«Այս տարի կատարված աշխատանքները գերազանցում են 2024թ կատարվածը, եւ մենք տարեցտարի ավելի բարձր նշաձող ենք մեզ համար հայտարարում»,-«Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում նշեց «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը:
«Այս տարի ունեցել ենք 2 նորություն, մեկը ձմեռային մշտադալարների տունկն է. մեր գիտնականները խորհուրդ տվեցին, որ մշտադալար ասեղնատերեւավորների տունկը ավելի՝ հաջող, կպչողականությունը ավելի բարձր է լինում: Եվ դա իրականացվում է ձմռան ամիսներին: Առաջին փորձը սկսեցինք 2025-ի փետրվար ամսից՝ տնկելով Երեւանի հիմնականում Կենտրոն վարչական շրջանում 200 մշտադալար սոճիներ եւ եղեւնիներ: Եվ այդ 200-ի դեպքում ընդամենը 1 չորացման դեպք ենք ունեցել…Այնուհետեւ այդ պրակտիկան շարունակեցինք: Վերջերս նորից իրականացրինք մշտադալարների տունկ, դեկտեմբերի 13-ին որոշ վայրերում նաեւ Երեւանի քաղաքապետն էր մասնակցում: Եվ տնկեցինք լրացուցիչ 1000 մշտադալար ծառեր»,- հայտնեց ՀՈԱԿ-ի տնօրենը:
Ինչ վերաբերվում է 2-րդ նորությանը, Բեգոյանն ասաց, որ դա իրենց վաղեմի ծրագրերից մեկն էր, որն իրականացրել են 2 վայրում. «Սիլիկյան եւ Դավիթաշեն գերեզմանատների այն հատվածները, որոնք հարում են փողոցներին, որտեղ առկա են տրանսպորտային հոսքեր, գերեզմանատներն առանձնացրել ենք երթեւեկելի մասից կանաչ զանգվածով: Շուրջ 1,5կմ երկարությամբ երկու գերեզմանատների հատվածում ստեղծել ենք ծառուղիներ: Նպատակը տեսարանը փակելն է եւ էսթետիկական պահն ապահովելը»:
Ասաց նաեւ, որ այս տարվա փետրվարին մեկնարկել էին Աշտարակի խճուղուց Երեւան մուտք գործող անտառի ստեղծման աշխատանքները, ամբողջությամբ կանաչ շերտեր են տեղադրվել շրջադարձային հատվածներում, ինչը, Արմեն Բեգոյանի խոսքով, կարեւոր է Երեւան քաղաքի համար, որովհետեւ Երեւանում օդի աղտոտվածության մի մեծ տոկոսն էլ ապահովում են երեւանամերձ հանքերը, շինարարությունները:
Կարդացեք նաև
Ի թիվս այլնի, նա անդրադարձավ Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու եւ Դավիթ բեկ փողոցի արանքում հիմնված քաղաքային ուրբան անտառին, որտեղ եւս մշտադալարներ են տնկվել, Դավթաշենի քաղաքային այգու մասին էլ խոսք եղավ: «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենն ընդգծեց, որ երբեք որեւէ մեկի ճաշակով ծառեր չեն տնկվում, կա մասնագիտական հիմնարկ՝ 1000 հոգուց բաղկացած, այդ մասնագետներն էլ ընտրում են ծառատեսակները:
«Այսօր ստացել ենք մի պատկեր, որ ով իր այգում մի ծիրանի ծառ ունի, իրեն համարում է կանաչապատման մասնագետ, բայց, քաղաքային կանաչապատումը բավականին լուրջ գիտություն է, եւ ամեն ինչ արվում է գիտնականների ցուցումներով»,- հավելեց Արմեն Բեգոյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































