Լրահոս
Օրվա լրահոսը

Կլինի՞ Հայաստանը արտաքին նախագծերի միջով անցնող տարածք, թե՞ կունենա սեփական, վերահսկելի և բազմուղի հաղորդակցական համակարգ. Դավիթ Անանյան

Դեկտեմբեր 23,2025 11:27

«Դի Էս Էյ խորհրդատվական խումբ» ընկերության գլխավոր տնօրեն, ՊԵԿ նախկին նախագահ, «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության անդամ Դավիթ Անանյանի ֆեյսբուքյան գրառումը

ՀԵՆԱՍՅՈՒՆ 2 Տրանսպորտային հանգույցները պարզապես ճանապարհներ չեն, դրանք պետության ինքնիշխանության ազդարարներն են

Հայաստանը գտնվում է տարածաշրջանային հաղորդակցությունների խաչմերուկում, բայց իրականում ապրում է տրանսպորտային մեկուսացման պայմաններում։ Մեր արտաքին առևտրի ավելի քան 80%-ը կախված է մեկ հիմնական ուղուց։ Սա տնտեսական անհարմարություն չէ միայն, այլ՝ անվտանգային և քաղաքական խոցելիություն։

Հարցը պարզ է․ կլինի՞ Հայաստանը արտաքին նախագծերի միջով անցնող տարածք, թե՞ կունենա սեփական, վերահսկելի և բազմուղի հաղորդակցական համակարգ։

«Միասնության թևեր»-ի մոտեցումը հիմնված է ոչ թե մեկ ճանապարհի, այլ մի ամբողջական համակարգի վրա։

«ՀյուսիսՀարավ»՝ առանցքային ողնաշար

«Հյուսիս–Հարավ» ավտոմայրուղին Հայաստանի հաղորդակցական ողնաշարն է։ Այն միացնում է Իրանին, Վրաստանին և Սև ծովին քաղաքականորեն հավասարակշռված, տնտեսական առումով մրցունակ և անվտանգային տեսանկյունից վերահսկելի ուղիով։

Սա պարզապես ճանապարհ չէ, սա լոգիստիկ հանգույցներ են, վերամշակող և արդյունաբերական գոտիներ, ինչպես նաև զարգացման նոր կենտրոններ՝ Սյունիքում, Արարատյան դաշտում, Լոռիում, Շիրակում։

Այս նախագծի ուշացումը նշանակում է մնալ կախված մեկ երթուղուց և դուրս մնալ տարածաշրջանային իրական հոսքերից։

Երկաթուղին՝ ռազմավարական ռեզերվ, ոչ թե մոռացված նախագիծ

«Հյուսիս–Հարավ» երկաթգիծը թանկ է և բարդ։ Այո։ Բայց ռազմավարական ենթակառուցվածքները միշտ էլ այդպիսին են։ Այսօր, երբ տարածաշրջանում փոխվում են բեռնահոսքերի ուղղությունները և ձևավորվում են նոր տնտեսական առանցքներ, երկաթուղին այլևս տեսական գաղափար չէ, այլ երկարաժամկետ ռազմավարական ռեզերվ, որը պետք է պահպանել, զարգացնել և ճիշտ պահին գործարկել։

«ԱրևելքԱրևմուտք»՝ առանց միջանցքային կախվածության

Հայաստանի հաղորդակցական ապագան չի կարող կառուցվել արտատարածքային, միջանցքային և ինքնիշխանությունը սահմանափակող տրամաբանությամբ։

«Արևելք–Արևմուտք» հայեցակարգը ենթադրում է կապեր, որոնք

  • ամբողջությամբ գտնվում են ՀՀ վերահսկողության ներքո,
  • կապում են Սև և Կասպից ծովերը, Պարսից ծոցն ու Միջերկրականը,
  • աշխատում են Հայաստանի ներսում ստեղծվող արժեքի համար։

Երբ այս ուղղությունները դիտվում են միասին, ձևավորվում է բազմուղի, ինքնիշխան և վերահսկելի հաղորդակցական ցանց։ Հայաստանը դառնում է ոչ թե անցնող ճանապարհ, այլ կապ ստեղծող պետություն։

«Միասնության թևեր»-ի տնտեսական քաղաքականության երկրորդ ՀԵՆԱՍՅՈՒՆԸ սա է. տրանսպորտը պետք է ծառայի ոչ թե ուրիշների նախագծերին, այլ Հայաստանի տնտեսությանը, անվտանգությանը և զարգացմանը։

Շարունակությունը՝ առաջիկա հրապարակումներում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031