Դեկտեմբերի 22-ին ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդունել է Բուլղարիայի Հայ առաքելական եկեղեցու հոգևոր սպասավոր Տեր Արմեն քահանա Մելքոնյանին։
Հանդիպման ընթացքում Տեր Արմեն քահանան շնորհակալություն է հայտնել Գլխավոր հանձնակատարին Բուլղարիա կատարած այցի և տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ ունեցած արդյունավետ հանդիպումների համար։ Նա ընդգծել է, որ այցը մեծ կարևորություն է ունեցել համայնքի համար՝ հատկապես տեղի հայ բնակչությանը հուզող մի շարք հարցերի բարձրաձայնման և քննարկման տեսանկյունից։
Զարեհ Սինանյանն ու Տեր Արմեն քահանան քննարկել են համայնքային կյանքի զարգացման հնարավոր ուղիները, երիտասարդների ներգրավումը մշակութային և կրթական ծրագրերում, ինչպես նաև համայնքի համախմբմանն ուղղված համատեղ նախաձեռնություններն ու համագործակցության հեռանկարները։
Հանդիպման ավարտին զրուցակիցները վերահաստատել են Հայ առաքելական եկեղեցու առանցքային դերը հայ ժողովրդի կյանքում, մասնավորապես՝ Սփյուռքում՝ որպես ազգային ինքնության, հոգևոր արժեքների և հայապահպանության կարևոր հիմնասյուն։
Կարդացեք նաև
Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ
Հ.Գ.
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը մարտի 17-ին հայտնել էր, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ. Արմեն քահանա Մելքոնյանը:
«Տնօրինության համար հիմք է ծառայել Արևմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի, Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի միջնորդագրերը, ինչպես նաև Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախմբի եզրակացությունը Արմեն քահանայի կարգազանց ընթացքի ու հակականոնական գործողությունների վերաբերյալ։
Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Սարգիս Մելքոնյան ավազանի անունով»։


















































