Aravot.am-ը փորձեց կապվել Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի փոխտնօրեն Վրեժ Դուրգարյանի հետ, որն օրերս մասնակցել էր Մայր Աթոռի վրա տեղի ունեցած հարձակմանը, եւ ըստ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ՀՅԴ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի, հենց նրան հանդարտեցնելու փորձ անելու ժամանակ էր սրտի կաթված ստացել տեր Վրթանես Բաղալյանը:
Վրեժ Դուրգարյանը սկզբում անպատասխան թողեց մեր զանգերը, ապա անջատեց իր բջջային հեռախոսը: Ավելի ուշ նա կրկին «հասանելի» էր, անգամ հաղորդագրություն ուղարկեցինք ու տեղեկացրինք, որ մեկնաբանության համար ենք զանգում, սակայն, այդպես էլ հեռախոսազանգերին չպատասխանեց:
Վրեժ Դուրգարյանի ազգական՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանի խորհրդական Ռոնա Ահարոնյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ ոչինչ չի կարող մեկնաբանել փոխտնօրենի գործողությունների հետ կապված, որովհետեւ իր ուղիղ առաքելությունը թատրոնի գործունեությամբ զբաղվելն է: Նա հորդորեց հենց Վրեժ Դուրգարյանի հետ կապվել, ասաց նաեւ, որ թատրոնում վերջինս չունի որեւէ այլ՝ քաղաքային հեռախոսահամար:
«Թատրոնը մեծ հաշվով աշխատակիցների քաղաքական կամ մասնավոր ամեն ինչի համար չի կարող մեկնաբանություն տալ, պետք է միայն իր հետ կապվեք»,-ասաց Ռոնա Ահարոնյանը:
Կարդացեք նաև
Նշենք, որ Վրեժ Դուրգարյանը, որի վերաբերյալ Գառնիկ Դանիելյանը հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին, ակտիվորեն կիսում է Նիկոլ Փաշինյանի եւ նրա աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գրառումները, ուղիղ հեռարձակումներն ու տեսանյութերը, հատկապես նրանք, որոնք վերաբերվում են Ամենայն Հայոց կաթողիկոսին Մայր Աթոռից հեռացնելուն, նրա էջը ողողված է Փաշինյանի եւ այլ ՔՊ-ականների հետ համատեղ լուսանկարներով:
Մեր տեղեկություններով, նա նաեւ Հովհանավանքում Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ գործողությունների ակտիվ մասնակիցներից է եղել:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ



















































