Տասնամյակների մեր պատկերացումները՝ Սփյուռքն իբրեւ համահայկական ներուժի անսպառ աղբյուր, մեր օրերում նույնպես բախվում են իրականությանը։ Ճգնաժամի մեջ են հայտնվել թե Հայաստան-Սփյուռք հարաբերությունները, թե սփյուռքյան կառույցների զգալի մասը՝ կորցնելով կապը նոր սերունդների հետ, ըստ այդմ՝ նաեւ ազդեցությունը։ Հայաստան–Սփյուռք հարաբերություններն արդեն հռչակագրերի, բարձրագոչ խոսքերի եւ չկայացած ծրագրերի մակարդակ էլ չունեն։ Այդ հարաբերություններում բացասական սալտոն անընդհատ է մեծանում, իսկ վստահության պակասը, քաղաքական տարաձայնությունները, փոխադարձ սպասումների անհամապատասխանությունը խորացնում են այն։ Ի՞նչ անել՝ հարցի պատասխանն ըստ արեւելագետ-թուրքագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանի, գիտական լուրջ հետազոտություններն են։ Սփյուռքի վերաբերյալ ներկայումս նման աշխատությունները, ըստ նրա, հնարավորություն կտան հասկանալ խնդիրները, որոնք կանգնած են Սփյուռքի առջեւ։ Դա էլ՝ իր հերթին հնարավորություն կտա գտնել այդ խնդիրների լուծման ճանապարհները եւ Սփյուռքը կպահպանի իր կարեւոր նշանակությունը։
«Սփյուռքում նոր երեւույթներ են ի հատ եկել, բայց ես կարծում եմ, Սփյուռքը, որը մեծ փորձառություն ունի տարբեր տեսակի դժվարություններ հաղթահարելու, կհաղթահարի նաեւ առկա դժվարությունները»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Ռուբեն Սաֆրաստյանը՝ չցանկանալով այդ խնդիրների մանրամասն քննարկումների մեջ մտնել, քանի որ դրանք տարբեր գիտական եւ մանրակրկիտ ուսումնասիրությունների հարցեր են։ «Բայց, այս փուլում, կարծում եմ կարեւոր դերակատարում կարող են ունենալ հայագիտական այն կենտրոնները, որոնք մեծ փորձառություն ունեն՝ եւ Սփյուռքն ուսումնասիրելու, եւ առհասարակ, համահայկական խնդիրները խորը, գիտական առումով ուսումնասիրելու հարցում։ Այս տեսակետից կարեւորում եմ Զորյան ինստիտուտը, որպես կենտրոն, որը տասնամյակների ընթացքում մեծ ջանքեր է գործադրել՝ եւ Սփյուռքը, եւ հայ ինքնությունը եւ Հայոց ցեղասպանությունն ուսումնասիրելու բնագավառներում»,- ասաց նա։
Զորյանի ինստիտուտի գործունեությունը, մեր զրուցակիցը կարեւորում է նաեւ այն առումով, որ բացի վերոնշյալ խնդիրների ուսումնասիրությունից, ինստիտուտում աշխատանքներն արվել են գիտական այնպիսի մակարդակով, որը հնարավորություն է տվել ներգրավվելու ոչ միայն ազգությամբ հայ գիտականների, այլ նաեւ այլազգի գիտնականների․ «Սա հեղինակություն է ապահովել Զորյան ինստիտուտի համար՝ ոչ միայն Սփյուռքի հայկական շրջանակներում եւ Հայաստանում, այլ առհասարակ, գիտական առումով»։
Կան նաեւ այլ կառույցներ, տարբեր անհատներ, որոնք ուսումնասիրում են հայկական Սփյուռքը, բայց, Ռուբեն Սաֆրաստյանի գնահատմամբ, Զորյան ինստիտուտն է, որ կարողացել է ոչ միայն համախմբել տարբեր երկրների գիտնականներին, այլեւ ուղղել նրանց ջանքերը՝ կոնկրետ խնդիրների լուծմանը․ «Կարծում եմ՝ սա է կարեւոր Զորյան ինստիտուտի գործունեության մեջ»։
Կարդացեք նաև
Երկարաժամկետ եւ մեծ ջանքեր պահանջող հարցերի ետեւից գնալն արդյո՞ք չի նպաստում ամենօրյա դիվանագիտական եւ քաղաքական կորուստներին՝ հարցին, մեր զրուցակիցը պատասխանեց․ «Հայ ժողովուրդն իր բազմահազարամյա պատմության մեջ տարբեր փուլեր է ունեցել․ եղել են եւ կորուստներ, եւ հաջողություններ։ Ես չեմ կարծում, որ ներկայիս փուլն այնպիսի փուլ է, որ մենք կարող ենք կորցնել ամեն ինչ։ Կան դժվարություններ, որոնք պետք է հաղթահարել։ Ինչո՞ւ եմ ես հենց Զորյան ինստիտուտին առանձնացնում այս փուլում, որովհետեւ դա այն գիտական կարեւոր հաստատություններից է, որոնք գործում են Սփյուռքում, որը կարող է օգնել՝ այս խնդիրների լուծման ճանապարհները գտնելու հարցում»։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































