ԷՋ հրատարակչության հերթական աշխատանքը՝ Սուսաննա Հարությունյանի «Մեռնել նախապես» վեպը արդեն հասանելի է ընթերցողին
-Տիկին Հարությունյան, շնորհավորում ենք հերթական վեպի թողարկման առիթով: «Մեռնել նախապես»-ը թերթել ենք, ոչ կարդացել: Կխնդրեինք հեղինակի իրավունքով ներկայացնել այն, բայց մինչ այդ մի այսպիսի դիտարկում՝ չե՞ք կարծում, որ վեպի վերնագիրը պարզապես չարագուշակ է, մի տեսակ՝ զգաստացնող, և ինչու ոչ՝ վախեցնող:
-Վերնագրում «մեռնել» բառը թող ձեզ չվախեցնի, դա բոլորովին այլ մահ է, կամ մահվան մասին բոլորովին այլ պատկերացում։ Անձամբ ինձ համար մահը ֆիզիկայի օրենք է՝ մարդու մի վիճակի փոխարկում մեկ այլ վիճակով։ Իմ «Քարտեզ առանց ցամաքի և ջրերի» վիպակում ես մահը անգամ համարում եմ տիեզերանավ, որով մենք տեղափոխվում ենք աշխարհից աշխարհ։ Ես այդպես եմ կարծում և համոզված եմ, որ դա ճշմարտություն է։ Մեր լեզվում անգամ մահվան հոմանիշ կա՝ աշխարհափոխ լինել։
«Նախապեսը» հոգեբանական տրյուկ է, ասենք, սպորտսմենը մրցումից առաջ պատկերացնում է իր պարտությունը, կարծես մի անգամ ապրում է դա, հոգեբանական իմունիտետ մշակում, որ եթե հանկարծ դա պատահի, շատ ծանր չտանի։ Մեռնել նախապես- մեռնել ապրելուց առաջ, որ կյանքի դժվարությունները քեզ հանկարծակիի չբերեն, ցնցումների չենթարկեն։ Այսպիսին են իմ հերոսները՝ ծերացող ամուսինները, որոնք երեսուն տարի շարունակվող, մեկ մարող ու մեկ բորբոքվող պատերազմի ընթացքում ապրում են անկախ ամեն ինչից, ըստ իրենց պատկերացումների։ Բարեկամից գնած անապատ հողում փորձում են այգի հիմնել, տուն կառուցել՝ ծերությունը վայելելու համար։ Պատերազմական կյանքը՝ երեխաների արտագաղթը, երիտասարդ զոհերը, հավերժական շրջափակումը, փող ու հաց չլինելը նրանց հոգեկան որակները չեն փոխում՝ պետք է օգնե՞լ՝ օգնում են, պետք է թաղում կազմակերպե՞լ՝ կազմակերպում են, ամուսնացող կա՞՝ հարսանիք են գնում, մեր բանակը հաղթո՞ւմ է՝ մատաղ են անում․․․ ոչինչ, որ դեռ անգամ պատերը չկան, կարևորը երազանքը կա, երազանքի շուրջ հավաքում են մարդկանց․ սեղանի փոխարեն գետնին մետրով ցելոֆան փռում և վայելում կյանքը։
Կարդացեք նաև
Բոլոր հերոսները կյանքից չվախեցող մարդիկ են՝ սրբերի թերությունը ծաղրելուց մինչև մահվան աչքերին նայելով տուն կառուցելը նրանց համար սովորական բան է։ Բայց այդ սովորականը տրվում է չուտելով, չհագնելով, չբուժվելով՝ չապրելո՛վ․․․ հարգանքը հենց այնպես չի տրվում, ունեցվածքը նույնպես․ «Առանց աչքդ հանելու կյանքը ոչինչ չի տալիս»,- ասում է գլխավոր հերոսը՝ Մուշեղը։ Նրա կինը, որն ամուսնու ածանցյալն է, միշտ լարված, միշտ նևրոտիկ, բայց երբեք դեմ չգնացող, մարդկային, հստակ գիտի, որ իրենց ապրածը կյանք չէ, բայց այլ ելք չունի՝ զիջելով, խղճալով, մխիթարելով, ափսոսելով քայլում է ամուսնու կողքից մինչև ամենակարևոր ձեռքբերումը՝ տան կառուցումը, որտեղ պիտի ծերանան․․․ և վերջում ասված մի նախադասություն միայն հուշում է, որ նրանք արդեն հոգնել են ճակատագրի վայրիվերումներից․ «Ինչ հաճելի ա, ոնց որ կյանքը երեսուն տարով հետ գնա․․․»։ Երեսուն տարով հետ՝ որտեղ իրենք երիտասարդ էին, ուրախ, պատերազմ ու զրկանք, կորուստներ չկային։ Երեսուն տարվա իրադարձությունները նրանց կենսագրության մասն են, և դրա համար նրանք սիրում են անգամ իրենց ապրած դառնությունները։
