«Երեկ իմ գործընկեր Գեղամ Մանուկյանի հետ հերթական անգամ այցելել ենք Միքայել Սրբազանին: Օգտվելով առիթից՝ ուզում եմ առողջություն մաղթել, աղոթենք Միքայել Սրբազանի համար, որովհետեւ բժշկական հետազոտություններն անցնելուց հետո պետք է վիրահատության ենթարկվի: Պատվելի սրբազանն այցերի շրջանակում ամեն անգամ հարցնում է մեր հայրենակիցների որպիսությունից, ասում է, որ իր աղոթքներն է ուղղում առ Աստված, որ մեր ժողովրդին խաղաղություն, բարգավաճում եւ բարեկեցություն բերի, եւ այս խառնակ ժամանակներում մեր ժողովուրդը պատվով հաղթահարի բոլոր փորձությունները» ,-«Հայելի» ակումբում նշեց ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:
«Գիտեք, որ շատ դժվարությամբ հաջողվեց Միքայել Սրբազանի՝ բժշկական կենտրոն տեղափոխությունը: Ամիսներ շարունակ խոչընդոտվում էր իր՝ բուժվելու իրավունքը, եւ մենք ամեն ջանք գործադրեցինք, որպեսզի Միքայել Սրբազանի վիրահատությունը տեղի ունենա: Նաեւ շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն մարդկանց, որոնք մտահոգվում են Միքայել Սրբազանի առողջական վիճակով, խոսում իր մասին իրենց գրառումներով, իրենց տեսակետներն արտահայտելով, իրենց աղոթքներով: Շատ կարեւոր է միմյանց նկատմամբ ապրումակցումը, կարեկցանքը, մտահոգությունը եւ ամենակարեւորը՝ այդ խնդիրների, հարցերի բարձրաձայնումն անչափ կարեւոր նշանակություն ունի անազատության մեջ գտնվող մեր բոլոր հայրենակիցների համար՝ թե ազգային բարերար Սամվել Կարապետյանի, թե սրբազանների, թե բոլոր այն տղաների, որոնք հիմա անազատության մեջ են: Բոլորի զորակցությունը կարեւոր է, առողջություն եմ մաղթում նաեւ Բագրատ Սրբազանին, որը նույնպես ունի առողջական խնդիրներ»,-հավելեց պատգամավորը:
Ապա մանրամասնեց, թե ինչ է տեղի ունեցել Իզմիրլյան բժշկական կենտրոնում, որտեղ պետք է վիրահատվի Միքայել Սրբազանը. «Բժշկական կենտրոնում կա հոգեւոր տեսուչ, որն ամեն կիրակի պատարագ է մատուցում: Պատկերացնո՞ւմ եք Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու արքեպիսկոպոսին հնարավորություն չի տրվում, որպեսզի կամ այցելեն իր սենյակ, ինքը մասնակցի պատարագին…Հավատացյալ մարդու, հատկապես արքեպիսկոպոսի համար անչափ կարեւոր են կիրակնօրյա աղոթքը, պատարագը, սակայն, որեւէ մի կերպ հնարավորություն չի եղել, որպեսզի կազմակերպեն այդ ամենը:
Բուժհաստատության հոգեւոր տեսուչը հնարավորություն ունի այցելելու հիվանդանոցում գտնվող յուրաքանչյուրին եւ աղոթելու այդ մարդու առողջության համար, նաեւ պատարագ մատուցելու: Միքայել սրբազանին, սակայն, արգելել են, նման հնարավորություն չեն տվել: Իշխանությունների կեղտոտ, մերկանտիլ, քինախնդիր պահվածքը եւս մեկ անգամ խոսում է իրենց ճղճիմության , ստորության աստիճանի մասին: Պատկերացնո՞ւմ եք, եկեղեցու բարենորոգողներ կոչվածները մարդուն զրկում են կիրակնօրյա աղոթքից, ինչը կրոնական ազատությունների, մարդու իրավունքների կոպիտ ոտնահարում է: Սրբազանն անգամ ասել է, որ եթե այստեղ չեք ուզում կազմակերպեք, գոնե մի քանի ժամով ինձ տեղափոխեք Կենտրոն ՔԿՀ, ես կիրակնօրյա պատարագին մասնակցելու հնարավորություն ունենամ: Դուք չեք հասկանա այս ամենը, որովհետեւ հավատքի հետ կապ չունեք, ձերը շրջիկ խումբն է, որը կապ չունի Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու հետեւորդ լինելու հետ: Մենք տեսել ենք, որ երբ ազգակործանը Հայաստանում չի, ձեր շրջիկ խումբը ինքնալուծարվում է…»:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ



















































