը և լցրեց խանդավառությամբ։ Ամանորյա տրամադրության անկրկնելի տեսարանը ստեղծվեց մի թիմի ջանքերով, որը շոուի մասնակից էր դարձրել բացառապես հայաստանցի տաղանդավոր մարզիկ-գեղասահորդների և բարձրակարգ չմշկորդների։

Մանկուց մեզ ծանոթ հերոսներն ու նոր կերպարները, բոլորի կողմից սիրված ամանորյա երաժշտությունը, վարպետորեն կատարված պարային համարները, յուրօրինակ դեկորացիաներն ու բեմական էֆեկտները ամբողջացրին սառցե ներկայացման մթնոլորտը։
Այս նոր հեքիաթային արկածում Ամանորից մի քանի ժամ առաջ փերիներն ու խաղալիք-կենդանիները փորձում էին իրենց բարությամբ վերադարձնել չար վհուկի կողմից խաթարված կախարդանքը։ Բոլոր հերոսների և Ձմեռ պապի համար ակնհայտ էր, որ ոչ մի մութ ուժ ի վիճակի չէ չեղարկել, խափանել կամ ոչնչացնել Ամանորի գիշերվա դյութանքն ու գեղեցկությունը։ Ոչ ոք չկարողացավ խոչընդոտել, որպեսզի հրաշքին հավատացողները կախարդական պարահանդեսը անցկացնեն փերիների, հրեշտակների, տոնածառի խաղալիքների, Ձմեռ պապի և Ձյունանուշի հետ։ Ներկայացումը հիշեցրեց, որ հրաշքները միշտ մեր շուրջն են, հատկապես՝ Ամանորի հեքիաթային գիշերը, և սովորեցրեց, որ գլխավորն այն է, որ սրտից մշտապես ճառագեն բարությունը, ջերմությունն ու ներողամտությունը։
Կարդացեք նաև
Ներկայացման ամենատպավորիչ բաղադրիչներից մեկը զգեստների ձևավորումն էր․ յուրաքանչյուր կերպար բեմ էր դուրս գալիս մանրակրկիտ մտածված, գունային և ոճական առումով ամբողջական լուծումներով, որոնք կենդանացնում էին հեքիաթը սառույցի վրա։ Զգեստները ոչ միայն ընդգծում էին հերոսների բնավորությունն ու տրամադրությունը, այլև համահունչ էին երաժշտությանը, շարժումներին ու բեմական լույսերին՝ ստեղծելով իսկապես կախարդական պատկեր։ Ընդհանուր առմամբ, սառցե շոուն վերածվեց հույզերով լեցուն, շքեղ և անմոռանալի տոնի, որտեղ ամեն դետալ իր տեղում էր․ այն հիացրեց, ջերմացրեց և երկար ժամանակ մնաց հանդիսատեսի հիշողության մեջ՝ որպես իսկական ամանորյա հրաշք։
«Իմ որդու՝ Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ Ալեն Մարգարյանի ստեղծած «Լեգենդ ամանորյա կախարդանքի մասին» հեքիաթը վերածվեց մի ջերմ ու լուսավոր սառցե ներկայացման, որն անկեղծորեն հուզեց հանդիսատեսին։ Հայ երեխաները, ինչպես նաև մեծահասակները, հնարավորություն ունեցան տեսնելու և ապրելու հայկական ամանորյա հեքիաթը սառույցի վրա։ Սա պատմություն է, որն իր լույսով և հմայքով ներթափանցում է մարդկանց հոգիները։ Քանի դեռ կա նման սերունդ, Ալենը հավերժ է, Ալենը կապրի դարերով։ Համոզված եմ, որ այս ներկայացումը սիրվեց բոլորի կողմից․ այն պատմում է բարության, հավատքի, հաստատակամության, չհանձնվելու ուժի և, ի վերջո, ներողամտության ու մարդկային վեհության մասին»,- նշեց Ալենի մայրը՝ նախագծի մեկենաս Նազելի Տերտերյանը։
«Ներկայացման գաղափարը ծնվեց Ամանորի կախարդական զգացողությունը երեխաներին փոխանցելու ցանկությունից՝ այնպես, որ այն դառնա անձնական ու հոգեհարազատ յուրաքանչյուրի համար։ Ալեն Մարգարյանի պատմությունը մեզ ոգեշնչեց ստեղծել մի յուրահատուկ սառցե աշխարհ, որտեղ լույսն ու բարությունը միշտ հաղթում են խավարին ու վախերին։ Մենք սկզբունքորեն ընտրեցինք աշխատել միայն հայ գեղասահորդների հետ՝ նպատակ ունենալով բեմում ամբողջությամբ ներկայացնել մեր երկրի ստեղծագործական ներուժը։ Արդյունքում այս շոուն դարձավ մի հարթակ, որտեղ ընտանիքները կարողացան վերապրել միասին լինելու պարզ, բայց չափազանց արժեքավոր երջանկությունը»։,- նշեց ներկայացման պրոդյուսեր Զառա Մխեյանը։
Սցենարի հեղինակը և բեմադրող ռեժիսորը Էմիլ Կարատն էր, պարուսույց-բեմադրիչը՝ Դմիտրի Լապշինը, զգեստների դիզայնը՝ Կարինե Դնոյանի։
Երեկոյի ավարտին հայտարարվեց այն մասին, որ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի գիտահետազոտական ինստիտուտի միջոցով «Երկնային մարմինների միջազգային կատալոգ»-ում՝ Ջրհոս համաստեղության տասներորդ մեծության աստղին անվանել են Ալեն՝ ի պատիվ Ալեն Մարգարյանի։ Այս խորհրդանշական արարքով Ալենի անունը դարձավ ոչ միայն հիշողություն, այլ լույս՝ հավերժ ուղղված երկնքին։
Մամուլի հաղորդագրություն




















































