Նորարարական լուծումներ, միջազգային խոսնակների ելույթներ, փորձի փոխանում, նոր կապերի ստեղծում․ դեկտեմբերի 20-ին տեղի ունեցավ DevFest Armenia 2025-ը, որի նպատակն էր խթանել նորարարությունը և համագործակցությունը Հայաստանի տեխնոլոգիական համայնքում։
GDG Yerevan (Google Developer Group Yerevan) համայնքի կողմից և Google-ի աջակցությամբ կազմակերպող ամենամյա միջոցառումը համախմբեց 200-ից ավելի մասնակցի ՀՀ-ից և արտերկրից։ Այս տարի փառատոնի թեմատիկ շեշտադրումն արհեստական բանականությունն էր (ԱԲ)։
Կարդացեք նաև
Միջոցառման կազմակերպիչ, ծրագրավորող Դավիթ Հայրապետյանի կարծիքով՝ տեխնոլոգիաները պետք է լինեն բոլորի համար հասանելի, այդ պատճառով էլ կազմակերպում են այսպիսի փառատոններ․ «Նպատակն է միախմբել համայնքը, փորձել տալ շոշափելի գիտելիք, որ մասնակիցները կարողանան շփվել անմիջապես խոսնակների հետ․ ոչ թե ստանան միայն գիտելիք, այլ գործնականում տեսնեն, թե ոնց կարելի է այն կիրառել։ Այս տարվա փառատոնը ԱԲ-ի շուրջ է՝ մասնավորապես, թե որտեղ գործնականում կարելի է կիրառել այն»։
Ամերիաբանկն արդեն երկրորդ տարին էր միացել համաժողովին՝ որպես ֆինթեք գործընկեր: Ամերիաբանկի ծրագրային ապահովման մշակման կենսացիկլի կարողությունների (SDLC) գծով ՏՏ կառավարման համակարգի մենեջեր Վարդգես Բեգոյանի համոզմամբ՝ DevFest հարթակը կարևոր է հատկապես փորձի փոխանակման տեսանկյունից, քանի որ մասնակցում են ինչպես տեղի, այնպես էլ արտերկրից խոսնակներ. «Մարդիկ կարողանում են ծանոթանալ առաջավոր փորձին, փորձի փոխանակում կատարել, կապեր հաստատել։ Դահլիճից դուրս էլ գաղափարների, մոտեցումների փոխանակումներ են լինում, քննարկումներ կայանում»։
Մեզ հետ զրույցում Վարդգես Բեգոյանը կարևորեց ինժեներական կարգուկանոնը, որին ավելի ծավալուն անդրադարձավ իր ելույթում։ Ըստ նրա՝ հաճախ ընկերությունները զարգացման վաղ շրջանում բաց են թողնում որոշ քայլեր՝ մտածելով, որ հետո կլրացնեն բացը, սակայն մասնագետը նշում է, որ այդ բացը լրացնելը միշտ չէ, որ ստացվում է․ «Ելույթիս շրջանակում որպես խորհուրդ, պրակտիկ մոտեցում փորձեցի ներկայացնել, թե ինչեր կան, որ կարևոր է՝ ի սկզբանե մարդիկ հաշվի առնեն, և այն ավել ներդրումը, որ հիմա անում են՝ անգամ լինելով ստարտափ, հաստատ խնայելու են հետագայում»։
Ամերիաբանկի ավագ Java Back-end ծրագրավորող Դավիթ Եղիազարյանն էլ իր ելույթում անդրադարձավ միկրոսերվիսային ճարտարապետությանը։ Լրագրողների հետ զրույցում նա նշեց․ «Վերջին 15 տարիներին թրենդային է հետևել միկրոսերվիսային ճարտարապետությանը, բայց այն ունի իր լավ ու վատ կողմերը։ Հաճախ ընկերությունները վերցնում են մոնոլիտը և դարձնում միկրոսերվիս։ Որոշ դեպքերում դա արդարացված է, որոշ դեպքերում՝ ոչ․ սխալների հետևանքները երևում են տարիներ անց։ Անցումը հնարավորինս հարթ կատարելու համար նախատեսվել է այս զրույցը, որ կարողանանք գործնական խորհուրդներ տալ այն ծրագրավորողներին, որոնք նոր են սկսում այս ճանապարհը»։
30-ից ավելի ծրագրային ապահովման մասնագետներ, հետազոտողներ, պրոդուկտ մենեջերներ, ուսանողներ և ՏՏ մասնագետներ հնարավորություն ունեցան DevFest-ի շրջանակներում ներկայացնելու իրենց փորձն ու նոր կապեր հաստատելու։ ՀՀ-ից և միջազգային խոսնակներն իրենց ելույթներում ներկայացրին ԱԲ-ի և մեքենայական ուսուցմանը, ամպային տեխնոլոգիաներին, մոբայլ և վեբ ծրագրավորմանը, DevOps-ին, կիբերանվտանգությանը, UI/UX դիզայնին, ճարտարապետությանը և այլ նորարարական լուծումներին վերաբերող թեմաներ։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
























































