«Ապառաժ». Գոհարը նոր էր դուրս եկել գեղեցկության սրահից դիմահարդարմամբ ու նոր լիցքավորված եղունգներով, երբ սեպտեմբերի 19-ին առաջին արկը պայթեց Ստեփանակերտում․ հաջորդ օրը զարմուհու հարսանիքը պիտի լիներ: Ապաստարան փնտրելիս առաջին միտքը ոչ թե վախն էր, այլ անհարմարության զգացումը, թե ինչպես պիտի «արդարանա» իր տոնական տեսքի համար։
Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ու էթնիկ զտման հետևանքով 45-ամյա երգչուհին ընտանիքի հետ բռնի տեղահանվել ու հաստատվել է Երևանում։ Վարձակալած բնակարանում ընտանիքի չորս սերունդ է ապրում՝ 96 տարեկան տատիկը, թոշակառու ծնողներն ու երկու դուստրերը: Չկարողանալով հոգալ մեծ ընտանիքի կարիքները՝ նա պատրաստվում է նորից լքել հայրենիքը, այս անգամ՝ Ռուսաստան։ Գոհարը հույս ունի աշխատանք գտնել և աջակցել իր մեծ ընտանիքին։ «Ստիպված եմ գնալ»,- ասում է նա։
Տեղահանությունից հետո երաժշտությանը վերադառնալը շատ դժվար էր նրա համար: Արցախում երաժշտական կարիերան կանխորոշված էր մանկուց։ Հայրը կլարնետիստ է, մայրը՝ դաշնակահար, իսկ պապը տիրապետում էր թառ լարային գործիքին: Ալեքսանյանն ու նրա երկու քույրերը երգել են մանկուց, հետագայում երգել ու դասավանդել է Կոմիտասի անվան երաժշտական քոլեջում, «Ղարաբաղ» պետական էստրադային անսամբլում, իսկ հետո՝ «Մռակած» պետական կամերային երգչախմբում։
Երաժշտությունը միշտ ուղեկցել է նրան։ Բայց վերջին պատերազմն ու տեղահանությունը փոխեցին ամեն ինչ: «Երբ կորցնում ես հայրենիքդ ու այդքան երիտասարդներ են զոհվում, այդքանից հետո դաժան է ակնկալելը, որ շարունակես երգել»—ասում է նա ու ավելացնում,-նկարիչը, գուցե, կարող է պարզապես լռելյայն նկարել, բայց դու պետք է երգես անգամ վշտի մեջ։ Դա շատ ծանր է: Շատ երգիչներ պարզապես դադարեցին երգել այդ ժամանակ»:
Պարտքի զգացումն է, որ Գոհարին վերադարձրել է երաժշտությանը։ Երբ նրան հրավիրել են երգելու վերջին պատերազմի ու պայթյունի զոհերի հիշատակի արարողություններին, չկարողացավ մերժել։ «Ինչպես մերժեի, ես ինձ պարտական էի զգում, պետք է ուժեղ լինեի»,- ասում է նա։
Ալեքսանյանի վերադարձը պրոֆեսիոնալ երաժշտությանը սկսվեց «Դիզակ Արտ» մշակութային կենտրոնում, որի նպատակը Արցախի մշակութային ժառանգության պահպանումն է։ Նա սկսեց պատանի երգիչներին դասավանդել ժամանակակից երգի վոկալ: «Նրանց հետ աշխատելն ինձ կարծես հետ էր վերադարձնում Արցախ: Այնտեղ բոլորս խոսում ենք բարբառով։ Կարծես մի մեծ ընտանիք լինենք»,-ասում է Գոհարը։
Արցախում տարիներն անցնում էին պատերազմների և դրանց արանքում կարճատև խաղաղությամբ։ Պատերազմները, շրջափակումներն ու տեղահանությունը և դրան ուղեկող զրկանքները Գոհարին ստիպում էին երգել Արթուր Գրիգորյանի «Կյանքն ու կռիվը», իսկ սիրելի երգերի ժամանակը կարծես հետաձգվում էր ու այդպես էլ չեկավ։
Հեռանալուց առաջ Գոհարը դժվարությամբ է հրաժեշտ տալիս իր աշակերտներին։ Կենտրոնում նրա աշխատանքը գրեթե կամավորական հիմունքներով էր մշտական ֆինանսավորման բացակայության պատճառով։ Անգամ դայակի լրացուցիչ աշխատանքը չէր բավարարում մեծ ընտանիքի հոգսերը հոգալու համար։ Դժվարությունները բազմապատկվեցին, երբ այս տարվա ապրիլից Հայաստանի կառավարությունը հիմնականում դադարեցրեց տեղահանվածներին տրամադրվող բնակվարձի աջակցության ծրագիրը։ Գոհարը հասկացավ, որ ընտրություն չունի և ստիպված է հեռանալ հազարավոր այլ արցախցիների նման։
Արցախի ժողովրդի բռնի տեղահանումից մոտ երկու տարի անց՝ 2025 թվականի նոյեմբերի դրությամբ, Հայաստանից դուրս է եկել և մինչև այս պահը չի վերադարձել 15,600 արցախցի։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:


















































