«Եթե մենք չզարգացնենք տնտեսությունը՝ կմնանք տարածաշրջանի ամենաթույլ երկիրը։ Մեզ պետք է ուժեղ ղեկավար։ Ուժեղը գոռացողը չի, ուժեղը աղմկողը չի, մարդկանց վիրավորողը չի։ Ուժեղն այն մարդն է, ում իշխանության օրոք ոչ մեկ ոտք չի դնում քո տարածք։ Ուժեղ ղեկավարի օրոք խաղաղությունը երաշխավորված է։ Թույլ ղեկավարը բերում է պատերազմներ․ մենք յոթ տարում տեսել ենք երեք պատերազմ»,- «Մեր ձեւով» շարժման համաժողովի իր ելույթում հայտարարեց շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։
Նա հեգնեց ՀՀ գործող իշխանություններին․ «Հայաստանի ղեկավարը դրսում խելոք է․ ով դրսից ինչ ասում է, ինքն այստեղ անում է։ Իսկ ներսում ձեւացնում է, թե ուժեղ է եւ բանտարկում է իր ընդդիմախոսներին։ Ուժեղ ղեկավարը նա է, ով դրսում ուժեղ է, դրսում քեզ պաշտպանում է, իսկ ներսում մեծահոգի է իր ընդդիմության հետ։ Այդպիսի ղեկավար է մեզ պետք, որ ներսում լինի քահանա, դրսում… դե գիտեք ինչ»։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նարեկ Կարապետյանը նաեւ Հայաստանի տնտեսական իրողություններից խոսեց՝ զուգահեռներ տանելով հարեւան Վրաստանի հետ։ Ըստ այդմ, հարեւան Վրաստանն ու Հայաստանը 2018-ին ունեին աղքատության նույն մակարդակը․ յոթ տարվա ընթացքում Վրաստանի կառավարությունը երկու անգամ քչացրել է աղքատների քանակը, իսկ ՀՀ իշխանություններն իրենց գործունեության յոթ տարիների ընթացքում՝ արտաքին պարտքի կրկնապատկման պարագայում, Հայաստանում աղքատությունը 2 տոկոսի չափ էլ չի նվազել։
«Այստեղ հիմնական գաղտնիքը կառավարողներն են։ Երբ մենք ասում ենք, ձեր քաղաքականության մեջ չկա տնտեսական հենք, դուք տնտեսությունից չեք հասկանում, նրանք զարմանում են, բերում են 100 փաստարկ, բայց դրանց մեջ չկա տնտեսագիտական հիմնավորում, քանի որ էդ մարդիկ չեն հասկանում, չունեն այդ փորձը։ Նրանք չեն կարող լուծել մեր մարտահրավերները։ Մեր մարտահրավերը տնտեսական է»,-կարծում է Նարեկ Կարապետյանը՝ հավելելով, որ եթե զարգացած է տնտեսությունը, ապա ուժեղ կլինեն բանակը, դիվանագիտությունը։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































