Ոչ միայն տողերիս հեղինակը, այլև շատ ու շատ հայրենակիցներ թեթևակի զարմանքով և ոչ առանց ուրախության նոտայի նկատեցին, որ վերջին կիրակին մեր երկրում բավականին հանդարտ բարոյահոգեբանական միջավայրում անցավ: Իսկապես, ոչ մի նյարդային հանրային միջադեպ, ոչ մի հիստերիկա, ոչ մի լարում ու վայրիվերո հայհոյախոսություն: Մի բան, որ կտրուկ հակասության մեջ է Փաշինյանի իշխանավարման շրջանում իշխանությունից շարունակաբար արտանետվող ատելության, թշնամանքի, ներհասարակական բաժանումների ու սադրանքների ամբողջության հետ:
Կիրակնօրյա եզակի ու հարաբերական հանդարտությունը ուներ շատ պարզ բացատրություն. Նիկոլ Փաշինյանը Հայաստանում չէր:
Հայտնի է, որ Փաշինյանը մեկնել էր Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու ԵԱՏՄ խորհրդի նիստին, հանդիպելու իր և իր կուսակիցների համար ատելի ԵԱՏՄ-ականների հետ: Եվ մինչ Փաշինյանը քաղցր-մեղցր ժպտում էր իր և իր բազմաթիվ կարկառունների կողմից թշնամի և չուզող հռչակված Ռուսաստանի ղեկավարի ու մյուսների հետ, նրա քպականները, խոսակցականով ասած՝ «հով լռված» էին Ֆեյսբուքի պատատակերին: Առավելագույնը՝ ինչ-ինչ վարկաբեկիչ ու զազրախոսական «նյութեր» էին շրջանառում:
Ինչ էլ հիմա ասվի, փաստն այն է, որ այս կիրակի ոչ մի քպական «շրջիկ հավատացյալների» խումբ չնկատվեց Հայ առաքելական եկեղեցու որևէ վանքում: Բոլոր եկեղեցիներում կիրակնօրյա պատարագները կատարվեցին ըստ կարգի, հնչեց Ամենայն հայոց կաթողիկոսի անունը, հիշատակվեցին նաև հանիրավի կալանավորված սրբազանները, ու դրանով պայմանավորված՝ ոչ մի «քաղաքացիական հագնված» կարմիրբերետավոր գազազած չհարձակվեց որևէ հայ մարդու վրա, քաշքշելով դուրս չհանեց եկեղեցուց: Ոչ մի կարգալույծ կամ տիրադավ «քահանա» գլուխն իր «բնից» դուրս չհանեց:
Կարդացեք նաև
Ու հենց նաև այս հանգամանքը ակնառու ապացույցն է այն բանի, որ ՔՊ-ն ոչ թե սոսկ «մեկ անձի կուսակցություն» է, այլև մեկ անձի անընկալելի քմահաճույքներն ու չարառիթ հրահանգները անխոս կատարող «կուսակցություն»: Կամ էլ՝ պետք է ընդունել, որ մնացած բոլոր քպականները Հայ առաքելական եկեղեցու թշնամի են դիրքավորվում բացառապես Նիկոլ Փաշինյանի ֆիզիկական ներկայության պայմաններում: Չկա (բացակա է) Նիկոլ Փաշինյանը, չկա ատելություն ու ներքին թշնամանք ամենայն ազգայինի նկատմամբ:
Լավ, բա եթե ՔՊ-ն «մեկ անձի կուսակցություն» չէ, հապա ինչո՞ւ ոչ մի տեղ խմբովի պատարագի չգնացիք, երբ Փաշինյանը Հայաստանում չէր: Բա գնայիք, մի կեղծ «պատարագ» անեիք, մանավանդ՝ քպական դարձած «միկրոավտոբուսի» եպիսկոպոսներով:
Բա, իբր հավատացյա՜լ եք, եկեղեցու նվիրյա՜լ…
Ու գիտե՞ք, դա ևս ապացուցում է այն, որ նախորդ դեպքերի վերաբերյալ միանգամայն ճշգրիտ էին տրվող բնորոշումները, որ դրանք ընդամենը քաղաքական հանրահավաքներ կամ կուսակցական միջոցառումներ էին՝ կազմակերպված ՀԱԵ եկեղեցիների տարածքում՝ այդ եկեղեցիներից մի քանիսն, ի դեպ, ապօրինի զավթելով:
Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում


















































