Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ պետական կառույցները շանտաժիստի ձեռքում են

Դեկտեմբեր 23,2025 10:00

Վերջին ամիսներին իմ հիմնական մտահոգությունը ոչ այնքան Եզրաս սրբազանն է, ոչ էլ Վեհափառ հայրապետը (ամենայն հարգանքով, իհարկե)։ Իմ գլխավոր մտահոգությունն անգամ Հայ առաքելական եկեղեցին չէ. չեմ կասկածում, որ թշնամիների և նրանց միացած հերձվածողների հարվածներին մեր եկեղեցին կդիմանա՝ ավելի ուժգին հարվածների է դիմացել։ Մի քանի միլիոն հայերի միավորող 1700-ամյա կառույցը չի կարող սասանվել մի քանի հարյուր արկածախնդիրների դավադրության պատճառով։

Շատ ավելի վտանգավոր է, որ 34 տարվա պետությունն է հարվածի տակ, և այդ կառույցը, ցավոք, շատ ավելի փխրուն է, քան եկեղեցին։ Պետական լծակները հայտնվել են պրոֆեսիոնալ շանտաժիստի ձեռքում, որն իր քաղաքական գործունեությունը բռնաճնշումներից և «կոմպրոմատներից» բացի այլ ձևով չի պատկերացնում։ Նրա ինտելեկտը, գիտելիքների պաշարը, երևակայությունը դրանից այն կողմ չի գնում։

Եվ ահա այդ մարդու ձեռքում հայտնվել է ԱԱԾ-ն՝ մեր պետության կարևորագույն ինստիտուտներից մեկը, որի նկատմամբ ես որոշակի ակնածանք ունեի։ Ունեի՝ մինչև այս վերջին իրադարձությունները, մինչև որ Փաշինյանը սկսեց ԱԱԾ-ն օգտագործել «գործ կարելու», չպատճառաբանված բռնություններ կիրառելու, քաղաքական ընդդիմախոսներին գաղտնալսելու և կոմպրոմատների արտահոսքի համար։

Բայց ներկայիս ԱԱԾ-ին ազգային անվտանգությունը բացարձակապես չի հուզում, և ոչ մի նորմալ քաղաքացի չի էլ ցանկանա նրանց հետ շփման մեջ մտնել, որովհետև պարզ չէ, թե ում դեմ ինչ ձևով են նրանք գործ կարելու։

Սա մեկ պետական կառույցի քայքայման, սեփական ճղճիմ շահերին ծառայեցնելու օրինակ է։ Բայց նույնը Փաշինյանն անում է մնացած կառույցների հետ։ Եվ սա այն դեպքում, երբ մեր պետությանը իսկապես լուրջ վտանգներ են սպառնում։ Նրանց կողմից, ովքեր զավթել են մեր ինքնիշխան տարածքը, ովքեր հայաթափել են Արցախը, ովքեր գերության մեջ են պահում մեր հայրենակիցներին։ Այդ գոյաբանական խնդիրները թողած (և ոչ միայն թողած, այլև հայտարարելով, որ դրանք գոյություն չունեն), իշխանությունները զբաղված են իրենց փտած աթոռները պահելով։

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031