Երկրորդական հերոսները, թեև երկրորդականը արդեն հերոս չէ, իրար հետ համարյա թե չեն հարաբերվում, նրանք դրվագ առ դրվագ հայտնվում են ամուսինների կյանքում, կնոջ հիշողություններում, ասես նրանք են իրենց ներկայությամբ կերտում հերոսներին։ Եվ հասկանալի է դառնում, որ նրանց կողքին ապրողները ևս ունեն ապրելու համառություն։ Վեպի բոլոր հերոսները մահապարտներ են․ մահապարտներ, որոնք ապրելով են վրեժ լուծում։
-Վեպի կերպարները կամ դեպքերը հորինվա՞ծ են, թե՞ կան ինքնակենսագրական որոշ հատվածներ, ինչը հաճախ օգտագործում են ձեր կոլեգաներն իրենց ստեղծագործություններում:
-Չեմ սիրում, երբ իմ գործերում ինքնակենսագրական հատվածներ են հայտնվում, նման դեպքերում ինձ թվում է, թե կողոպտում եմ կյանքս։ Որպես կանոն՝ ես գրական նյութ եմ դարձնում այլոց կյանքը, դա ինձ ավելի հետաքրքիր է թվում (գերադասելի է, որ իմ կյանքը փորփրեն ինձնից հետո եկողները)։ Չեմ սիրում նաև այն պատճառով, որ երբ ուրիշ գրողների մոտ հանդիպում եմ նման հատվածների, մտածում եմ, որ գրողի միտքը սպառվել է, այլևս աշխարհը չի տեսնում, կենտրոնացել է իր վրա․․․ Բայց անկախ ինձանից մի երկու նման պահեր հայտնվեցին։
Ի դեպ, իմ «Եթե բացառենք գիշերը» վեպում, գուցե մի երկու դրվագ էլ այլ տեղերում գտնվի, նույնպես կան ինքնակենսագրական դեպքեր։ Բայց հույս ունեմ, որ միտքս դեռ կենսունակ է, ավելին՝ Երկնավորի հետ պայման ունեմ կապած․ հենց դադարեմ գրել, նա ինձ կտանի։
Բայց տեսեք, այս վեպում, «Մեռնել նախապես»-ում խցկվեցին՝ հոկտեմբերի 27-ը, որը մեր ամուսնության օրն է, և դրա հետ կապված պատմությունը իրոք եղել է։ Խորհրդարանի սպանդից հետո մենք դադարեցինք նշել այդ օրը։
Այս պահը փոքր-ինչ մանրամասնեմ՝ գոհարակուռ կազմով Աստվածաշունչ հիշեցնող մողեսը իրոք եղել է, բայց ամուսնուս կյանքում, նրանք իրոք այն բռնել են Հրազդանի ձորից, տարել են գազանանոց փոխելու առյուծի ձագի հետ, բայց նրանց խաբել են, փոխարենը թութակ են տվել և թերթում գրել են անունները՝ որպես կենդանասերների։
Իսկ եզդու ուլը արդեն տղայիս կյանքից է։ Հույս ունեմ, որ երեխաս օրերից մի օր կուտի ուլը։
Սպիտակ հարավսլավական կահույքն էլ իրոք մայրս մեզ նվիրել է, որը կա մինչև հիմա․․․ Սրանք գուցե մանրուքներ են, բայց ինչ-որ տեղ ինձ համար վեպը դարձնում են սիրելի՝ անկախ նրա գրական արժանիքներից։
– Նույնիսկ թերթելով վեպը, նկատում ենք, որ այստեղ էլ պատերազմի թեման, կամ դրան անդրադարձն անխուսափելի է:
-Ես պատերազմից ու պատերազմի մասին գրականությունից այնքան հոգնած եմ, որ նույնիսկ անուն հանած գործերը չեմ կարողանում կարդալ, և կարծում էի, որ այլևս չեմ գրի պատերազմի մասին, բայց գրելու ընթացքում պատերազմը եկավ ու խառնվեց, ու դարձավ ոչ թե ընդամենը ֆոն, այլ ամենակարևոր և գլխավոր հերոսը։ Այդ օրերը արթնացան իրենց բոլոր դառնություններով, ու ես հասկացա, որ վերջ՝ մենք երբեք այդ ցավը չենք մոռանա։ Չնայած վերջերս մի քանի պատմվածք գրեցի, որտեղ ոչինչ չի հուշում պատերազմի մասին, բառ անգամ չկա, և հույս ունեմ, որ հաղթահարեցի ևս մի շրջափուլ իմ կյանքում։
-Դատելով ձեր հրատարակված գոնե ստեղծագործությունների թվից, կարելի է ենթադրել, որ հաջողակ, պահանջարկ վայելող արձակագիր եք:
-Այո, շնորհակալ եմ: Իմ վեպերը ոչ միայն հրատարակվում, այլև վերահրատարակվում են, թեև պատմվածքներիս մասին ավելի մեծ կարծիքի եմ։ Այս տարի «Էջ» հրատարակչությունը վերահրատրակեց «Ագռավները Նոյից առաջ վեպը» (հրատարակվել է 2015թ․, առաջին անգամ վերահրատարակվել է 2019թ․ Ս.Դ.)։ Հույս ունեմ, թե մի օր կվերահրատարակվեն նաև իմ բոլոր գործերը, և ևս մի սերունդ կկարդա դրանք։
Զրուցեց Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ


















































