Լրահոս
Օրվա լրահոսը

Այն, ինչի ականատեսը եղանք մենք՝ իսկապես սխրանք էր, բացառիկ իրադարձություն Երևանի մշակութային կյանքում

Դեկտեմբեր 23,2025 12:50

Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ «Սասունցի Դավիթ» բալետ-օրատորիայի պրեմիերան:

Aravot.am-ի խնդրանքով, մինչ պրեմիերան ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Ասատրյանը ներկայացրել էր առաջին անգամ հայաստանյան մշակութային կյանքում իրականացվող բալետ-օրատորիայի ժանրն ընդհանրապես, մասնավորապես «Սասունցի Դավիթը»: Մենք էլ փաստենք, որ աշխարհում առաջին անգամ բալետ-օրատորիա ներկայացվել է 1928թ. Փարիզի Սառա Բեռնարի թատրոնում, ազգությամբ ռուս, ծնունդով Ամերիկայից Նիկոլա Նաբոկովի «Ձոնը»:

«Սասունցի Դավիթ»-ի պրեմիերայից հետո կրկին դիմեցինք Աննա Ասատրյանին:

-Այս անգամ արդեն, խնդրում ենք կիսվել ձեր տպավորություններով՝ արդարացա՞ն ձեր ակնկալիքները:

– Այն, ինչ տեղի ունեցավ մեկ բառով կարող եմ բնորոշել՝ Հրաշք: Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի նախաձեռնությամբ իրականացված աննախադեպ ու բացառիկ մեգանախագծի արդյունքը՝ «Սասունցի Դավիթ» բալետ-օրատորիայի պրեմիերան, կատարյալ էր ու անթերի:

Տպավորությունը՝ ցնցող էր, ուրախությունս՝ անսահման:

Իմիջիայլոց, յուրաքանչյուր պրեմիերայից հետո՝ լինի երաժշտական թե թատերական-դրամատիկ ներկայացում կամ համերգային կատարում՝ ինքս ինձ ակամա հարց եմ տալիս՝ հետագայում ևս մեկ կամ մի քանի անգամ լսելու ցանկություն առաջացա՞վ: Սա այն դեպքերից էր, որ պատասխանը միանշանակ է՝ այո: Մեր Օպերային թատրոնում կայացավ առհասարակ բալետ-օրատորիայի՝ որպես ժանրի, դեբյուտը: Հիշեցնեմ, որ էպոսի հիման վրա Էդգար Հովհաննիսյանը գրել էր «Սասունցի Դավիթ» օպերա-բալետը՝ դարձյալ մասշտաբային երաժշտաթատերական ստեղծագործություն, որի պրեմիերան տեղի ունեցավ 1976թ. ամռանը, իսկ աշնանը՝ Մոսկվայում՝ Կրեմլի պալատում:

–Բալետ-օրատորիա ժանրի դեբյուտն ընդհանրապես, և «Սասունցի Դավիթ» այս բեմադրությունը փաստենք, որ ընդունեց ունկնդիրը, այն էլ մեծ ջերմությամբ՝ բուռն ծափողջույններով, բրավոներով: Ի՞նչ եք կարծում, ո՞րն էր հաջողության գաղտնիքը:

– Բարձր պրոֆեսիոնալիզմը և բարեխիղճ աշխատանքը: Այս մեգանախագիծն իր շուրջն էր համախմբել շուրջ 600 անհատի: Եվ նրանցից յուրաքանչյուրի և բոլորի՝ ամիսներ տևած քրտնաջան աշխատանքի արդյունքն էլ մենք ականատեսը եղանք:

Փորձեմ անդրադառնալ բալետ-օրատորիայի բաղադրիչներից յուրաքանչյուրին, որոնց օրգանական միասնությունն էլ ապահովեց ստեղծագործության հաջողությունը: Ստեղծագործական խումբն իր առջև նպատակ էր դրել հայոց էպոսի բովանդակությունը բացահայտել արվեստների սինթեզի միջոցով՝ երաժշտության, պարի և գրական սկզբնաղբյուրի։ Ի դեպ, այդ տեսակից շատ դիպուկ էր ժանրի ընտրությունը՝ բալետ-օրատորիա, որը համադրվում է բալետի և օրատորիայի տարրերը, որտեղ խորեոգրաֆիան սերտորեն միահյուսվում է վոկալ կատարումների հետ (մեներգիչներ, երգչախումբ)՝ պատմելով դրամատիկ կամ հերոսական-էպիկական սյուժեն։ Հիմնվելով գրական ստեղծագործության՝ տվյալ դեպքում հայոց էպոսի վրա, երգչախմբային ու նվագախմբային բաղադրիչների միջոցով ստեղծվում է լայնամասշտաբ երաժշտաթատերական ամբողջություն։ Սա ոչ ամբողջապես օպերա է (որտեղ ամեն ինչ երգվում է) և ոչ էլ մաքուր օրատորիա (համերգային երգեցողություն), այլ սինթեզ, որտեղ պարը և երգը հավասարապես զարգացնում են գործողությունը։ Ի տարբերություն դասական օրատորիայի, այն նախատեսված է բեմական մարմնավորման համար՝ որպես բալետային ներկայացում։

Հիշեցնեմ, որ «Սասունցի Դավիթ» բալետ-օրատորիայի լիբրետոյի համար հիմք էր ծառայել հայկական էպոսի՝ էպոսագետ Հայկ Համբարձումյանի գրական մշակումը, որտեղ 90 րոպեների ընթացքում ներկայացվեց էպոսի ողջ բովանդակությունը՝ բոլոր չորս ճյուղերը՝ իրենց կարևոր դրվագներով հանդերձ: Շատ կարևոր էր երաժշտությունը, որն ինձ իսկապես ապշեցրեց: «Հող Արթունը» գերազանցեց իմ բոլոր սպասելիքները: Մեր հնամենի, բայց միշտ արդիական էպոսն այս անգամ «պատմվեց» ժամանակակից հնչողությամբ:

-Երաժշտական գրականությունից հայտնի է, որ մեր էպոսն ունեցել է նաև երգվող հատվածներ:

-Այո, էպոսը ունեցել է երգվող հատվածներ, և «Սասնա ծռեր» էպոսի երգերը՝ թվով 17 երգ, գրառել է Կոմիտասը: Գրառված պահպանվել է 41 երգ, որոնք հիմնականում ներկայացնում են էպոսի երրորդ՝ Սասունցի Դավթին նվիրված ճյուղը: Սակայն հեղինակները բալետ-օրատորիայում այդ երգերը չեն օգտագործել՝ ստեղծվել է միանգամայն նոր երաժշտություն:

Մի բան էլ՝ ի տարբերություն բալետ-օրատորիայի ժանրի դասական ընկալման, որտեղ ենթադրվում է սիմֆոնիկ երաժշտություն, մեներգեր (արիաներ, ռեչիտատիվներ) և հզոր երգչախմբային հատվածներ, այստեղ սիմֆոնիկ երաժշտությանը փոխարինել էր էլեկտրոնային երաժշտությունը, իսկ սիմֆոնիկ նվագախմբին՝ անհատ կատարողները՝ Հողը, Արթուր Ալեքը, Ժաննա Դավթյանը (վոկալ), Արտյոմ Մանուկյանը (թավջութակ), Հարություն Չքոլյանը (փողային նվագարաններ) և Գրիգոր Դավթյանը (հարվածային գործիքներ), ովքեր գերազանց լուծեցին իրենց առջև դրված խնդիրը: «Սասունցի Դավթի» երաժշտությունը, մի կողմից՝ ստեղծում էր արխաիկ հնչողության էֆեկտ, մյուս կողմից՝ առանց ֆոլկլորային սկզբնաղբյուրների կիրառման՝ ուներ վառ հայկական ազգային կոլորիտ՝ շնորհիվ հայ ժողովրդական երաժշտության ինտոնացիոն առանձնահատկությունների և հայ ժողովրդական երաժշտական գործիքների տեմբրերի վարպետ օգտագործման: Կիրառված էր լայթթեմաների ծավալուն համակարգ, հերոսներն օժտված էին իրենց սեփական երաժշտական լեզվով, իսկ տարածության վրա ստեղծվող թեմատիկ կամուրջները՝ հատկապես «Զողորմիները», առավել կուռ դարձրեցին ստեղծագործության դրամատուրգիական կառուցվածքը:

Հիմա խոսեմ խորեոգրաֆիայի մասին՝ այն շատ կարևոր դեր կատարեց, քանի որ պարի (բալետի) ու երգի համադրությունը հնարավորություն տվեց առավելագույնս բացահայտել հերոսների ներաշխարհն ու ապրումները, ինչպես նաև տեղի ունեցող իրադարձությունների մասշտաբայնությունը։ Հատկապես ընդգծեմ բալետմայստեր Մարիամ Ասլանյանի պրոֆեսիոնալ բարձրակարգ աշխատանքը և Օպերային թատրոնի բալետային թատերախմբի արտիստների խանդավառ ելույթը: Արտիստները վիրտուոզ կերպով բացահայտեցին էպոսի բովանդակությունը նաև մարմնի լեզվով՝ լրացնելով երաժշտության ու տեքստի առաջ բերած տպավորությունը: Պարն ու երգը դարձան օրգանական ամբողջի անբաժանելի մասեր:

Տպավորիչ էր Արթուր Դուրգարյանի իրականացրած բեմանկարչությունը, որը ստեղծեց Սասնա երկրի վեհաշուք կերպարը:

Ներկայացման հայտնությունն, իհարկե, մանկապատանեկան հավաքական երգչախումբն էր, որը խմբավար Նարինե Ոսկանյանի ղեկավարությամբ ուղղակի ապշեցրեց ինձ: Երեխաները մեկուկես ժամ բեմում, առանց նոտաների՝ անգիր կատարեցին երգեցողության համար բավական բարդ (հատկապես ռիթմական տեսակետից) պարտիաները: Երգչախումբը փառահեղ էր: Այս բալիկներն Օպերային թատրոնի վաղվա արտիստներն են ու հանդիսատեսը: Նրանցից շատերն իրենց կյանքում առաջին անգամ կանգնեցին Օպերային թատրոնի հեղինակավոր բեմում և առաջին անգամ հանդես եկան որպես արտիստ: Եվ այն տպավորությունը, երբ դահլիճը հոտնկայս բուռն ծափահարում էր իրենց՝ երբեք չի ջնջվի նրանց հիշողությունից:

Ինձ մնում է շնորհավորել բոլորիս՝ այս մոնումենտալ իրադարձության կապակցությամբ և շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, որոնց նախաձեռնությամբ ու ակտիվ ջանքերով իրականություն դարձավ այս հրաշքը, որի անունն է «Սասունցի Դավիթ» բալետ-օրատորիա: Առանձնացնեմ Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Գոշ Սարգսյանին, որն այս ամիսների ընթացքում անձամբ զբաղվեց մեգանախագծի իրականացմամբ, որի հաջողության առյուծի բաժինը պատկանում է հենց իրեն:

Շնորհակալությունս ստեղծագործական խմբի բոլոր անդամներին՝ ինչպես ներկայացման մասնակիցներին, այնպես էլ Երևանի երաժշտական ու արվեստի դպրոցների տնօրեններին ու ուսուցիչներին, այս հրաշալի բալիկների ծնողներին, բոլորին, ովքեր երեկ բեմում չէին, սակայն պրեմիերայի տրիումֆը կերտել էին նաև իրենք: Կարող եմ շարունակ կրկնել ու կրկնվել՝ այն, ինչի ականատեսը եղանք մենք՝ իսկապես սխրանք էր, բացառիկ իրադարձություն Երևանի մշակութային կյանքում:

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարներում՝ «Սասունցի Դավիթ» բալետ-օրատորիայի պրեմիերայից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031